HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Խեչոյան

Երկրավոր արատ

Աշունը հանկարծակի սկսվեց, մենք բացօթյա սրճարանի հավաքարարների փնթփնթալը, ոչ էլ տիրոջ մեզանից ձանձրանալը հաշվի առնելու, այդպես նստած, դեռ տաք արևը մեջքներիս` ծխում էինք ու միմյանց հետ էլ չէինք խոսում: Ոչ էլ մեծագլուխ պահակի հոխորտանքը ու ժամանակի` ժամացույցի վրա ցույց տալը, նշանակություն ունեցավ մեզ համար, որ տեղներս ազատեինք: Հետո մեր ծանոթներից մեկը եկավ, ասաց, որ ինքը ինչ-որ տեղից լսել է, թե Կամոյի պատմվածքը տպագրվել է արտասահմանյան ամսագրերից մեկում, ու նա տասը դոլար հոնորար ունի ստանալիք: Ասաց. «Գումարը, չգիտեմ քիմիկոսի՞, թե՞ բուսաբանի մոտ է, նրանից պիտի ստանաք»: Մենք, նրա աչքերի մեջ ու ժպիտին նայելով, ետ ընկանք աթոռների թիկնակներին` մտածեցինք, Կամոն ասաց. «Գնանք, ստանանք»:

Սրճարանին մոտիկ հեռախոսախցիկից զանգահարեցինք Գարուշին, Կամոն հարցրեց. «Հոնորարը ո՞վ պիտի տա, քիմիկո՞սը, թե՞ բուսաբանը»: Գարուշը հասցեն տվեց, մենք ուրախացանք, որ քիմիկոսը հեռախոս ունի, և տունն էլ այդքան հեռու չէ: Լսափողը նրա կինը վերցրեց, ասաց. «Քիմիկոսը հիվանդ է»: Կամոն պնդեց, որ, գումարը մեզ շատ է անհրաժեշտ, դեռ երեկ, առաջին օրն էր պետք: Կինն ասաց. «Նա հիմա քնած է, մի ժամից, ժամ ու կեսից, երկու ժամից կրկին զանգահարեք»: Մենք ուրախացանք, կարևորը, որ նա տանն էր, ու նրան այլևս չէինք էլ զանգահարի, միանգամից տուն կմտնեինք ու գումարը կպահանջեինք:

Մենք գոհ էինք մեր հնարամտությունից: Հետո Կամոն ասաց. «Կարո՞ղ է գնանք, ու նա ասի` թե հիմա գումար չունեմ, գումարը վերջացել է»: Մենք երկուսով միանգամից նրա կասկածը ցրեցինք, ասացինք. «Հնարավոր չէ, եթե բոլոր տպագրված հեղինակներին վճարել են, քեզ էլ է հասնում, կտան»: Մինչև պայմանավորված ժամերը կանցնեին, գնացինք խմելու: Մեր բոլորի կասկածները փարատելու համար, որ գումարը հաստատապես կստանանք, գրպաններումս մի լումա անգամ չթողեցինք, ամբողջը ծախսեցինք մի շիշ գինու և մի անգամ էլ, օձի կարմրավուն աչքերով թարթող լույսերով մոլական ավտոմատ - խաղերի վրա ու ոչինչ չշահեցինք: Երբ դուրս էինք գալիս, Կամոն ինձ ասաց. «Դու գնա, դու պիտի չգնայի՞ր մեծ ռեժիսորի տունը, հիմա նա քեզ է սպասում»: Չնայած նա լավ գիտեր, որ ինչքան էլ ես զանգահարել էի մեծ ռեժիսորի տուն, լսափողը վերցնող չէր եղել: Ասաց. «Ինչպե՞ս թե, ես նոր հիշեցի, մեծ ռեժիսորի կատուն է կորել: Սիամական կատվի վերաբերյալ հեռուստատեսությամբ հաղորդում է եղել` ով կատվին գտնի, դրամական պարգև են տալու: Եթե նա տանը չէր լինելու, այդպիսի հայտարարություն հո չէր տա: Կատվի անունն էլ Սիամ է: Հաղորդեցին, որ հենց Սիամ ասես, միանգամից իր անվան վրա արձագանքում է: Դու գնա»: Ասացի. «Չէ, գումարը ստանանք, հետո կգնամ»:

Մենք գլխավոր պողոտայով եկանք քաղաքի կենտրոն, նկարագրածի պես հասանք պատերին հուշատախտակներ ամրացված շենքին: Գրողների ու կոմպոզիտորների ազգանունները կարդալով-կարդալով` առաջացանք ու նրանց միջից գտանք անվանի դրամատուրգի հուշատախտակը փակցված մուտքը ու Կամոյին ուղարկեցինք քիմիկոսի  բնակարանը: Կամոն միանգամից էր ներս մտնելու, և մեծանուն քիմիկոսը, ուզեր թե չուզեր, մեր գումարը տալու էր: Մենք էլ Վարազի հետ կիսամութի մեջ, աստիճանների տակ վխտացող կատուների ետևից ընկանք ու ափսոսացինք, որ նրանցից ոչ մեկն էլ մեծ ռեժիսորի կորած կատուն չէր: Խոսում էինք և մուտքում կանգնած արդեն երկուական ծխախոտ էինք ծխել ու գիտեինք, որ դա լավ է, ինչքան Կամոն ուշանա, այնքան լավ: Հետո Կամոն ճաղատ գլուխը տարուբերելով, նիհարավուն ուսերը կքած, երկար աստիճանների վրա ոստոստալով` իջնում էր, ասաց. «Ինչ գեղեցիկ աղջիկ ուներ քիմիկոսը: Համ փորն էր գեղեցիկ, համ էլ աչքերը, տերևի նման աղջիկ էր»: Հարցրինք. «Հը, ի՞նչ եղավ»: Կամոն երկուսիս էլ մեր երկրավոր արատների անունով կոչեց: Երբ նա զայրանում էր, մեզ` մեր երկրավոր մեղքերի անունով էր կոչում: Ասաց. «Քիմիկոսը չտվեց գումարը»:

Մենք զայրացել էինք, անորոշության մեջ մի-մի հատ էլ ծխեցինք մեծանուն դրամատուրգի հուշատախտակի տակ կանգնած ու հայհոյում էինք քիմիկոսին: Կամոյին հարցրինք. «Գուցե լավ չես խնդրել, թող ասեիր, որ այդ գումարը մեզ շատ է պետք»: Ասաց. «Աղջիկն էլ այնքան էր մոտիկ կանգնած այդ պահին, ինչքան ինձ էր պետք... այնպես էր նայում, ինչպես, որ հայելու մեջ ինքս ինձ նայեի... նրա բուրմունքը այնպես էր, ինչպես ես ուզեի... բուրմունքը հիմա էլ կա, մնացել է...»: «Աղջկա ներկայությամբ ամեն բան ասացիր, և էլի չտվե՞ց: Դու այդքան ցածրացար, իսկ նա մերժե՞ց»: Կամոն ասաց. «Պահ, պահ, պահ... իսկ դո՞ւ...» ու ինձ, իմ երկրավոր արատի անունով կոչեց: Ասացի. «Ես այդ ամսագրին երբեք պատմվածք չեմ տա»: Ոչ թե Կամոյի` իմ արատի անունով, կոչելուց էի նեղացած, ես էլ իրեն էի իր արատով անվանարկում, այլ` որ քիմիկոսի աղջիկը վերջնական սիրուն էր ու Կամոյի գումարը խնդրելու պատմությանը ներկա էր եղել:

Վարազն էլ էր արդեն նրա բուրմունքը զգացել, ասաց. «Իզուր էլ ես չգնացի, ես գնայի, առանց այդ պատմությունները պատմելու, պահանջեի, կտար»: «Չէ, քիմիկոսն ասում է` ես ի՞նչ իմանամ, որ քո պատմվածքը տպագրվել է, ամսագիրը բեր, տեսնեմ, տամ քո հասանելիքը, հո ես չե՞մ մերժում»: Ասացինք. «Դրանից հեշտ բա՞ն, գնանք ամսագրի այդ համարը գտնենք, տղաներից մեկի մոտ պիտի որ լինի»: Առաջարկեցի գնալ հյուրանոց` իմ սենյակը, հեռախոսից կօգտվեինք ու շուտ կպարզեինք:

Ճանապարհին Կամոն համոզում էր, որ ավելի լավ կլիներ ես գնայի մեծ ռեժիսորի տունը, ինքը հաստատ գիտի, որ նա տանն է, թե չէ հեռուստատեսությամբ պետությունը ինչո՞ւ պիտի հայտարարեր, թե Սիամ անունով կատուն կորել է: Ասացի. «Չէ, մինչև գումարը չստանանք, ոչ մի տեղ էլ չեմ գնա: Կամ էլ ինչ է մնում, որ դրա եղածը ի՞նչ է, էսա մեկնումեկին կզանգահարենք ու կպարզենք, թե ամսագրի այդ համարից ո՞ւմ մոտ կա»:

Երբ հասանք հյուրանոց, նկատելի էր, որ Կամոն ջերմություն ունի, արդեն մթնում էր, գրպաններիցս հավաքեցինք մետրոյի պլաստմասայե անցանիշները, տվեցինք Վարազին, ասացինք. «Գնա, պերաշկի բեր ուտենք, վաճառողին ասա, թող երեք հատ պերաշկի տա»: Մինչև Վարազը կգար, ես դարձյալ հույս էի տալիս Կամոյին, որ իզուր էլ կասկածում է, մենք հաստատ կստանանք գումարը: Վարազը եկել էր, ասաց. «Տպագրածը շատ ուժեղ գործ էր»: Ասացի. «Երևի Կամոյի լավագույն պատմվածքն էր, ես այդպիսի գործ գրած լինեի, երբեք էլ չէի տա այդ ամսագրին»:

Մենք պերաշկին ծամելով բարձրացանք տասներկուերորդ հարկ ու զանգահարեցինք Գարուշին: Գարուշն ասաց. «Կես ժամից, մի ժամից, ժամ ու կեսից հանդիպենք»: Ինքն այդ ընթացքում կհասցնի, այդ ամսագրի բոլոր համարները կնայի ու կասի: Մենք չափեցինք, Կամոն դարձյալ ջերմություն ուներ: Նրանք գնացին ժամադրված տեղը` Գարուշին հանդիպելու: Իմ երկար բացակայությունից Հերմինեն կարոտել էր ու եկավ հյուրանոց` իմ համարը: Երբեմն օտարի, երբեմն հարազատի, երբեմն էլ սիրահարների նման մենք համբուրվում էինք: Նա հյուրանոցի իմ փոքրիկ սենյակը չսիրեց, ասաց. «Ինչ-որ պոռնիկ բան կա մեջը»:

Ասացի, և այդպիսի տեղում, երբ դուռը փակվում է ետևիցդ, ինչ հարմար է ցանկասեր գրգիռի և ինքնասպանության համար: (Ծովի ու երկնքի հափշտակություն):

– Մեծերին ես ուզում ընդօրինակել: Դարձյա՞լ մտածում ես, թե դու աշխարհիկ ծնունդ չես ու դրա ապացույց պորտդ չկա՞: Վերնաշապիկդ բարձրացրու, պորտդ ցույց տամ: Չեմ հասկանում` ինչ դժվար է քթիդ տակը տեսնելը, որ չես տեսնում: Որ փորիդ վրա պորտդ տեսնես, այնտեղից էլ մի թիզ չափիր ու մի քիչ ներքև ուրիշ բան էլ կգտնես:

– Չեմ ընդօրինակում, բոլոր գրողների ցանկություններն են իրար նման: Բառերն ասել էի, շարունակությունը ծորում էր անձայն. տառապել վախից, վախից կափկափել, սրթսրթալ խելագարության, ոստիկանության, անքնության, բուժակների, մահվան մոտենալուց և ըղձալի կարոտել նրանց, ցանկանալ, տրվել: Ասաց. «Երկար ժամանակ բացակա էիր, հիմա եկել ես, գնանք տուն, միասին թեյ կխմենք»: Համբուրելուց հետո, իմ մարմնից դեռ եկող, հիվանդանոցի հոտն էր առել: «Չէ – ասացի, – դու գիտե՞ս` այնպիսի օծանելիք լինի, որ աղջիկը օծվի, ու նրանից կրծքի կաթի ու մանկան բուրմունք գա, այնպես, որ մարդ փողոցի ցանկացած կեղտի վրա տապալվել ու երակը բացել ցանկանա: Կամոն այդպես ասում է, բայց իհարկե չի անի»: Ասաց. «Նրանք է՞լ են վերադարձել, կարծում էի` ընդմիշտ գնացել են»: «Երկուսով հիմա ինձ են սպասում, մենք հոնորար պիտի ստանանք»: Ես հագնում էի բաճկոնս, վաղուց իրարից չէինք նեղանում, ու մեր համբույրները, հենակետը կորցրած, իրար մխիթարելու նման էին, ու մենք գիտեինք, թե ինչու է այդպես: Գնացի, մարմարե մեծ արձանի ու ծաղկավաճառների մոտով էլ անցա ու գտա նրանց: Երեքով էլ ծխեցինք: Մինչ այդ խոսում էր, հետո Կամոն հանկարծ լռեց. աչքերը նկատելի կարմրած էին: Վարազն էլ, ես էլ համոզված էինք, որ նրա տպագրված պատմվածքը հզոր գործ էր, եթե այդ չէ` էլ ի՞նչ գործ պիտի տպագրեին որ: Ի՞նչ յուրահատուկ էր աղջկա կերպարը: Համ փորն էր գեղեցիկ, համ էլ աչքերը` տերևի նման աղջիկ էր: Ասացի. «Բա տղայի կերպարի հզորությո՞ւնը:

Հայրը խոստացել էր, որ մի օր աստղալից գիշերը տղային դուրս կբերի, կբարձրանան եկեղեցու զանգակատան տանիք ու ցույց կտա Հյուսիսափայլ աստղը: Հետո վթար է պատահում, թե ինչ-որ նման մի բան, ու հայրը մահանում է: Տղան անընդհատ որոնում է Հյուսիսափայլ աստղը: Շատ անգամ նրա ընկերները ցույց են տալիս աստղը, ավելի կոնկրետացրած` ասում են. «Շերեփ աստղի պոչուկից յոթ հեռավորություն հաշվիր և կտեսնես Հյուսիսափայլը»: Տղան այդպես չի կարողանում, մոր` ոսկերիչի մահճակալին գնալուց հետո, քանի անգամ որբանոցի, հետո էլ բուժարանի կտուրին կանգնած, աստղալից երկնքում որոնել ու չի գտել, տղայի համար այլևս չկար այդ աստղը: Հայրը Հյուսիսափայլը տարել էր իր հետ: Ու ամբողջ կյանքի ընթացքում մի մոլորյալ տղա երկնքում իր աստղն է որոնում: Ասացի.»ՙՉէ,՞ Վարազ, ինչ անորոշ, ինչ լավն էր աստղի խորհրդանիշը. չգիտես ինչն էր յուրահատուկ` բուրմունքով աղջի՞կը, թե անսահմանությունից էլ անդինը»: Վարազն ասաց. «Մենք երկուսս էլ այդպիսի գործ չէինք կարող գրել, միայն նա կգրեր...»:

Սպասում էինք, Գարուշը չէր գալիս: Խոսեցինք, խոսեցինք ու նորից զանգահարեցինք Գարուշին, երկար մտածում էր, ասացինք. «Այդքան սպասել ենք...»: Ծաղկավաճառներն արդեն գնում էին, նորից զանգահարեցինք, լսափողը երկար պահել էինք ու չէինք դնում, մինչև որ Գարուշը չարձագանքեց, հետո լռում էր, ասացինք. «Այդքան սպասել ենք... էլի կըսպասենք...»: Գարուշը եկավ, ասաց. «Նայեցի, անցած համարներում այդ գործը չկար, վերջին համարն էլ ես չունեմ, – ասաց, – չգիտեմ` Արամի՞ թե՞ Համլետի մոտ պիտի լինի վերջին համարը: Նրանց հարցրեք»:

Մութ փողոցներում պտուտահողմը ծխախոտի տուփեր ու թղթեր էր փախցնում: Արդեն քաղաքի հարավային ծայրամասն էինք հասել, ու երեք անգամ փողոցի լայնքով կատուները կտրեցին մեր ճանապարհը, մի անգամ էլ միլիցիոներները կանգնեցրին ու չհավատացին, որ Արամին կամ Համլետին ենք որոնում: Ասացին. «Բա ինչո՞ւ եք կույրը կույրին առաջնորդելու պես շրխկոցներ հնչեցնում ու մեջքներդ էլ պատերին քսելով եք գնում»: Ասացինք. «Որ լյուկերը չընկնենք, համ էլ մենք կույր չենք: Կույրը կույրին որ առաջնորդի, բոլորով էլ փոսը չե՞ն ընկնի, – ասացինք, – սատանի քամին գարեջրի դատարկ տուփեր է քշում, նրանց ոստոստալու շրխկոցն եք լսել: Կամոն շատ մեծ գործ է գրել, գնում ենք վերջին համարը Արամի մոտից վերցնենք: Արամի նման մարդու մոտ է ամսագրի վերջին համարը»: Ասացին. «Այս փողոցով չգնաք, չի կարելի, արգելված է»: Մենք ետ դարձանք, նորից եկանք խաչմերուկ և զուգահեռ փողոցով առաջացանք ու հասանք Արամենց տուն:

Մի երեք անգամ դուռը ծեծեցինք, նորից ծեծեցինք, Արամը բացեց: Գիշերազգեստով էր ու քնատ, ասաց. «Այդ համարը ինձ մոտ ե՞րբ է որ, այդ ամսագրի մասին ինձ Համլետն է պատմել: Բայց չգիտեմ` այդպիսի գործ տպագրված էր, թե՞ ոչ»: Վարազն էր, թե՞ Կամոն, ասաց. «Աստղը» վերնագիրն էլ «Աստղը» էր»: Ասացինք. «Դե, որ չես հիշում, գնանք Համլետին հարցնենք»: Հիմա էլ լրիվ հակառակ ուղղությամբ պիտի գնայինք: Կամոն հարցրեց. «Կարող է տպագրա՞ծ չլինեն»: Ասացինք. «Դժվար, կասկածամիտ լինել պետք չէ, ի՞նչ պատմվածք պիտի տպագրեին, որ քո գործը մերժեին: Հետո էլ, լավ իմացիր, քիմիկոսի նման հեղինակավոր մարդն է հոնորարը բաժանում»:

Իմ իմացած ճանապարհով էինք գնում, պարզվեց, որ երկու անգամն էլ սխալ եմ առաջնորդել, նույն թաղամասում շրջապտույտ էինք տվել ու նորից կանգնել ցամաք շատրվանի առաջ: Կամոն զայրացավ ու ինձ իմ երկրավոր արատի անունով կոչեց: Ոչ ես, ոչ էլ Վարազը նրանից չէինք վիրավորվում, մենք էլ իրեն էինք իր մեղսավորության անունով կոչում: Ընդհանրապես իրարից չէինք նեղանում: Մի անգամ, հանգստյան տանը, նույնիսկ կարողացել էինք գրողին ու գրականությանը երկրպագող երկու աղջիկների երեքիս մեջ բաժանել: «Սիամ, Սիամ», – գոռալով էինք գնում, ու մութի մեջ թափառող կատուներից ոչ մեկն էլ մեր կանչերին չէր արձագանքում, ու ափսոսում էինք, որ մեծ ռեժիսորի խոստացած դրամական պարգևը գոնե չենք ստանալու:

Մի խաչմերուկում էլ միլիցիոներները կանգնեցրին, ասացին. «Այս ժամին, էս ի՞նչ եք թափառում, փեշ-փեշի բռնած: Կույրը կույրին առաջնորդելու պես էլ գոռգոռում եք»: Գրպաններս ստուգեցին, հարցրին. «Բա ինչո՞ւ եք մեջքներդ պատերին քսելով ման գալիս»: Ասացինք. «Վախենում ենք լյուկերն ընկնենք, համ էլ մեծ ռեժիսորի կատուն է կորել, նրան էինք կանչում»: Չթողեցին այդ փողոցով բարձրանայինք: Կասկածում էին մեր աչքերի տեսողությանը: Ասացինք. «Կույրը կույրին որ առաջնորդի, բոլորով էլ փոսը չե՞ն ընկնի: Մենք Համլետին պիտի գտնենք, դուք գիտե՞ք` Համլետն ով է, ամսագիրը Համլետի մոտ է, Կամոյի շատ մեծ գործն է տպագրվել: Երեքիցս միայն նրան հաջողվեց տպագրվել, այն էլ` արտասահմանում»: «Ձեզ բացատրեցինք` այս փողոցով արգելված է գնալը, չեմ հասկանում, դըժվա՞ր է ձեր համար աջ թեքվելը, աջ թեքվեք ու գնացեք` ուր ուզում եք»:

Նորից կասկածեցին մեր աչքերի տեսողությանը: Ասացինք. «Սիամը կատվի անունն է, մենք կորած կատվին էինք կանչում, ոչ թե կանչերով` մեկս մյուսիս առաջնորդում»: Մեր հագուստն էլ էր կասկածելի նրանց համար: Հետո ձեռքի լապտերի արձակած դեղին փունջը տարան - բերեցին մեր բիբերի վրայով, ու մեր գլխի մեջ` աչքերի խնձորակների ետևում, հզոր լույս բռնկվեց` վայրկենական պայթեցնող գըլխացավով: Հետո էլ մեզ Վարազն էր առաջնորդում, մի քանի անգամ էլ նա սխալվեց, մի քանի անգամ էլ բնակարանի համարը ճիշտ չգիտենալու պատճառով տարբեր դռներ ծեծեցինք ու երբ Համլետի բնակարանը գտանք, արդեն վաղուց լուսացել էր: Երկաթե դուռը ծեծեցինք, մեզանից ոչ մեկն էլ Համլետին դեմքով չէր ճանաչում, բայց գիտեինք, որ Համլետի տան դուռը երկաթից է լինելու: Բացեցին, մի քանի հոգի էին դռան ետևը կանգնած, Համլետի կինը ասաց. «Գնացել է գործի, խմբագրություն գնացեք»:

Դարձյալ քաղաքի կենտրոն պիտի վերադառնայինք: Ճանապարհին Կամոյի տրամադրությունը կրկին ընկավ, ասացինք. «Այդ պատմըվածքը լավ գործ էր, թե չէ քիմիկոսի աղջիկը այդպես հրապուրված ու շշմած ինչո՞ւ պիտի նրան նայեր, կամ քիմիկոսի նման մարդը, եթե նրա գործը կարդացած չլիներ, չէր ասի` ամսագիրը բեր, որ հոնորարը տամ, կասեր` այդպիսի պատմվածք չկա և վերջ, թե չէ նրա աղջիկը էլ ինչո՞ւ պիտի քեզանով այդքան զարմանար»: Ասացինք. «Հրաշալի կերպարներ կային այդ գործի մեջ»: Հարցրեց. «Այդպիսի օծանելիք լինո՞ւմ է, որ աղջիկը օծվի, ու նրանից կրծքի կաթի ու մանկան հոտ գա, – ասաց, – հիմա էլ մեջս կանգնել, մնացել է»: Երբ մեծ շենքին էինք մոտենում, Վարազն ու Կամոն ասացին. «Դու գնա, պարզապես մեծ ռեժիսորի հեռախոսը չի աշխատում, եթե տնից բացակայեր, հեռուստատեսությամբ ինչո՞ւ պիտի հայտարարություն տար, թե սիամական կատուն կորել է, նա արդեն երկու օր է քեզ է սպասում»: Չգընացի: Խմբագրությունում սենյակից սենյակ` Համլետին որոնեցինք ու գտանք: Առանձնասենյակում նրա աշխատակիցներից էլի մի քանի հոգի կային, ասացինք. «Ամսագրի վերջին համարի պատճառով ենք եկել»: Կամոյի պատմվածքի վերնագիրն էլ «Աստղը» է, քիմիկոսն է պահանջում, որ հոնորարը վճարի»:

Համլետը չուներ ամսագիրը, ինքը Մինասին չէր ճանաչում, նրան Մինասն էր հաղորդել, այն էլ հեռախոսով: Ասացինք. «Դե, Մինասին զանգահարիր, ճշտիր»: Համլետի էլ, առանձնասենյակում լուսանկարի պես ներկայություն ապահովող նրա աշխատակիցների աչքերի մեջ էլ որոշակի իմացություն նկատեցի մեր երկրավոր արատների մասին, տեղեկության լավ գիտակի վըստահությամբ: Ասացի. «Ի՞նչ անենք, որ ուրիշից ես լսել, մեզ հոնորարը շատ է պետք, զանգահարիր Մինասին, ճշտիր»: Նրանք բոլորը գիտակի վստահությամբ հայացքներով զննեցին վերից վար ու դարձյալ տեսան մեր մարմինների` թաքցնել չկարողացնող նշանները, մեր հագուստին էլ նայեցին: Համլետը հարցրեց. «Չի՞ լինի թողնենք վաղը: Էգուց` առավոտ շուտ, ճշտեմ այդ հարցը ու շտապ լուր ուղարկեմ ձեզ»: Ասացինք. «Չէ, գումարը մեզ այսօր շատ է անհրաժեշտ, դեռ երեկ, առաջին օրն էր պետք»:

Հետո Համլետն ու նրա աշխատակիցները միասին դուրս եկան, որ կողքի սենյակի անխափան հեռախոսով զանգահարեն: Երբ միայնակ մնացինք, նկատեցինք, որ Կամոն դարձյալ ջերմություն ունի: Մեզանից մեկը գլխի գցեց, որ դռան` օդի բշտիկներով, անհարթ մակերեսով ապակին, միջանցքով անցուդարձ անողներին` փորերն ուռած, հիվանդ ջրգողների կամ շալակի մեշոկներով` երեխաներ գողացած դերվիշների նման է ցույց տալիս: Ծիծաղում էինք, հետո Կամոն ասաց. «Բա, որ հիմա քիմիկոսի աղջիկը մտածի, թե ես գնացել էի իրենց տուն` գումար շորթելու... Բուրմունքն էլ կրծքի կաթի ու մանկան հոտի պես մեջս կանգնած է... Այդպիսի օծանելիք լինո՞ւմ է...»: «Տեսա՞ր, Համլետը ոնց գործին խառնվեց, – ասացի, – Մինասի նման մարդն էլ ամսագրի այդ համարը իր մոտ է պահում, ենթադրություններ պետք չեն»: Վարազն ասաց. «Այնքան եմ առել այդպիսի օծանելիքի բուրմունք, որ տապալում է թավալվելու պես... Ես գնայի քիմիկոսի տուն, հաստատ գումարը կտար...»:

Վարազին երկրավոր արատի անունով կոչեց, ասաց. «Դո՞ւ, հարբեցող...»: Շրջվեց ինձ. «Ես հաստատ գիտեմ, նա դարձյալ այնտեղից փախել է»: Մենք Վարազին երկուսով էլ սիրում էինք, որովհետև իրեն երբեք չէր գցում հինգերորդ հարկից: Երբ պատի ետևը ապրող աղջիկը գալիս էր ու երգելով նրան գայթակղեցրած տանում, կանգնեցնում էր բաց պատուհանի առաջ ու ասում էր` նետվիր, ես ներքևում քեզ եմ սպասում: Վարազը վերնաշապիկն էր հանում, ոտքը մեկնում էր լուսամուտից դուրս ու այդ պահին էլ գլխի էր ընկնում. գայթակղեցնող աղջկանից չխաբվելու համար ականջները մոմով էր խցկում և գնում էր հարբեցողների տուն` բուժվելու: Իսկ երբ այնտեղից վերադառնում էր, իբրև արդեն բուժված, մենք չէինք հավատում, որովհետև մեր գինու բաժակներից թաքուն կում էր անում և մեր նկատող հայացքներին բացատրում էր, թե մինչև տեղ հասնի այդ մի կաթիլը, կոկորդում կկորչի. ու ինքը մեր անպատասխան լռությունից ու մեր աչքերից տեսնում էր, որ մենք չենք հավատում, գիտենք, ինքը դարձյալ փախել է այն տեղից...:

Համլետը և նրա երեք, թե չորս աշխատակիցները, եկան, ասացին. «Մինասը չկա, ոչ ոք էլ չգիտի` ուր է, ինչ-որ տեղ է գնացել»: Բայց Մինասի տեղակալը շատ մեծ կասկած ունի այդպիսի ամսագրի գոյության վերաբերյալ: Ասում է. «Բոլոր դեպքերում Մինասը հեռու տեղ է գնացել, ե՞րբ կգա, կամ թե կգա՞, ես էլ չեմ կարող ասել»: Հարցրինք. «Հնարավո՞ր չէ, որ Մինասի տեղակալը շփոթված լինի»: Վարազն ասաց. «Թող վերջին համարը նայի, մենք էլ տեղյակ ենք, որ վերջին համարում է տպագրված: Մեզ գումարը շատ է պետք, դեռ երեկ, առաջին օրն էր անհետաձգելի պետք»: Համլետն ասաց. «Չէ, Մինասի տեղակալը տեղյակ է ամեն ինչից, նա չի սխալվի»: Կամոն ասաց. «Զանգահարեմ, ոնց էի մոռացել, որ Գափոյին պիտի զանգեմ»: Գնաց կողքի սենյակը` անխափան հեռախոսի մոտ: Երբ եկավ ու դուրս եկանք, ընկճված էր հուսահատության չափ: Ասացի. «Դու գրել ես այդպիսի պատմվածք, դա քո լավագույն գործն էր, մեր երեքից միայն քեզ հաջողվեց դուրս գալ...»: Ինձ իմ երկրավոր արատի անունով կոչեց, ասաց. «Թմրամոլ, ինչպես չէ, մենք էլ հավատացինք, թե մեծ ռեժիսորն արդեն երկու օր է` իր տանը քեզ է սպասում»: Վարազին նայեց, նրան ասաց. «Ի՞նչ է, մենք չգիտե՞նք, ես հաստատ գիտեմ, նա դարձյալ փախել է այնտեղից»: Ես ու Վարազն էլ նրան կոչեցինք իր երկրավոր արատի անունով:

Երբ մեծ շենքից մի քիչ էլ հեռացանք, մայթեզրին կանգնած մեքենայից մի քանի հոգի իջան ու վազեցին դեպի մեզ: Մենք, Կամոյի դեպի մեքենան առաջնորդվելուց և խմբագրությունում իբրև Գափոյին զանգահարելու պատրվակից, միանգամից գուշակեցինք, որ մեզ երկուսիս ու նաև իրեն ինքն էր մատնել: Ես ու Վարազը սիրում էինք նրան, որովհետև կարողացել էինք նույնիսկ երկուսիս հագուստները երեքիս մեջ բաժանել: Ոչ հրաժարվում էինք նրա դեպի մեքենան առաջնորդելուց, ոչ էլ փախչում` ցրված շղթայով դեպի մեզ վազող, շուրջկալի մեջ վերցնողներից, չէինք էլ դիմադրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter