HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի գերխոշոր հարկատուները 2020թ․ հունվար֊սեպտեմբերին. գրաֆիկ

Հայաստանի 1000 խոշոր հարկատուներն այս տարվա առաջին ինն ամիսներին (2020թ. հունվար-սեպտեմբեր) միասին պետական բյուջե են վճարել շուրջ 721.4 մլրդ դրամի հարկեր։ Ինչպես ցույց է տալիս Պետական եկամուտների կոմիտեի (ՀՀ ՊԵԿ) հրապարակած տվյալների վերլուծությունը, 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ խոշորների հարկերը կրճատվել են 5.6%-ով կամ 43.2 մլրդ դրամով։ 

Առաջին տասնյակը զբաղեցնող հարկատուների ցանկում հիմնականում կրկին այն ընկերություններն են, որոնք տարիներ շարունակ բարձր դիրքեր են զբաղեցրել այս ցանկում։  

Հանրապետության խոշորագույն հարկատուն այս անգամ ևս ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն է, որը 2020-ի առաջին ինն ամիսներին վճարել է 36.2 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ «Գրանդ տոբակո»-ի հարկերը 10.1%-ով նվազել են։ Նախորդ տարվա ցանկում նշված ընկերությունը երկրորդ հորիզոնականում է եղել՝ զիջելով միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին (ԶՊՄԿ)։

Իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերի ցանկում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն երրորդ խոշոր հարկատուն է՝ 31.3 մլրդ դրամի հարկերով։ ԶՊՄԿ-ի հարկերը տեսանելի նվազել են՝ 22.9%-ով։

Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է: Վճարել է 34.9 մլրդ դրամի հարկեր, որը 3.7%-ով գերազանցում է նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի ցուցանիշը։ 

Հանրապետության չորրորդ խոշորագույն հարկատուն ոսկու արդյունահանմամբ ու արտահանմամբ զբաղվող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն է՝ 16.3 մլրդ դրամի հարկերով։ Ընկերությունը 29.9%-ով ավելացրել է հարկերը։

Խոշորների հնգյակն այս անգամ եզրափակում է բենզինի առևտրով զբաղվող «ՍիփիԷսՕիլ» ՍՊԸ-ն։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին ընկերությունը 57.7%-ով ավելացրել է հարկերը՝ կազմելով 14.4  մլրդ դրամ։ 

Հաջորդում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ն՝ 12.7 մլրդ դրամի հարկերով, որը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 4.7%-ով։ Հիշեցնենք, որ ինչպես «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը, այնպես էլ «Գրանդ Տոբակո»-ն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ հոլդինգ»-ի կազմում են։

Յոթերորդ խոշորագույն հարկատուն բենզինի առևտրով զբաղվող «Ֆլեշ» ՍՊ ընկերությունն է, որն այս տարվա առաջին ինն ամիսներին պետական բյուջե է վճարել 11.9 մլրդ դրամի հարկեր։ Ընկերության հարկերն աճել են 11.2%-ով։

Մյուս խոշոր հարկատուն ծխախոտի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊ ընկերությունն է՝ 10.5 մլրդ դրամի հարկերով։ Այս ընկերությունը ևս ավելացրել է պետբյուջե ուղղվող գումարները՝ 8.4%-ով։

Հարկերի թիչքային աճ է գրանցել կապի խոշոր օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Վիվա-ՄՏՍ )։ Ընկերության հարկերը այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել են 10.3 մլրդ դրամ, որը 55.7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը։ Ինչպես արդեն առիթ ենք ունեցել գրելու, ըներության հարկերի այս տարվա տարվա թռիչքային աճը պայմանավորված է նախորդ տարվա հարկերի ցածր ցուցանիշով, որն էլ իր բացատրությունն ունի։ Նախկինում ընկերությունը գերավճար է ունեցել, և 2019 թվականին հաշվանցում է կատարվել։ Այսինքն՝ ըստ ընկերության՝ նախկինում պարտավորություններից ավել գումար է վճարվել պետական բյուջե, որի հաշվին էլ 2019-ի հարկային պարտավորությունները նվազեցվել են։ 

Եվ, վերջապես, հանրապետության տասներորդ խոշորագույն հարկատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է։ Վճարել է 9 մլրդ դրամի հարկեր, անկումը՝ 14.2%: 

Նշված տասը խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին ինն ամիսներին վճարել են 187.6 մլրդ դրամ։ Դա կազմում է 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի 26%-ը։

Առաջիկայում  խոշոր հարկատուներին կներկայացնենք նաև ըստ ոլորտների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter