HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսը կարող է լսողության երկարատև կորստի պատճառ դառնալ

Կորոնավիրուսով վարակված 45-ամյա բրիտանացին ամբողջությամբ կորցրել է լսողությունը։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Ըստ բժիշկների՝ իրենց պրակտիկայում սա առաջին նմանատիպ դեպքն է։ Լսողության անսպասելի կորուստը երբեմն նկատվում է վիրուսային ինֆեկցիայի բարդություններից հետո, սակայն կորոնավիրուսի պարագայում այդպիսի դեպք մինչ օրս չէր գրանցվել բժշկական պրակտիկայում։ Ընդ որում, ԼՕՌ մասնագետները փաստում են, որ լսողության կորստից կարելի է խուսափել ժամանակին ստերոիդներ ընդունելով։

Կորոնավիրուսի ախտորոշմամբ ասթմայով հիվանդ պացիենտը տեղափոխվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկը և տեղավորվել վերակենդանացման բաժանմունքում, քանի որ շնչառության հետ կապված դժվարություններ է ունեցել։ Անալիզները հաստատել են ախտորոշումը, և հիվանդը միացվել է թոքերի արհեստական շնչառության ապարատին։ Նրան նշանակվել է մի քանի դեղ, ինչպես նաև իրականացվել արյան փոխներարկում, որից հետո պացիենտի առողջական վիճակը լավացել է և 30 օր անց նրան անջատել են թոքերի արհեստական շնչառության ապարատից։

Այդուհանդերձ, վերակենդանացման բաժանմունքից դուրս գրվելուց մեկ շաբաթ անց, պացիենտը ականջների մեջ զնգոց է լսել, իսկ ավելի ուշ, անսպասելիորեն, խլացել է նրա ձախ ականջը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ լսողության կորուստը հավանաբար տեղի է ունեցել նյարդի կամ միջին ականջի վնասման պարագայում, կամ էլ երկուսը միասին, և ոչ թե բորբոքման կամ ականջային անցքուղու խցանման պատճառով։

Այդպիսի վնասվածքների՝ որպես միակ հնարավոր պատճառ, բժիշկներն անվանում են Covid-19-ը։ Ստերոիդային հաբերի և սրսկումների բուժական կուրսից հետո լսողությունը մասամբ վերադարձել է, սակայն ամբողջությամբ այդպես էլ չի վերականգնվել։ Մասնագետները կարծում են, որ վիրուսը կարող է ներթափանցել թոքերի որոշակի տեսակի բջիջների մեջ՝ ի շնորհիվ դրանց մակերևույթին առկա ընկալիչների։ Արդյունքում, դրանք կարող են ախտահարել բջիջները։ Նույն ընկալիչները գտնվում են նաև այն բջիջների մակերևույթի վրա, որոնք պատում են միջին ականջը։

Դա է պատճառը, որ ներկայումս բժիշկներին խորհուրդ է տրվում հատուկ ուշադրություն դարձնել լսողության խնդիրներ ունեցող կորոնավիրուսով հիվանդներին և լսողության անսպասելի կորստի դեպքում, նրանց անմիջապես ուղարկել համապատասխան մասնագետների մոտ, որոնք կարող են ձեռնարկել միջոցներ, որպեսզի հնարավոր լինի խուսափել լսողության երկարաժամկետ կորստից։

Լուսանկարը՝ signia-hearing.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter