HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Բունդեսթագի պատգամավորները Գերմանիայի կառավարությանը կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Բաքվի եւ Անկարայի նկատմամբ

«Մենք Գերմանիայից այստեղ ենք եկել՝ տեսնելու, թե ինչ է կատարվում Արցախում։ Գերմանական մեդիան արդար ձեւով չի լուսաբանում պատերազմը, դրա համար եկանք՝ մեր աչքով տեսնելու կատարվածը»,- Արցախի տեղեկատվական շտաբում այսօր հրավիրված ասուլիսին ասաց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Քոթրեն։

Նա նշեց, որ եղել են Շուշիում եւ տեսել, թե ինչպես է Ադրբեջանը թուրքերի օգնությամբ ռմբակոծել եկեղեցիները։

Պատգամավորը շեշտեց, որ տեսել են՝ ինչպես են Ստեփանակերտում խաղաղ բնակիչների տները ռմբակոծվել, սակայն այդ հատվածներում որեւէ ռազմական տեխնիկա կամ շինություն չի եղել։

«Մենք հաստատել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակվել է Արցախի վրա, եւ դա մեծ հանցագործություն է, որն ուղղված է մարդկության դեմ։ Կոչ ենք անում աշխարհի խորհրդարաններին ոչ միայն խոսել, այլեւ գործողություններ անել»,- նշեց գերմանացի պատգամավորը։

Ըստ Շտեֆեն Քոթրեի՝ Գերմանիան պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ։ Այդ գործի համար կարեւոր է, որ Արցախում իրենց տեսածը ներկայացնեն Եվրոպային։ Պատգամավորը համոզված է, որ խաղաղություն սիրող ամեն մարդ, կազմակերպություն պետք է ձայնը բարձրացնի Ադրբեջանի դեմ, որպեսզի դադարեցնեն պատերազմը։

Մեկ այլ պատգամավորի՝ Ստեֆըն Քոթերի կարծիքով՝ այս պատերազմը տեղային չէ եւ փոքր կոնֆլիկտ չէ, ուստի Եվրոպան եւս պետք է տեղյակ լինի կատարվող իրադարձություններից։ Իսկ իրենց այցի նպատակը որեւէ լուծում գտնելն է, որպեսզի խաղաղություն հաստատվի։ Նա եւս նշում է, որ տեսել են՝ ինչպես են խաղաղ բնակչությանը թիրախավորել եւ արգելված զենք կիրառել Արցախի դեմ։

«Մենք վախենում ենք, որ այստեղ կարող է նոր ցեղասպանություն կատարվել եւ փորձում ենք դրսի ժողովրդին ցույց տալ՝ ինչ է կատարվում, որ Ադրբեջանը փորձում է Արցախի բնակչությանը ջնջել։ Մենք դատապարտում ենք բոլոր ագրեսիվ քայլերը եւ ուզում ենք հենց հիմա վերջ տալ այս պատերազմին»,- նշեց պատգամավորը։

Լանթագի պատգամավոր Անդրեաս Կալբիցի խոսքով՝ պետք է ձայն բարձրացնել եւ խոսել ահաբեկիչների եւ ագրեսիայի դեմ։

Նրա պնդմամբ՝ Մինսկի խումբն ինչ-որ գործ է անում, բայց չի ստացվել, սակայն պետք է պատերազմը ավարտելու կոչեր անել։

Գերմանական պատվիրակության մեկ այլ անդամ՝ Անդրեաս Գալաուն, ասաց, որ բնակելի շենքերը թիրախավորվել են միտումնավոր, խաղաղ բնակչությանը վախեցնելու ու վնաս հասցնելու համար։ Նա եւս համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանն ուզում է Արցախի բնակչությանը վերացնել, եւ դա հրահրվում է Թուրքիայից, որը մի քանի անգամ փորձել է անել նույնը։ Պատգամավորը շեշտեց՝ պետք է ծանր պատժամիջոցներ կիրառել Բաքվի եւ Անկարայի ղեկավարների դեմ։ Նա հավելեց, որ Գերմանիան չի կարող կռվի մեջ մտնել, բայց կարող է պատժամիջոցեր կիրառել Անկարայի նկատմամբ։

«Մենք կոչ ենք անում Բեռլինին, որ ազդի Անկարայի ու Բաքվի վրա»,- ասաց պատգամավորը։

Պատգամավոր Շտեֆեն Քոթրեն թվարկեց հնարավոր պատժամիջոցները՝ Գերմանիայի կողմից Թուրքիային զենքի վաճառքի արգելք, որոշ մարդկանց մուտքի արգելք Գերմանիա կամ վերջիններիս բանկային հաշիվների սառեցում։ Անդրեաս Գալաուն պնդեց, որ Գերմանիան պատժամիջոցների միջոցով կարող է Թուրքիայի վրա ազդել նաեւ տնտեսական առումով եւ ստիպել Թուրքիային կանգնել «խաղաղության կողքին»։ Պատգամավորը հավելեց՝ ցավալի է, որ Ադրբեջանն Արցախի դեմ կռվում է նաեւ գերմանական զենքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter