
Մաքրել երկրագունդը կենցաղային աղբից. «Let’s do it! World» և «Մենք կարող ենք»
Ս.թ. մարտի 24-ից սեպտեմբերի 25-ը աշխարհի ավելի քան 85 երկրում մեկնարկում է «Let’s do it! World» համաշխարհային բնապահպանական շարժումը (www.letsdoitworld.org): Շարժման շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք բնապահպանական միջոցառումներ՝ մասնավորապես մաքրել երկրագունդը կենցաղային աղբից:
«Let's do It!» համաշխարհային շարժումը մեկնարկել է 2008թ.-ին Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքով, որի ընթացքում ավելի քան 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբից: Այս միջոցառումն օրինակ ծառայեց նաև այլ երկրների համար /Լատվիա` ավելի քան 60 000 մասնակից, Լիտվա` ավելի քան 110 000, Սլովենիա` ավելի քան 246 000/:
Մասնակից երկրների թվում է նաև Հայաստանը, որտեղ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի և ավելի քան 20 գործընկեր կազմակերպությունների ջանքերով ձևավորվում է «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը։ «Մենք կարող ենք»-ը կազմակերպություններից և անհատներից կազմված շարժում է, որը բաց է բոլորի համար, ովքեր ընդունում են շարժման նպատակը և գաղափարները: Շարժման հիմնական նպատակն է՝ իրականացնել «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ԱՂԲԻ» համահայկական կամավորական նախաձեռնությունը, որի շրջանակներում մեծ թվով կամավորներների շնորհիվ, մեկ օրվա՝ ս/թ սեպտեմբերի 15-ի ընթացքում տեսակավորելով հավաքվելու է բնության գրկում և պատմամշակութային վայրերի հարակից տարածքներում կուտակված կենցաղային աղբը:
Այս բնապահպանական արշավի ընթացքում նախատեսվում է իրականացնել նաև կրթական և տեղեկատվական միջոցառումներ` կենցաղային աղբի տեսակավորման և վերամշակման հնարավորությունների մասին հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակով:
«Մենք կարող ենք» (Let's do it! Armenia) շարժմանն արդեն իսկ միացել են ավելի քան 20 կազմակերպություններ և բազում անհատներ` այդ թվում, Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Հայաստան), Հայաստանի ծառատունկ ծրագիրը (ATP), Հայկական բնապահպանական ցանցը, Հակոբյան բնապահպանական կենտրոնը, DJ Vakcina-ն (The Laboratory), Կանաչաստան ՀԿ-ն, «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ն, «Տապան» էկո-ակումբ ՀԿ-ն, «Կյանքի գույներ» ՀԿ Երևանի, Ապարանի, Ստեփանավանի, Գավառի, Ալավերդու, Եղվարդի Օրհուս կենտրոնները, Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ, Armyouth.am, «HotTv» օնլայն հեռուստատեսությունը, «Eritasard.am» օնլայն պարբերականը, Հանրային ռադիոյի «Լյունսե» երիտասարդական ծրագիրը և այլն:
«Մենք կարող ենք» (Let's do it! Armenia) շարժում
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել