
Ադրբեջանցիները հարձակվել են Իսրայելում ավտոերթ իրականացնող հայերի վրա
«Հետք»-ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Իսրայելի հայ համայնքը ավտոերթ էր սկսել դեպի Երուսաղեմ։ Հայ համայնքը Երուսաղեմի Պաշտպանության նախարարության և Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով, որ Իսրայելն այլևս զենք չվաճառի Ադրբեջանին և ճանաչի Արցախի անկախությունը։
Երուսաղեմից վերադառնալիս ավտոերթի մասնակից երկու հայերի մեքենաներն առաջ էին ընկել, երբ նրանց ճանապարհը կտրել է ադրբեջանական մոտ 10 մեքենա, որոնք նախապես ճանապարհին սպասում էին հայերին, որից հետո ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա:
«Բարձրացան մեքենաների վրա, սկսեցին ջարդել Ադրբեջանի դրոշների պոչերով ու ոտքերով հարվածում էին մեքենաներին,մարդկանց մեքենաներից դուրս էին քաշում ու խփում։ Մոտավորապես 30 հոգի կլինեին»,- մեզ հետ զրույցում հայտնեց ցույցի մասնակից Էսթեր Մելքումովան։
Վերջինիս խոսքով՝ ադրբեջանցիները փախել են այն ժամանակ, երբ ավտոերթին մասնակցող մյուս հայերը մոտեցել են և եկել է ոստիկանությունը։
Ցույցի մասնակիցներից երկուսին տեղափոխել են հիվանդանոց։ Ձերբակալվել է 9 ադրբեջանցի։
Մեկնաբանել