
ԱԱԾ. Ադրբեջանը գաղտնի ռազմամթերք և վարձկան-ահաբեկիչներ է տեղափոխում
Վերջին օրերին ադրբեջանական կողմից, տվյալ երկրի ղեկավարի մակարդակով, լուրեր են շրջանառվում, որ տարբեր երկրների օդային տարածքներով դեպի Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական ինքնաթիռներով, մաքսանենգ ճանապարհով զինամթերք է տեղափոխվում, ինչպես նաև՝ մի շարք այլ ոչ հավաստի տեղեկություններ։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկությունները՝ նշելով, որ դրանց նպատակը Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, ինչպես նաև՝ գործընկեր ու բարեկամ երկրների հետ ձևավորված ջերմ հարաբերություններին հարված հասցնելն է:
Ըստ ԱԱԾ տրամադրության տակ գտնվող կոնկրետ տվյալների՝ ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք և վարձկան-ահաբեկիչներ տեղափոխելու գործով, որի մասին են վկայում Բաքվի օդանավակայանից ադրբեջանական «Սիլկ ուեյ» (Silk Way) բեռնափոխադրող ավիաընկերության «Բոինգ-747» և «ԻԼ-76» ինքնաթիռներով դեպի տարբեր երկրների ռազմական օդանավակայաններ և հետադարձ ուղղությամբ իրականացվող չվերթները. օրինակ՝ արձանագրվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Բաքվից դեպի Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան իրականացվող չվերթը, հոկտեմբերի 17-ին՝ Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան-Պակիստանի Լաշկառ գահի օդանավակայան-Բաքու չվերթը: Նույն երթուղին նախատեսված է նաև հոկտեմբերի 18-ին: Նախատեսված են նաև Բաքվից միջանկյալ օդանավակայանով Կանդագարի օդանավակայան ու հետադարձ չվերթները:
Ավելին, նմանատիպ չվերթներ են կատարվելու նաև հոկտեմբերի 19-ից հետո:
Ընդ որում, նշված չվերթների մի մասը միջազգային չվացուցակների համակարգում բացակայում են և որոշ օդանավակայաններ չունեն միջազգային դասակարգում:
Ակնհայտ խոսուն և իրադրության մասին հստակ պատկերացում տվող այս տվյալները փաստում են, որ թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքն այս գործողություններով փորձում է ընդլայնել ահաբեկիչներ և զինամթերք ներգրավելու աշխարհագրությունը, ինչպես նաև իր այդ չարամիտ գործելաոճը կոծկելու նպատակով սեփական հակաօրինական արարքները վերագրել հայկական կողմին՝ դրանով հանդերձ փորձ կատարելով նաև լարվածություններ ստեղծել միջազգային տարբեր հարաբերություններում:
ԱԱԾ-ն, պաշտոնապես դիմելով միջազգային իրավասու կառույցներին, հորդորում է չտրվել ադրբեջանական սադրանքներին և հիմք չընդունել տարածվող ապատեղեկատվությունը:
«Միաժամանակ կոչ ենք անում քննության առարկա դարձնել մեր կողմից տրամադրված հավաստի տեղեկությունները, բազմակողմանիորեն ստուգել դրանք և հետամուտ լինել պարզաբանելու հիշյալ չվերթներով ռազմական նշանակության բեռների և ուղևորների՝ Ադրբեջան տեղափոխելու իրական հանգամանքներն ու նպատակները»,-ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել