HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռազմական փորձագետ․ «Մինչեւ այս պահը բանակն իր առջեւ դրված խնդիրը կարողանում է լուծել»

Հարցազրույց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ

-Պարոն Հովհաննիսյան, սոցցանցի Ձեր էջում այսօր գրել եք, որ թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական բանակի հետեւակը կազմալուծված է, եւ այդ վիճակում է նաեւ Բաքվից բերված 4-րդ բանակային կորպուսը, որն արդեն մոտ 7 օր «ծեծ է ուտում»։ Հայտնի է, որ Արցախի հետ սահմանին գործում են Շամխորի 3-րդ եւ Բարդայի 1-ին կորպուսները։ Արդյոք Ձեր ասածը նշանակում է, որ վերջիններս Բաքվից բերված զորամիավորման պես «մաշվել են»։

-Միանշանակ կարող ենք այդպես ասել, քանի որ իմ գրառման մեխը հիմնականում դա էր, որ այն ուղղություններով, որտեղ առաջին օրերին 100-150 հոգի, այսպես ասած, դիվերսիոն ներթափանցման փորձեր էին կատարում, հիմա մնացել են 10-15 հոգի։ Այդտեղ փակագծերը շատ չէի բացել, հիմա կարող եմ ասել, որ իրականում հենց սրանք են «մաշվել», եւ այլեւս իրենց ռազմական գործողություններն իրականացնում է ոչ թե կանոնավոր բանակը, այլ ինչ-որ անհայտ ծագման մարտիկներ։ Ենթադրում եմ, որ նույնիսկ վարձկաններ են, բայց Ադրբեջանի տարածքից, որովհետեւ, ինչպես հայտնի է, այդ թեւի վրա ահաբեկիչներ չեն կռվում, նրանք հիմնականում հարավի ուղղությամբ են։

Սակայն միանշանակ կարող եմ ասել, որ ոչ թե «մաշվում են», այլ պարզապես կազմալուծված են, եւ միակ բանը, որ այսօր ադրբեջանական կամ թուրքա-ադրբեջանական բանակին պահում է, ԱԹՍ-ներն են, որոնց կառավարում են, ի դեպ, թուրքական բանակի հրամանատարական կազմն ու հրահանգիչները։ Եվ միայն դրանով են կարողանում առավելություն ունենալ, եւ եթե այդ հատվածում որեւէ ուղղությամբ որեւէ կերպ խոցում են մեր կրակային կետերից, հաջորդ գործողությունը չեն կարողանում իրականացնել։ Այսինքն՝ հաջորդ գործողությունը, որ հետեւակը պետք է իրականացնի, այլեւս ունակ չէ իրականացնելու։

-Թուրքիայի հովանու ներքո տարբեր երկրներից Ադրբեջան «ներմուծված» ջիհադիստ-ահաբեկիչների մի մասը, ըստ ԱԱԾ-ի ու ՊՆ-ի տարածած նյութերի, կռվում է մերձարաքսյան հատվածում, որտեղ թշնամին անցած 23 օրերի ընթացքում որոշակի առաջխաղացում է ունեցել։ Ինչպե՞ս եք գնահատում ահաբեկչական խմբավորումների հարվածային ուժը թշնամու բանակում։

-Նախ պետք է ասեմ, որ պատահական չէ, որ ընտրված է մերձարաքսյան հատվածն ահաբեկիչներին տեղադրելու համար, որովհետեւ այստեղ ոչ միայն Արցախի, այլեւ Իրանի հարցն է, քանի որ ահաբեկիչներն, ի վերջո, չպետք է մնան Ադրբեջանի տարածքում։ Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը գիտեն, թե ինչ է նշանակում նրանց մնալն այդ տարածաշրջանում, ու նրանք անպայման պետք է այս կամ այն կերպ հայտնվեն Իրանի տարածքում։ Միակ նպատակը դա է, որ հենց այդ թեւի վրա են։

Ահաբեկիչները պետք է իրենց գործառույթն իրականացնեն։ Իսկ դա հետեւյալն է՝ խուճապ առաջացնել այն շրջաններում այն մարդկանց կամ այն բանակի դեմ, որոնց դեմ կռվում են։ Խուճապն իրենց դեպքում գազանություն անելն է, գազան լինելն է, որը փորձում են անել։ Օրինակ՝ տեսանկարահանում են զինվորների գլուխ կտրելը եւ տեղադրում սոցիալական ցանցերում, զանգահարում հարազատներին՝ տեղեկացնելով այդ մասին։ Այսինքն՝ ահաբեկիչները կռվող կամ մարտավարություն ու ռազմավարություն լուծող օբյեկտ չեն։

-Այսինքն՝ նաեւ վահանի դեր են կատարում։

-Միանշանակ, Ադրբեջանի կամ թուրքա-ադրբեջանական բանակի հիմնական գործելաոճը կամ մարտավարությունն այսպիսին է՝ Թուրքիայի հրամանատարական կազմը ղեկավարում է ԱԹՍ-ները, այսինքն՝ հարվածում են եւ առաջին պլան են բերում ահաբեկիչներին, որպեսզի նրանց վրա սպառեն մեր զինամթերքը, այնուհետ փորձում են մտցնել իրենց համատեղ զորախմբերը։ Հենց այստեղ դրանցից մեկը կոտորվեց, ինչն էլ առիթ դարձավ, որ 4-րդ բանակային կորպուսը բերեն։

-Հայկական կողմը, ինչպես նաեւ արտասահմանյան տարբեր լրատվամիջոցներ նշեցին, որ ադրբեջանական բանակում մեծ դեր են խաղում թուրք հրամանատարներն ու թուրքական օդուժը։ Բայց չենք կարող մոռանալ նաեւ ԱԹՍ-ները կառավարող իսրայելցի մասնագետների մասին, որոնց մասին շատ խոսվեց նաեւ ապրիլյան քառօրյայի ժամանակ։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում թուրք-իսրայելական դուետին օդում հակազդելու համար։

-Փոքր-ինչ վերապահումով կմոտենամ, որովհետեւ որպես փորձագետ գոնե ինձ համար չեմ հաստատել կամ դեռեւս չեմ եկել այդ համոզման, որ այդտեղ իսրայելցի մասնագետներ են։ Ինչ վերաբերում է թուրք-իսրայելական այդ օդային համատեղ պատերազմին, դա անհերքելի փաստ է, եւ այն իրականացվում է թուրքական եւ իսրայելական արտադրության ԱԹՍ-ների համադրմամբ, այսինքն՝ հնարավոր է, որ երկու երկրների մասնագետները համագործակցում են՝ այդ գործողությունը ներդաշնակ իրականացնելու համար։ Բայց կրկնեմ, սա ինձ համար քիչ է, որպեսզի վստահ լինեմ, որ իսրայելցի մասնագետներ կան, եւ իրենք են կառավարում այդ ամենը։ Ավելի շատ հակված եմ, որ ԱԹՍ-ների կառավարումն ամբողջությամբ տրված է Թուրքիային, քանի որ Թուրքիան դժվար թե միամտություն անի եւ թույլ տա իսրայելական հրամանատարներին կամ հրահանգիչներին ներգրավված լինեն այս պատերազմում։

-Այսինքն՝ չեն վստահում, դրա՞ համար։

-Այո, գիտենք Թուրքիայի այն տրամադրվածությունը, որ ինքն ամենաամենան է տարածաշրջանում։ Եվ հենց այդ նկտրումներից ելնելով, կարծում եմ, Թուրքիան դժվար թե համաձայներ, որ իսրայելցի մասնագետներ ներգրվված լինեն։

-Ամեն դեպքում ի՞նչ հնարավորություններ եք տեսնում նրանց օդում հակազդելու համար։

-Այդ ամեն ինչը բազմաժանր է։ Զենքը մի կողմ դրած՝ միակ ճանապարհն այն է, որ կարողանանք մեր օդն ինչ-որ ձեւով պաշտպանել, իսկ թե ինչ կերպ, հիմա չեմ փորձի փակագծեր բացել, որովհետեւ դրանք բազմաթիվ են, եւ նույնիսկ ամենահասարակ միջոցով, եթե ժամանակին մտածեինք սրա մասին, կկարողանայինք գոնե ժամանակ առ ժամանակ՝ օրվա մեջ մի քանի ժամ, օդը փակել եւ վերադասավորումներ իրականացնել։ Իսկ այս դեպքում միակ տարբերակն այն է, որ մենք պետք է օգտագործենք մեր մտավոր ներուժը եւ հակազդելու որեւէ բան գտնենք։

-Պատերազմի 23-րդն օրն է։ Կա՞ն որոշակի մասնագիտական վերլուծություններ։

-Իհարկե, կան։ Ի սկզբանե պատերազմը պետք է լուծվեր մեկ օրում, որոշ դեպքերում նույնիսկ մինչեւ կեսօր կամ սեպտեմբերի 27-ի կեսօրից հետո՝ ժամը 3-4-ի կողմերը։ Ըստ թուրքա-ադրբեջանական պլանի՝ պետք է «ազատագրված» լինեին 7 շրջանները, շրջափակման մեջ լիներ բուն Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Սակայն այդ ամենն ի չիք դարձավ՝ շնորհիվ հայկական բանակի եւ անհատների, ովքեր կարողացան այդ օրերին նույնիսկ հակահարված տալ եւ վերահսկողության տակ վերցնել այնպիսի ռազմավարական նշանակություն ունեցող դիրքեր, որոնք ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրել էինք։ Բայց հետագայում, ինչպես հասկանալի դարձավ, Ադրբեջանն օգտագործեց «բ» տարբերակը՝ թուրքա-ադրբեջանական այդ զորամիավորումներն ահաբեկիչներին կենտրոնացրեցին մի ուղղության վրա եւ անցան հարձակման։ Այսինքն՝ փորձեցին դաշտային պայմաններում անցնել հարձակման, որտեղ, բնականաբար, ահաբեկիչներն իրենց շատ ավելի լավ են դրսեւորում, քան լեռնային պայմաններում։ Եվ այստեղ մենք մարտավարական որոշակի լուծումներ տվեցինք։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մինչեւ այս պահը բանակն իր առջեւ դրված խնդիրը կարողանում է լուծել, իսկ դա այն է, որ թշնամուն թույլ չտա գրավի կամ վերահսկողության տակ վերցնի այնպիսի կարեւոր ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնք կենսական են Արցախի եւ Հայաստանի համար։

-Այդ վերլուծություններից կարելի՞ է ենթադրել կամ ունե՞ք նման գնահատական, որ հնարավոր է եղել, այսպես ասած, ջարդել թշնամու ողնաշարը՝ միեւնույն ժամանակ նկատելով, որ Ադրբեջանն անընդհատ մատակարարումներ է ստանում Իսրայելից, Թուրքիայից, այլ երկրներից։

-Մենք այնպիսի մարտավարություն ենք գործարկել, որի ընթացքում կոտրել ենք թշնամու ողնաշարը, ինչից հետո 4-րդ կորպուսն է եկել՝ նույն հատվածում գործողություն իրականացնելու։ Բայց մենք պետք է նաեւ մեր ուժերը ճիշտ գնահատենք, պատերազմի մեջ կա այսպիսի մի բան՝ «չարդարացված զոհեր» հասկացություն, մենք դա չպետք է թույլ տանք։ Դրա համար, կարծում եմ, մարտավարական առումով որոշակի գործողություններ ենք իրականացրել։ Ըստ իս՝ մենք արդեն կոտրել ենք նրանց ողնաշարը ցամաքում, եւ դա է պատճառը, որ արդեն երկրորդ օրն է՝ մեծ քանակով ավիացիա են օգտագործում։

-Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ ԱԺ խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանն ասել է, որ առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական եւ Միջնավան բնակավայրերի հարեւանությամբ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։ Տեսակետ կա, որ հիմա թշնամու նպատակը Մեղրին վերցնելն է, որպեսզի միջանցք բացեն դեպի Նախիջեւան։

-Եթե պաշտոնապես հայտարարվել է, ուրեմն արդեն ակնհայտ է, թե որտեղ է այժմ գործում թշնամին։ Եկեք անպայման մի բան ֆիքսենք․ եթե ասում ենք՝ այդտեղ, ապա չի նշանակում, որ զինտեխնիկա են հասցրել այդտեղ։ Սա պետք է հստակ գիտակցենք։ Իրենք առաջնորդվում են ԱԹՍ-ներով, այսինքն՝ ԱԹՍ-ները խփում են, 4-րդ կորպուսի հետեւակը գալիս է։ Պատերազմի սկզբից այն հատվածներում, որտեղ հաստատվել էին, այդտեղ տեղակայել էին հրետանի եւ այդ տարածքներից կարողանում էին նաեւ հրետանիով հարվածներ հասցնել, բայց սա չի նշանակում, որ պետք է հույսներս կտրենք, ասենք՝ սրանով ամեն ինչ ավարտվեց։ Մենք շատ ավելի դաժան շրջան ենք ունեցել, եւ բոլորս էլ գիտենք, թե 1991–1994 թթ․ ինչպիսի շրջանում է եղել Արցախը։ Այս պահի դրությամբ թշնամին ոչ թե փորձում է շրջափակման մեջ վերցնել կամ կտրել Արցախը, այլ, ըստ իս, փորձում է ցամաքային ճանապարհ բացել դեպի Նախիջեւան։

Լուսանկարը՝ Կ․ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter