HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արտակ Զեյնալյան. «Եթե գերեվարված անձանց հետ մի բան պատահի, չափազանց խիստ խախտում է»

Երեկ երեկոյան ՄԻԵԴ-ը բավարարել է հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել գերեվարված զինծառայողներ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ ՄԻԵԴ-ը պահանջել է Ադրբեջանից մինչև հոկտեմբերի 22-ը Դատարանին ներկայացնել գերեվարված զինծառայողների որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ։

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Սիրանուշ Սահակյանը գերեվարված երկու զինծառայողների՝ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի անունից հրատապ միջոց կիրառելու մասին օրեր առաջ դիմում էին ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Դատարանը Ադրբեջանի կառավարությունից տեղեկատվություն պահանջելու մասին որոշում էր կայացրել՝ վերջնաժամկետ սահմանելով այս տարվա հոկտեմբերի 22-ը։

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ բացահայտված դրվագները՝ իրավապաշտպանները կրկին դիմում են ներկայացրել Եվրոպական դատարանին՝ ներկայացնելով Ադրբեջանի զինված ուժերի ներգրավվածությամբ ռազմագերիների նկատմամբ պատերազմական հանցագործություններ կատարելու վերաբերյալ ապացույցներ։ Հենց այդ ապացույցների հիման վրա էլ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել գերեվարված զինծառայողների կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները ենթակա են կատարման անվերապահորեն, որովհետև պետությունը, երբ անդամակցել է Եվրոպայի խորհրդին, ստանձնել է  պարտականություն՝ կատարելու Եվրոպական դատարանի վճիռները: Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը Ադրբեջանի Հանրապետության ներպետական իրավական ակտ է, և այլևս այն կատարելը ոչ թե պարտավորություն է, այլ պարտականություն, պետք է անվերապահորեն կատարի:

Արտակ Զեյնալյանի խոսքերով՝ եթե Եվրոպական դատարանի որոշումը պետությունը չի կատարում, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան և իրավական ակտերն ունեն մեխանիզմներ դրանք պարտադրելու: Այժմ մի փոքր կոշտացել են այդ մեխանիզմները՝ նոր որոշումների, նոր հատուցման չափերի ձևով:

«Աստված մի արասցե, եթե գերեվարված անձանց հետ մի բան պատահի, դա չափազանց խիստ խախտում է: Դա դիտավորյալ, գիտակցված խախտում է, իր պարտականությունները դիտավորյալ չկատարել է նշանակում: Եվրոպայի խորհրդի անդամ պետություններն իրենք պարտականություն ունեն կատարել Եվրոպական դատարանի կայացրած որոշումները»,-ասաց Արտակ Զեյնալյանը:

Հարցին, թե տեղեկություն ունեն, արդյոք միջազգային «Կարմիր խաչ»-ի գրասենյակի աշխատակիցներն այցելել են գերեվարված հայ զինծառայողներին, Արտակ Զեյնալյանն ասաց, թե տեղեկություններ ունեն, որ Ադրբեջանն այս պահին չի համագործակցում «Կարմիր խաչ»-ի հետ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter