HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ասորի երեխաներից՝ մեր հաղթական բանակին»

Արարատի մարզի Վերին Դվինի համայնքապետարանի դիմաց այսօր մարդաշատ էր: Մեկ տասնյակ երեխաներ մանդարին և արքայանարինջ էին վաճառում: Ամենաակտիվը 15-ամյա Միլենա Գիվարգիզովան էր: Միրգ գնողներին նա ժպիտով էր ընդունում և ճանապարհելուց հետո արագ-արագ նշում կատարում տետրում, թե քանի կիլոգրամ միրգ վաճառվեց:

Վերին Դվինի բնակչության 80 %-ն ասորիներ են: Երեխաները որոշել էին միրգ վաճառելով օգտակար լինել հայկական բանակին: Վաճառքից գոյացած ամբողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ասորի երեխաների անունից:

Առավոտյան ժամը 9-ից նրանք ոտքի վրա էին: Յուրաքանչյուրը ջանում էր հնարավորինս շատ միրգ վաճառել: Որոշել են հերթափոխով աշխատել, որպեսզի չհոգնեն և երկար մնան:

«Հուսով եմ, որ այս փոքր օգնությամբ մեր զինվորներին օգուտ կտանք: Գումարը կփոխանցենք հիմնադրամին, մեր զինվորների համար ինչ պետք է կգնեն»,- ասում է Միլենան:

Երեխաների նախաձեռնության մասին արդեն գիտեին ոչ միայն Վերին Դվինում, այլև հարևան համայնքներում։ Մարդիկ ավտոմեքենաներով գալիս էին միրգ գնելու: Ոմանք նույնիսկ գումար էին տալիս, սակայն միրգ չէին վերցնում, ինչին ընդդիմանում էին երեխաները և առանց մրգի չէին ճանապարհում: Ոմանք նշում էին, թե տանը միրգ ունեն, սակայն երեխաների ոգևորությունը չպետք է կոտրել, դրա համար են եկել նրանցից գնումներ կատարելու:

Ամեն վաճառած կիլոգրամի մասին նշում կատարելուց հետո Միլենան ու ընկերները նայում էին իրար, ժպտում ու անցնում հաջորդ գնորդին:

«Ողջ ասորական համայնքը ձեր կողքին է և հավատում ենք, որ մեր զինվորները կհաղթեն թշնամիներին»,- ասաց Միլենան:

Երեխաների կողքին էր նաև ասորական եկեղեցու քահանա Տեր Նիկադիմ Յուխանաևը: Նա պատմեց, որ նախաձեռնությունը երեխաներինն է: Երբ վերջիններս տեղեկացել են, որ գումար է հավաքվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար, առաջարկել են այդ գումարը միանգամից չփոխանցել, դնել շրջանառության մեջ և մի քանի օր անց ավելի շատ գումար փոխանցել:

Մեծածախ գներով գնել են 1.5 տոննա մանդարին և արքայանարինջ, որը վաճառում են մանրածախ գներով՝ մի փոքր ավելի թանկ: Երեխաների հաշվարկներով՝ մոտ 200 հազար դրամ եկամուտ են ունենալու մրգի վաճառքից:

«Երեխաների նախաձեռնությունը սկսվել է այսօր, սակայն Վերին Դվին համայնքից արդեն 6 բեռնատար ավտոմեքենա՝ սնունդ, տաք հագուստ, դեղորայք, քաղցրավենիք ուղարկվել է Արցախ: 2 բեռնատար ավտոմեքենայով էլ սնունդ, հագուստ է ուղարկվել Հայաստանի մեկ այլ համայնք, որտեղ Արցախից տեղահանված երեխաներ են ապրում»,- ասաց Տեր Նիկադիմ Յուխանաևը:

Քահանան պատմեց, որ իրենց օգնում են արտասահմանի ասորական համայնքի ներկայացուցիչները, ինչի համար շատ ուրախ են:

«Մենք ոչ մի տարբերություն չենք դնում մեր բանակի զինվորների միջև: Վեց անգամ բեռ ենք ուղարկել, պարզապես վրան փակցրել ենք, որ ասորական համայնքի կողմից է: Ուղեբեռը գնացել է ուր որ պետք է: Մենք չենք թիրախավորել, որ բեռը գնա ասորիներին, որովհետև մեր ասորիներն ամբողջ ճակատի երկայնքով ցրված են: Չգիտենք էլ մեր ուղարկածից կօգտվեն, թե՞ ոչ: Ուրիշներն էլ ուղարկում են մեր երեխաներին: Մեր բանակի ցանկացած զինվոր մեր եղբայրն է, մեր որդին է, և մենք պատրաստ նրանց թիկունքին կանգնած ենք»,- հավելեց Տեր Նիկադիմ Յուխանաևը:

Հրանտ Գրիգորյանը ևս ասորի է: Նա է օգնում երեխաներին, որ ծանր արկղերը բարձրացնեն, տեղափոխեն: Նշեց, թե իրենց համար պատիվ է այս օրերին բանակին աջակցելը:

«Թիկունքը պետք է պինդ, համախմբված լինի, որ առաջնագծում տղերքը ճշգրիտ կատարեն իրենց առաջադրանքը: Կապ չունի՝ ասորի, հայ, եզդի, բոլորս եղբայրներ ենք, պետք է պաշտպանենք մեր հողը: Թիկունքում եթե մենք ամուր լինենք, առաջնագծում նրանք հաստատ ամուր կլինեն ու կհաղթենք»,- ասաց Հրանտն ու շտապեց երեխաներին օգնելու։

Ասորի երեխաներն ասացին, որ տարբեր նախաձեռնություններով են հանդես գալու մինչև պատերազմի ավարտը:

Մեկնաբանություններ (1)

Ոսկան
Շնորհակալություն մեր ասորի եղբայրներ և քույրեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter