HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Դուբլինյան կոնվենցիայով արգելված կասետային ռումբեր կիրառելու համար

Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով էր հրավիրվել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հանցագործությունները թեմայով քննարկմանը:

Արման Թաթոյանի խոսքով` սեպտեմբերի 27-ից սկսած թուրք-ադրբեջանական զինված հարձակումները Հայաստանի և Արցախի բնակչության և բնակավայրերի նկատմամբ թիրախավորված ձևով է իրականացվում` վնասներ հասցնելով հենց քաղաքացիական բնակչությանը:

«Այս զինված հարձակումները Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի նկատկմամբ իրականացվում են արգելված կասետային զինատեսակներով. դրանով ոչ միայն մահ է պատճառվում, այլև կյանքը խեղող վնասվածքներ են հասցվում»,- ասաց Արման Թաթոյանը:

Հայաստանի Օմբուդսմենը խոսեց պատերազմում կիրառվող վարձկան ահաբեկիչների առկայության մասին` նշելով, որ այն արդեն միջազգայնորեն հաստատված փաստ է: Վերջիններս պատերազմական հանցագործություններ են կատարում և իրենք իսկ իրենց տեսանյութերում ասում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները:

«Ատելության խոսքն առաջին օրվանից ուղեկցում է այս պրոցեսը: Ակնհայտ է, որ Ադրբեջանում միշտ է եղել պետական բարձր մակարդակի հայատյացություն, այդ ատելությունը առավել կազմակերպված սոցիալական ցանցերում իրականացվում է` բռնության տեսանյութեր տարածելով»,- ասաց Թաթոյանը:

Ըստ ՄԻՊ-ի` այս պատերազմում հակառակորդը նպատակ ունի Հայաստանի և Արցախի բնակչության էթնիկ զտման, դա է փաստում այն, որ սեպտեմբերի 27-ից սկսած թիրախային հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ: ՄԻՊ-ի աշխատակազմի փաստահավաք խմբի աշխատանքները Վարդենիսի հարակից համայնքներում սեպտեմբերի 30-ին Անօդաչու թռչող սարքերի պատճառով ընդհատվել են և շարունակվել հաջորդ օրը:

Թաթոյանի խոսքով` Ադրբեջանի ՄԻՊ-ը կեղծ տեղեկություններ է փոխանցում գործընկերներին: Թաթոյանը պատմեց, որ տարբեր երկրների իր գործընկերները իրենց համերաշխության խոսքն են հղել իրեն քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված զոհերի և վիրավորների առնչությամբ: Ըստ Թաթոյանի` ամենայն հավանականությամբ՝ որոշ ՄԻՊ-եր նաև համերաշխություն են հայտնել Ադրբեջանի ՄԻՊ-ին, վերջինս էլ խեղաթյուրելով փաստերը այդ երկրների անունները հրապարակել է` ասելով, որ նրանց աջակցում են Ադրբեջանին:

Թաթոյանը հայտնեց նաև, որ Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի զինուժի կադրերը` ապատեղեկատվություն տարածելով, որ Հայաստանը առաջնագիծ է ուղարկում նաև լրագրողներին:

Թաթոյանն ընդգծեց` կոնֆլիկտային գոտիներում լրագրողի աշխատանքն ունի լեգիտիմ իրավապաշտպան նշանակություն, և միանշանակ է, որ լրագրողների աշխատանքի շնորհիվ է հնարավոր է լինում ձեռք բերել ապացույցներ տարբեր սադրանքների և բռնությունների վերաբերյալ: Թաթոյանը հիշեցրեց, որ ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով վնասվածքներ են ստացել ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնք որևէ զինվորականի հետ որևէ առնչություն չեն ունեցել, ունեցել են լրագրողական տարբերանշաններ և կատարել են իրենց մասնագիտական աշխատանքը: Թաթոյանի խոսքով, եթե նույնիսկ պետությունը չի կարողանում տարբերակել անձը քաղաքացիական է, թե լրագրող, կանխավարկածը միշտ լրագրողի օգտին է: Եւ միանշանակ է, որ Ադրբեջանը պետք է իրավական պատասխանատվություն կրի լրագրողներին թիրախավորելու համար:

Թաթոյանը շեշտեց` Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու նաև քաղաքացիական բնակավայրերը կասետային ռումբերով թիրախավորելու համար, քանի որ դեռ 2008 թվականից Դուբլինում մի շարք երկրների կողմից ընդունվել է կոնվենցիա, որն արգելում է կասետային ռումբերի կիրառումը: Եւ չնայած Ադրբեջանը չի միացել այդ կոնվենցիային, սակայն դա վերջինիս չի ազատում պատասխանատվությունից, քանի որ Ադրբեջանը դրանով թիրախավորել է նաև Ստեփանակերտի կենտրոնական հատվածները, իսկ Դուբլինի կոնվենցիայով գործում է խիտ բնակեցված շրջանների նկատմամբ կասետային ռումբ օգտագործելու արգելք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter