HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքագետ. «Ռուս-թուրքական ռոմանսը, ոնց տեսնում եմ, մոտենում է իր ավարտին»

Հարցազրույց քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ

-Տիկին Սեդրակյան, արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը խախտում է մարդասիրական հրադադարը՝ անցնելով հարձակման։ Արդյոք Էրդողանն Ալիեւին թույլ չի տալիս թեկուզ կարճ ժամանակով հրադադարը հարգել, թե՞ դա ձեռնտու է նաեւ Ալիեւին, որը պետք է ցույց տա իր հասարակությանը մեծածավալ դիակները։

-Այստեղ երկու էլեմենտ կա։ Ցանկացած ժամանակահատված, որ վերցնում են իբրեւ դադար, հակառակորդ կողմերն ընկալում են որպես վերազինման համար տրված կարճ ժամանակահատված։ Կարծում եմ՝ Ալիեւը մտավախություն ունի, ինչը հնչեցրեց իր ճառում, թե որտեղից հայերին այդքան զենք։ Եվ նա անընդհատ թեժ է պահում գոնե մի մարտագիծը, որ ինչ-որ տեղ ինչ-որ հաջողություն արձանագրելով՝ անկախության օրը բազմաթիվ զոհվածների հետ միասին ներկայացնի նաեւ այդ տարածքը, այդ գրավյալ տեղը, որովհետեւ մինչ այդ պարծենում էին, թե երեք օրում կլուծեն Արցախի հարցը, իսկ հիմա արդեն ակնհայտ է, որ ակնթարթային պատերազմի նրանց բոլոր պլանները չեն իրականացել։

Դա այնքան նման է հիտլերյան պլաններին, երկրորդ ռազմաճակատի դժվար բացմանը, գերտերությունների անտարբերությանը, Լեհաստանի անեքսիային։ Պատմական այնքան զուգահեռներ են գալիս, որ ուղղակի ապշեցուցիչ է, թե ինչու է պատմությունն անվերջ կրկնվում, եւ ինչու ոչ մի պատմական սխալ հաշվի չի առնվում։ Չէ՞ որ 1938 թվականին, երբ Հիտլերը սանձազերծեց պատերազմը, նույն ձեւով ողջ առաջադեմ մարդկությունը կոչ էր անում թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Ֆրանսիային, թե՛ Ռուսաստանին, ինչպես այսօր մենք ենք գոռում, որ շուտով Թուրքիայի զենքը շրջվելու է իրենց դեմ, բայց բոլորը խուլ էին եւ համրացած։ Հիմա պատմությունը նորից կրկնվում է, բայց մենք պետք է այս անգամ թույլ չտանք այդ լռությունը։

Ալիեւը կարող է հազար ցանկություն ունենալ՝ մաքրվել ընտրություններից առաջ, խուսափել հեղաշրջումից, որ ոչ թե գալու է հեղափոխության, այլ ներքին ռազմական հեղափոխության՝ զենքերի միջոցով, որովհետեւ Ադրբեջանում էլ կան մարդիկ, որ սկսել են մտահոգվել Թուրքիայի եփած այն ճաշով, որն Ադրբեջանը չի քաշում։ Նրանք չեն կարողանում մարսել բոլոր այս բաները, եւ եթե Թուրքիան առայժմ միայն տնտեսական վնասներ է կրում, ապա Ադրբեջանը կրում է հնարավոր բոլոր վնասները եւ հասկանում է՝ ինչ վտանգ կա։ Ալիեւը, իմ կարծիքով, երբեք չի եղել կիրթ, ըմբռնող, բարեկամաբար տրամադրված եւ ոչ էլ ունակ է վերլուծելու, բայց շատ լավ զգում է իր անձին սպառնացող վտանգները, իսկ դրանք բազմաթիվ են։

-Հետաքրքիր է, որ պատերազմից 20 օր անց Ալիեւի մոտ հարց է ծագում, թե որտեղից հայկական կողմին այդքան զենք, ինչը բավական լայնորեն քննարկվում էր սոցիալական ցանցերում։

-Այս անգամ մեր սոցիալական ցանցերը բռնեցին շատ խելացի դիրք, որովհետեւ ճիշտ մոտեցումը հենց կատակի տալն էր, որ «պարտքով ենք վերցրել», «վարկով ենք վերցրել» եւ այլն։ Իմ տեսած շատ հեռատես քայլերից էր, որտեղ պահվում էր այն գիծը, որը պետք է պահվեր։ Ինչ վերաբերում է նրան, որ Ալիեւը գոռում է, թե որտեղից Հայաստանին այդքան զենք, դա հարցադրում չէ, արդարացում է սեփական ժողովրդի առաջ տապալված պլանների համար։ Անուղղակիորեն փորձում է իր ներքին լսարանին հասկացնել, թե ամբողջ խնդիրը զենքի մեջ է՝ մոռանալով, որ ամբողջ խնդիրը պատերազմների տարբերության մեջ է։ Երկու ժողովուրդ են (նույնիսկ թուրքական բանակն էլ հետը), որակի պատերազմ է՝ մեկը զավթողական պատերազմ է, մյուսը՝ գոյամարտ։ Եվ երբ իրար առջեւ կանգնում են այդ երկուսը, ուզած-չուզած, տրամաբանությունն ինձ տանում է դեպի հիտլերյան Գերմանիա, երբ Հիտլերն առաջանում էր ուրիշի ձեռքով: Ինչ ուզում են ասեն, վերջին 30 տարիներին Արցախն արցախցու, հայաստանցու համար իրենց հարազատ հողն է, որտեղ ամեն օր ապրել են, իսկ ադրբեջանցու համար ինչ-որ օտարված տեսլական։ Արցախն անմիջական մեր մշակույթի, մեր կենսահյութի հետ կապված գործընթաց է, եւ պարզ է, որ երբ այդ երկու մտապատկերները կանգնում են իրար առաջ, իհարկե, հայերը շատ հզոր են։ Սա ուրիշ զենք է, եւ այդ զենքն Ալիեւը երբեք չի ունենա եւ չի կարողանա գործարկել։

-Չկարողանալով լուրջ հաջողության հասնել լեռնային հատվածում՝ թուրք-ադրբեջանական ուժերն ահաբեկիչների ներգրավմամբ այսօր փորձում են ճեղքել պաշտպանական գիծը դեպի Խուդափերինի ջրամբար։ Սա նշանակո՞ւմ է, որ թշնամին հեռահար նպատակ ունի դուրս գալ դեպի Սյունիքի մարզ եւ միջանցք բացել Մեղրիով դեպի Նախիջեւան, թե՞ Ալիեւն ու Էրդողանը պարզապես հարձակվում են այն ուղղությամբ, որով մինչ օրս որոշակի առաջխաղացում են ունեցել։

-Մշակույթի, քաղաքականության մեջ այսպիսի մի հասկացություն կա, որ կոչվում է պոլիշինելի գաղտնիք։ Այսինքն՝ մի գաղտնիք է, որի մասին բոլորը գիտեն, եւ որը դադարում է գաղտնիք լինել, սակայն նոր իրողության կամ նոր մարդու համար դա գաղտնիք է։ Հիմա մենք այնքան ենք խոսել պանթյուրքիզմի ծրագրերից, այնքան ենք նայել դրանց պատմական կոնտեքստում, որ պատմական դրվագ է դարձել մեզ համար, բայց իրականում առարկայական քաղաքականության մեջ պարզվեց, որ այն, ինչ խոսվում էր միֆի, առասպելական լեգենդի մակարդակով, իրականում լավ մտածված, գործարկված ծրագիր է։ Ուզած-չուզած գնում եմ դեպի հիտլերյան Գերմանիա, երբ Հիտլերը բարձրաձայնում էր, որ գրավելու է ողջ Եվրոպան, հետո ամբողջ աշխարհը, բոլորը քմծիծաղ էին տալիս, մինչեւ նա սկսեց իրականացնել իր պլանները։ Հիմա նորօրյա Հիտլերը փորձում է իրականացնել պանթյուրքիզմի մեծ պլանը։

Կարծում եմ՝ այո, իրականում միջանցքի խնդիր կա, եւ դա էապես գոյամարտ է։ Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին համոզում էր իր ծրագրով, որ շրջանները կտանք եւ խաղաղ կապրենք, հիմա մի ստվար թիմ կրկնում է: Բայց եթե կա ծրագիր, որով պետք է բնաջնջել մի ժողովրդի, լավ գիտեք պատմությունից, մենք ինչքան զիջել ենք, այնքան կոտորվել ենք։

-Էրդողանն Ուկրաինայի նախագահի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է, որ չի ընդունում Ղրիմը Ռուսաստանի կազմում եւ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Արդյոք սրանով Էրդողանը պատասխանում է պաշտոնական Մոսկվային։

-Ռուս-թուրքական ռոմանսը՝ եղբայրական սիրավեպը, ոնց տեսնում եմ, մոտենում է իր ավարտին։ Էրդողանը հմուտ եւ խարդախ է՝ ի տարբերություն Ալիեւի։ Նա տեսել է, որ Մոսկվայի ուշադրությունը ցրված է, մի կողմից՝ Բելառուսը, եվրոպական սահմաններին մեծ վտանգ է, Մոսկվան բավականին ռեսուրս ուղղորդում է այնտեղ, մյուս կողմից՝ Թուրքիան փորձում է ճեղքել Ռուսաստանի «վերջին Բաստիոնը»: Սա վերջին սահմանագիծն է, որ կա Թուրքիայի ճանապարհին։ Եվ այս պահին Ռուսաստանն իսկապես թուլացած է, եւ այլեւս նրա խոսքը չի անցնում։ Գիտե՞ք, թե ինչու չի անցնում, որովհետեւ Թուրքիան մի քանի անգամ հետախուզական քայլեր է արել՝ ռուսական ինքնաթիռ էին խփել եւ այլն, տեսնելով՝ կմարսե՞ն, թե՞ ոչ։

-Փաստորեն, մարսել են։

-Այո, եւ հենց մարսեցին, սկսեցին բանի տեղ չդնել: Մեզ փորձել են անընդհատ արեւմտյան նարատիվը պարտադրել, եւ շատ հաճախ կուտը կերել ենք, որ բոլոր ժողովուրդները հենց անցնեն կրթության եւ ժողովրդավարության ինչ-որ մակարդակի, կդադարեն սպանել։ Կարծում եմ՝ իրերը պետք է կոչել իրենց անուններով, ու հասկանալ, որ կան ազգային միավորումներ, չեմ ասում ժողովուրդներ, որոնց հիմնական նարատիվը, պատմական ուղերձը սպանել-յուրացնելն է, որովհետեւ նրանք ունակ չեն ստեղծել։

Ամեն անգամ պետք է հասկանանք ոչ միայն ում հետ գործ ունենք, այլ նաեւ ժխտենք եւ փորձենք հասկացնել արեւմտյան պետություններին, որովհետեւ իրենք էլ փաստորեն չեն հասկանում, քանի որ իրենց մոտ լոկալ ահաբեկչական ակտերի հիման վրա է, իրենց թվում է, թե կան վատ ահաբեկիչներ եւ լավ մարդիկ։

-Օրեր առաջ Ռուսաստանը Կասպից ծովում զորավարժություններ է սկսել։ Ի՞նչ է նշանակում այս զորավարժությունը պատերազմի այս թեժ պահին։

-Դա հերթական անատամ իբր թե ռեւանշն է։ Դրանով Ռուսաստանը փորձում է ցույց տալ, թե տեսեք՝ տարածաշրջանում ներկա եմ։ Դա շատ քիչ բան է, ընդամենը բուտաֆորիկ, թատերական ներկայացում է։

-Քանի որ խոսեցինք Մեղրիով Նախիջեւան տանող միջանցքի մասին, հնարավոր համարու՞մ եք տարածաշրջանում Իրանի դերի բարձրացումը, այսինքն՝ տարածաշրջանային խաղացողների վերադասավորումներ կլինե՞ն։

-Կարծում եմ՝ դա տարածաշրջանի միակ ելքն է, եւ դրա համար այլ տեղ է պետք փնտրել կոնսենսուս, այսինքն՝ ԱՄՆ-ի կոնսենսուսը, որովհետեւ միայն Հայաստան-Իրան կապը կարող է ապահովել երկուսի անվտանգությունը, բարգավաճումը եւ խաղաղ գոյակցությունը ռեգիոնում։

Լուսանկարը՝ Ա. Սեդրակյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter