
Կոչ Քաջարան և Մեղրի համայնքների բնակիչներին` զինվորագրվել և պաշտպանել Սյունիքի մարզը
Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և Մեղրիի համայնքապետարանը կոչերով դիմել են իրենց համայնքների բնակիչներին` զինվորագրվել և պաշտպանել Սյունիքի մարզը:
Մասնավորապես, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը դիմել է 20-60 տսրեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև նրանց, ովքեր նոր են վերադարձել արցախյան ռազմաճակատից։
«Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել։ Զինվորագրման մանրամասների համար դիմել Քաջարանի համայնքապետարան կամ Երկրապահ կամավորականների միություն»։
Մեղրիի համայնքապետարանն էլ խնդրել է համանքի բնակիչներին կամավորության հիմունքներով ցուցակագրվել։ Այս պահից սկսած՝ քաղաքացիները կարող են ներկայանալ Մեղրիի զինկոմիսարիատ։
Համայնքների ղեկավարների կոչերը հաստատել է նաեւ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հարգելի հայրենակիցներ Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Զորահավաքը ընթանում է բնականոն ընթացքով, զինվորագրվում են բոլոր զինապարտները: Բոլորս միասին հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել