HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հովսեփ Ենգոյան. «1 մլն դրամը հայրենքի փրկության համար չնչին գումար է, բայց էդքան կարողացանք փոխանցել»

Շիրակի մարզի Արփենի գյուղի բնակչի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին 1 մլն դրամի փոխանցման լուրը համացանցում տարածվել էր հոկտեմբերի 17-ին: «Միլիոն էր, խոմ միլիարդ չէր, օր ըդպես խառնվել եք իրար: Հայրենիքի փրկության համար էդ չնչին գումար է»,- բարեհոգի ժպիտը դեմքին նկատում է 89-ամյա Հովսեփ Ենգոյանը՝ կնոջ օգնությամբ տեղավորվելով տնակից բակ տեղափոխած անվասայլակի վրա:

Հովսեփ պապի կապույտ տնակը գյուղի սկզբնամասում է: Ապրում են կնոջ հետ, երեք զավակներից աղջիկներն ամուսնացած են՝ ապրում են ՌԴ-ում, տղան երկու տարի առաջ է մահացել: Հավաքված գումարը Հովսեփ պապի թոշակն էր: «Իմ թոշակն ու մեղրից ստացած եկամուտն ենք ծախսել, իր թոշակը՝ հավաքել: Նեղ օրվա համար կհավաքեինք ու երեւի էսօրվանից էլ նեղը չկար՝ տվեցինք, մեծ բանըմ չենք էրել»,-ասում է 72-ամյա Ասյա Ենգոյանը:

 

Հովսեփ պապն ասում է՝ շատ երկար չեն մտածել, ինքն առաջարկել է, կինը՝ անմիջապես համաձայնվել: «Լսեցինք հեռուստացույցով, որ դրամահավաք է, միանգամից որոշեցի, հարցրեցի կնոջս, թե թոշակից ինչքան կա հավաքված, որովհետեւ վրայից ծախսել էինք, ասեց՝ 700 հազարից ավելի: Տունն էլ գումար կար, էդ էլ դրեցինք վրան, եղավ 1 մլն՝ փոխանցեցինք»,-պատմում է Հովսեփ պապը: 750 հազար հաշվեհամարից եւ 250 հազար դրամ էլ վաճառված մեղրից՝ գումարը Հովսեփ պապը նախ փորձել է փոխանցել հեռախոսով: 

«Դե սկզբից Հովսեփն ուզեց հեռախոսով փոխանցել, չեղավ, հետո ես տարա հոկտեմբերի 12-ին փոխանցեցի: Արել ենք մեր հայրենիքի փրկության համար: Մեծ գումար չէ, ես կասեի՝ շատ փոքր գումար է՝ օվկիանոսի մեջ մի փոքր կաթիլ, բայց դե էդքան կարող էինք՝ էդքանն արեցինք: Էս մեզի համար մատաղի նման մե բանըմ էր, օր մեր զինվորները ուժ ու կող ունենան, Աստված թիկունքներին էղնի՝ հաղթեն»,-նկատում է տիկին Ասյան։ Հետո ժպտալով հավելում է, թե նորմալ լվացքի մեքենա էլ չունեն, բայց ոչինչ՝ մեղրը կվաճառեն (200 կգ մեղր ունեն վաճառքի-հեղ.), կգնեն, առաջնահերթը Արցախի ու Հայաստանի անվտանգությունն է: Ամուսինը գլխով հավանություն է տալիս կնոջ ասածին, ասում է. «10 տարեկան էի, որ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հերս գնաց պատերազմ, մերս մնաց 4 երեխու հետ, ես էի տան միակ տղամարդը: Ես գիտեմ՝ ինչ բան է սովը, դաշտերում ծանր աշխատանքը, հարազատի մահվան լուրը»:

Հովսեփ Ենգոյանը մասնագիտությամբ ռադիոօպերատոր է: Ծառայել է Ղրիմում: Բանակից զորացրվելուց հետո հայրենի գյուղում չի մնացել, տեղափոխվել է Սոչի, ասում է՝ մասնագիտությունս ինձ տարավ ծով: Հասարակ նավաստուց հասել է մինչեւ նավապետի աստիճանի: Փոխգնդապետ նավապետը հայրենի գյուղ վերադարձել է 27 տարի առաջ: Կնոջ հետ մեղվաբուծությամբ են զբաղվում, փոքրիկ այգի ունեն: Ձմռանը տեղափոխվում են Գյումրու իրենց փոքրիկ բնակարան: Ասում է՝ լավ եմ ապրել, հետաքրքիր կյանք եմ ունեցել եւ ունեի, բայց այդ ամենը ոչինչ է, եթե հայրենիքիդ սահմանների մոտ թշնամին է ու ամեն գիշեր գլուխդ բարձին դնելիս հոգիդ խաղաղ չէ:

Մեկնաբանություններ (3)

Քրիստինե
Հարգելի Սոնա ուղարկեք Ձեր կոնտակտները [email protected] հասցեին, կփոխանցենք
Vartan
These young heroes give their lives. Our duty, abroad, is to rebuild with the bereaved families. It will be done!
Սոնա
Կարող ե՞ք կոնտակտներ տալ, մեղր առնենք իրենցից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter