HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ինչ ռիսկեր կառաջացնի մարտի դաշտից դիակների դուրս չբերելը

Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ զոհվածների մարմինների դուրս չբերելը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող կամ բնական պահոց հանդիսացող միջատների, վայրի կենդանիների սնվելու, բազմանալու բարենպաստ միջավայր։ Իսկ վարակիչ, այդ թվում՝ հատուկ վտանգավոր, հիվանդությունների հարուցիչները կարող են երկարատև կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը կստեղծի բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները։

Այսօր գիշեր 00:00-ից նախատեսված մարդասիրական զինադադարը կրկին չկայացավ։ Այս անգամ ևս սեպտեմբերի 27-ից հակամարտության գոտում թողնված դիակները հնարավոր չի լինում դուրս բերել։

Ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը։ Այն առաջացնում է անբարենպաստ սանիտարահիգիենիկ իրավիճակ և անհնարին դարձնում պատշաճ մաքրման և ախտահանման աշխատանքների իրականացումը։ Ըստ Առողջապահության նախարարության՝ սա նպաստավոր պայմաններ է ստեղծում աղիքային վարակիչ հիվանդությունների (խոլերա, հեպատիտ Ա, դիզենտերիա) առաջացման և տարածման համար:

Նախարարությունն ընդգծել է, որ շրջակա միջավայրի աղտոտումը, վարակիչ հիվանդություններ տարածող կրծողների բազմացումը լուրջ համաճարակային սպառնալիք է ոչ միայն անմիջական ռազմական գործողությունների շրջանների համար, այլև հակամարտող կողմերի հետ անմիջական հարևանությամբ գտնվող երկրների համար։ Մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ հաշվի առնելով երկրների միջև ոչ մեծ հեռավորությունը, աշխարհագրական ընդհանրությունը և առավել ռիսկային գոտի համարվող Արաքս գետի առկայությունը՝ վարակը ջրային ճանապարհով մերձարաքսյան բնակավայրեր տարածման առումով:

Այսօր կայացած ասուլիսին ևս Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադարձել էր հակամարտության գոտուց դիակները դուրս չբերելու խնդրին։ «Սահմանի որոշ հատվածներում ստեղծվել  է կրիտիկական համաճարակային իրավիճակ, որովհետև այսքան օրվա ընթացքում այնքան ադրբեջանական, թուրքական ահաբեկչների դիակներ կան, որ բնական է այլ գործընթաց է սկսվում։ Սանիտարական լուրջ խնդիր կա»,- նշել էր նա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռևս որևէ արձագանք և կոչ չի արել Հայաստանին և Ադրբեջանին՝ դիակների դուրսբերման գործընթացը անհապաղ կազմակերպելու վերաբերյալ։

ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակից փորձեցինք պարզել, թե դիակների դուրս չբերելու հետևանքով սանիտարահիգիենիկ ինչ խնդիրներ կառաջանան, սակայն գրասենյակից ասացին, որ հարցերին կարող են գրավոր պատասխանել․ գրություն ենք ուղարկել ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակ։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեռևս հոկտեմբերի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսին նամակ էր գրել։ Նախարարը ներկայացրել էր Արցախում քաղաքացիական բնակավայրերի, ենթակառուցվածքների ու դպրոցների թիրախավորման, բազմաթիվ զոհերի և ավերածությունների մասին: Արսեն Թորոսյանը ԱՀԿ ղեկավարին հայտնել էր, որ եթե ​​Ադրբեջանի կողմից այս զանգվածային ռազմական ագրեսիան շարունակի թիրախավորել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքները, ապա համաշխարհային հանրային առողջապահական հանրությունը չի կարողանա կորոնավիրուսի կործանարար հետևանքներից պաշտպանել բնակչության խոցելի խմբերին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի հաղորդակցության խորհրդատու Անժելա Կժդրյանը «Հետքին» փոխանցեց, որ իրենք առողջապահության նախարարի նամակը փոխանցել են տարածաշրջանային գրասենյակ, այն գտնվում է քննարկման փուլում։

Լուսանկարը՝ արխիվային / hetq.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter