HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսանյութերը վավերագրում են սիրիացի վարձկանների ներկայությունը ղարաբաղյան հակամարտությունում

Ֆրանսիական «Ֆրանս 24» հեռուստաընկերության «Դիտորդներ» (Les Observateurs) փաստերի ստուգման հաղորդաշարը տեսանյութերի վերլուծությամբ ցույց է տվել սիրիացի վարձկանների մասնակցությունը Արցախում ընթացող ռազմական գործողություններին։ «Դիտորդներ» հաղորդաշարը պատրաստվում է իրադարձությունների ականատեսների վկայությունների հիման վրա, որոնք տեսանյութեր եւ լուսանկարներ են ուղարկում խմբագրություն կամ տարածում են դրանք համացանցում։ Ապա խմբագրության փաստերի ստուգման մասնագետները վերստուգում են դրանք եւ հրապարակում։ «Հետքը» 2019-ին եղել է «Դիտորդների» խմբագրությունում եւ գրել նրանց աշխատանքի մասին։

Թարգմանաբար ներկայացնում ենք «Ֆրանս 24»-ի հետաքննությունը։

Սեպտեմբերի վերջից ռազմական հակամարտություն է բռնկվել Լեռնային Ղարաբաղում (անջատողական անկլավ Ադրբեջանի կազմում, որը հայերի հսկողության տակ է. Ադրբեջանի համար վերապահումով անկլավ կարելի է համարել նախկին ԼՂԻՄ-ը, որը սահման չուներ Հայաստանի հետ, սակայն ԼՂՀ-ն անկլավ չէ - «Հետք»)՝ չնայած զինադադարին, որի մասին համաձայնություն ձեռք բերվեց հոկտեմբերի սկզբին։ Բազմաթիվ տեսանյութեր ցույց են տալիս Սիրիայի հյուսիս-արեւելքից հավաքագրված սիրիացի վարձկանների ներկայությունը եւ ներգրավվածությունը ադրբեջանական բանակում, որին աջակցում է Թուրքիան։ Թուրքական եւ ադրբեջանական իշխանությունները կտրականապես հերքում են իրենց ներգրավվածությունն այս հավաքագրման մեջ՝ չնայած հավաքագրված սիրիացի կռվողների բազմաթիվ վկայություններին, որոնք հրապարակվել են միջազգային մամուլում։

Ուշադրություն, այս հոդվածում առկա որոշ պատկերներ կարող են շոկ առաջացնել զգայուն մարդկանց մոտ

Սեպտեմբերի 27-ից առ այսօր ադրբեջանական իշխանությունները չեն հրապարակել իրենց զոհերի պաշտոնական թիվը, սակայն հաստատում են մի քանի տասնյակ քաղաքացիական զոհերի փաստը։ Հոկտեմբերի 18-ին հաստատված հրադադարը արագ՝մի քանի ժամում, խախտվեց երկու կողմից։

Այս հակամարտության մեջ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, իսկ Հայաստանը՝ ֆինանսապես ու ռազմական առումով՝ Լեռնային Ղարաբաղին։

Առնվազն չորս տեսանյութ՝ տեղորոշված լրագրողների եւ տեղորոշման (գեոլոկացիայի) մասնագետների կողմից, հաստատում են սիրիացի վարձկանների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։

Առաջին տեսանյութ. վարձկանների մարզման ճամբար

«Տելեգրամ» ալիքում սեպտեմբերի 25-ին տարածված այս տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են վարձկանները մարզման ճամբարում պատրաստվում՝ Ադրբեջան մեկնելու։ Տեղացի լրագրողների ասելով, որոնց մեր խմբագրությունը ցույց է տվել տեսանյութից մի հատված՝ երիտասարդ վարձկանները խոսում են հյուսիսարեւմտյան արաբերենով։

Տեսանյութում առկա տարրերի շնորհիվ «Obretix» անունով օգտատերը, որը տեղորոշման մասնագետ է, բացահայտել է նկարահանման վայրը։ Խոսքը Հավար Քիլիս (Hawar Kilis) գյուղի մոտ գտնվող ռազմական ճամբարի մասին է, որը հեռու չէ թուրքական սահմանից՝ Սիրիայի հյուսիսում, որը ձեւավորել է Սիրիական ազատ բանակը 2016-ին:

Հավար Քիլիսում գործող խմբավորումներն արդեն մասնակցել էին «Եփրատի վահան» թուրքական ռազմական գործողությանը, որն իրականացվել էր Սիրիայի հյուսիս-արեւմուտքում 2017-ի գարնանը թե՛ Բաշար Ասադի ռեժիմի, թե՛ «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ:

Երկրորդ տեսանյութ. վարձկանների ժամանումը Ադրբեջան

Սեպտեմբերի 27-ին սիրիական սոցցանցերում մեկ այլ տեսանյութ հայտնվեց։ Տեսնում ենք 4x4 մեքենաների մի շարասյուն, որոնց վրա սիրիացի կռվողներն են, եւ նրանց թուրքերեն ոգեւորում են տեղացիներն ու տեսանյութի հեղինակը։ Կռվողները կրակում են իրենց ինքնաձիգերից եւ վանկարկում՝ «[Մարգարեն] Մուհամեդը [միշտ] կլինի մեր ուղեկիցը»: Այս մարտակոչը բնորոշ է Սիրիայի ազգային բանակի (ANS) գումարտակներին, որոնց մի մասը Սիրիական ազատ բանակի (ASL) մաս էին կազմում (ASL - սիրիական ապստամբ զինված խմբավորումների կոալիցիա, որը ձեւավորվել է 2011 թ.՝ սիրիական ռեժիմի դեմ կռվելու նպատակով):

Համացանցի օգտատերերն ու աշխարհագրական դիրքի տեղորոշման մեջ մասնագիտացած լրատվամիջոցները վիզուալ տարրերի շնորհիվ կարողացան գտնել այն վայրը, որտեղ նկարահանվել է այս երկրորդ տեսանյութը. Ադրբեջանի հարավում՝ Ղարաբաղի տարածաշրջանում գտնվող Հորադիզ քաղաքի մի բուլվարում։

Երրորդ տեսանյութ. վարձկաններն իրենց ընկերներին կոչ են անում միանալ իրենց Ադրբեջանում

Հոկտեմբերի 3-ին Հալեպի տեղական տեղեկատվական հարթակներից վերցված այս տեսանյութը նկարահանել է մի սիրիացի վարձկան։ Այն նախատեսված է Սիրիայում մնացած նրա գործընկերների համար։ Տեսանյութի վրա (կարմիր) լոգո կա՝ [Սիրիական] ազգային բանակը Ադրբեջանում։

«Ֆրանս 24»-ի «Դիտորդների» խմբագրությունը կարողացել է կապ գտնել այս դրվագում երեւացող մարտիկների եւ «Սուլթան Մուրադ» խմբավորման միջեւ, որը Սիրիայի ազգային բանակի՝թուրքմենական ծագմամբ խմբավորում է։ Տեսանյութում լսվում է ժողովրդական երաժշտություն, որը գովերգում է այս նույն խմբավորումը: Հեղինակը հրավիրում է իր ընկերներին պարելու եւ դիրք բռնելու՝ վիդեոյի համար։ Ապա քաջալերում է Սիրիայում մնացած մարտիկներին կամավորագրվել։ «Բարով գաք, միացեք մեզ, որպեսզի միասին զվարճանանք՝ ընդդեմ Հայաստանի»,- տեսախցիկի առաջ լայն ժպտալով՝ նետում է այս խոսքերը։ Նրանցից ոմանք զինվորական հագուստով են ու ինքնաձիգներով։

Չորրորդ տեսանյութ. դաժան առճակատում հայ զինվորների հետ

Այս տեսանյութը ռազմաճակատում նկարահանվել է Սիրիական ազգային բանակի «ալ Ֆարուք» (ստեղծված 2011-ին) բրիգադին փոխկապակցված «Համզա» դիվիզիայի մարտիկներից մեկի կողմից մոտավորապես հոկտեմբերի 3-ին եւ տարածվել սոցցանցերում հոկտեմբերի 10-ից։ Այստեղ երեւում են գետնին ընկած հայ զինվորների մարմինները։ «Փառք Աստծո, ահա նրանց ավարն ու զինամթերքը: Աստված մեզ հաղթել կտա յուրաքանչյուր խոզի եւ յուրաքանչյուր անհավատի», - հայտարարում է նա՝ առաջ շարժվելով մարմինների միջով:

Ցնցող տեսարանների պատճառով մենք բավարարվում ենք՝ տեղադրելով բնօրինակ տեսանյութից այս աղոտ հատվածը

«Bellingcat»-ի լրագրող Ալեքսանդր ՄըքՔիվերը աշխարհագրորեն տեղորոշել է միջադեպի վայրը. իրանական սահմանից ոչ հեռու՝ Ադրբեջանի հարավում գտնվող Մարջան գյուղի մոտ, որն ադրբեջանցիների վերահսկողության տակ է։

Չնայած սիրիացի վարձկանները սոցցանցերում լայնորեն տարածում են ղարաբաղյան հակամարտության մեջ իրենց ներգրավվածությունը հավաստող տեսանյութեր, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները կտրականապես հերքում են նրանց ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։

«Գաղափարական հարթությունը վերացել է, այսօր շարժառիթը աշխատավարձն է»

Մարդու իրավունքների սիրիական դիտորդ կենտրոնի (OSDH) զեկույցի համաձայն՝ հոկտեմբերի 18-ի դրությամբ առնվազն 134 սիրիացի վարձկան է սպանվել Ադրբեջանում, որոնցից 92-ը հայրենադարձներ էին։ Նույն աղբյուրը պնդում է, որ հակամարտության սկզբից ի վեր ամենաքիչը 2050 վարձկան է տեղափոխվել Սիրիայից, յուրաքանչյուր խմբում՝ 400 զինյալ։ «Ֆրանս 24»-ի «Դիտորդների» խմբագրությունը չկարողացավ այս թվերն անկախ ստուգման ենթարկել, ոչ էլ կարողացավ կապ հաստատել սիրիացի որեւէ զինյալի հետ։ Բրիտանական «The Independent»-ի համաձայն, որը կարողացել է խոսել Ադրբեջան մեկնած զինյալներից մեկի հետ, առաջին հավաքագրումը կատարվել է այս տարվա հուլիսին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության ժամանակ։ Նրանց խոստացվել էր 1200-1500 դոլար աշխատավարձ՝ նշանակալի գումար մի երկրի համար, որտեղ բնակչության 83 %-ն ապրում է աղքատության շեմից ցածր՝ համաձայն ՄԱԿ-ի 2019 թ. զեկույցի։ Ֆեննի Ալարկոնը, ով սիրիացի անկանոն խմբավորումների գծով փորձագետ է եւ «Intelligence Online» պարբերականի լրագրող, բացատրում է. «Սա Թուրքիայի համար գրեթե բնական է դառնում՝ ներգրավել այս զինյալներին զինված բախումներում: Նրանք էժան են, պատրաստված են. դա հեշտ աշխատանք է»:

Այս զինյալներն աշխատավարձի կարիք ունեն եւ կռվել գիտեն։ Թուրքիան պաշտոնապես ներխուժեց Սիրիայի հյուսիս-արեւելք 2017, 2018, 2019 թվականներին։ Այս գործողություններից յուրաքանչյուրի դեպքում Թուրքիան չէր ցանկանում ուղիղ կերպով ներգրավել իր բանակը, ուստի դիմեց սիրիացի վարձկանների օգնությանը, որոնք իրենց հերթին հենակետեր ստեղծեցին՝ ընդդեմ քրդական ինքնավար վարչակազմի:

Ղարաբաղյան հակամարտությունում դա այնպիսի ենթադրյալ աջակցություն չէ, ինչպիսին որ է Լիբիայում կամ Սիրիայի հյուսիսում: Դա պրոգրեսիվ աջակցություն է, եւ առաջին հայացքից Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունները շահագրգռված չեն սիրիացի վարձկանների օգտագործմամբ. դա նրանց համար լավ իմիջ չի ստեղծում, հատկապես, երբ վարձկաններն իրենց ցուցադրում են դեպքի վայրում [տեսանյութերում- խմբագրի նշում]:

Այս տեսանյութում, որը հրապարակվել է հոկտեմբերի 12-ին, սիրիացի զինյալներն են Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատում։ «Առաջ կանգնեք (…) Մեզ ավելի շատ զինամթերք է պետք։ Ալլահ աքբար»,- գոչում է վարձկաններից մեկը իր ընկերներին։

Ֆեննի Ալարկոնն ասում է, որ Սիրիայի ազգային բանակի խմբավորումները գաղափարական տարբեր հավատամքներ ունեն. «Նրանք ջիհադիստներ չեն։ Թուրքիան չի օգտագործում այդպիսի մարդկանց։ Դրանք սիրիական կոնֆլիկտի սկզբում ձեւավորված խմբավորումներ են, հատկապես՝ Հալեպից։ Նրանք հարում են Սիրիական ազատ բանակին, որը քաղաքացիական պատերազմի ժամանակ պայքարում էր սիրիական ռեժիմի դեմ, եւ որին աջակցում էին որոշ պետություններ, դրանց թվում՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն։ Կարճ ասած՝ սիրիացի վարձկանների շարժառիթը աշխատանք եւ աշխատավարձ ունենալն է»։

Այս երիտասարդ վարձկանը, որին հետազոտող Էլիզաբեթ Ցուրկովը ճանաչել է որպես Մուստաֆա Քանտի՝ 23 տարեկան, նկարահանել է այստեսանյութն առաջնագծում: Նա ի սկզբանե հավաքագրվել էր «Համզա» խմբավորման կողմից եւ սկզբում մեկնելու էր Լիբիայում կռվելու: Ակնհայտորեն վախեցած՝ նա հայտարարում է իր տեսանյութում. «Աստված, մեղմ եղիր (...): Բեկորներ՝ գետնին»:

Մուստաֆա Քանտիի մեկ այլ տեսանյութ, որտեղ նա բացահայտում է հայ զինվորների զինամթերքը։ Տեսանյութը տեղորոշվել է  Հորադիզ քաղաքի սահմանների մոտ։

«2020-ին չկան խմբավորումներ, որ չօգտագործեն կրոնական ելույթներ, սա է բազայինը»

Սիրիայից ստացված այլ տեսանյութերում երեւում են շեյխերի կամ այդ խմբավորումների ղեկավարների ելույթները, որոնք պատասխանատու են հավաքագրման համար Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, որը շատ է տուժել պատերազմից եւ ծայրահեղ աղքատությունից։ Այս դրվագը, որը ստուգել է տեղական «Afrin Post»-ը, արձանագրվել է Շեյխ ալ Հադիդում՝ Հալեպի շրջաններից մեկում, որը մի քանի կմ է հեռու թուրքական սահմանից։ Ելույթը հնչել է վարձկաններից մեկի հուղարկավորության ժամանակ, որը մահացել է Լեռնային Ղարաբաղում։ «Ումման այսօր վտանգված է, մեր պայքարը Ադրբեջանում նույնն է, ինչ Լեւանտում: Ձեր [կրոնական] պարտքն է մարտական գործողությունների գնալ Լիբիայում եւ Ադրբեջանում»,- քարոզում է շեյխը իր ելույթում:

Փորձագետ Ֆեննի Ալարկոնն ասում է. «Հավաքագրումը կատարվում է թուրքական հետախուզական ծառայության միջոցով, որը հրահանգավորում է Սիրիայի ազգային բանակին եւ նշանակում խմբավորումների ղեկավարներին՝ սիրիացիներին Թուրքիա բերելու եւ Հայաստան ուղարկելու համար [ինչպես ցույցտվեց «Stepnews» արաբալեզու գործակալությունը]: Դա իրականացվում է այս պետական ծառայության միջոցով, եւ ոչ թե մասնավոր ընկերությունների, ինչպիսին է ռուսական «Վագներ» խումբը, որը վարձկաններ էր հավաքագրում՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում կամ Վենեսուելայում կռվելու համար [ինչպես ցույց է տվել «Mondafrique» գործակալությունը- խմբ.]: Կրոնական դիսկուրսն իսկապես առկա է սիրիացիների շրջանում 2011 թվականից ի վեր: Արմատականության աճը սիրիական ապստամբության կառուցվածքի կենտրոնում է:

2020-ին մենք չենք տեսնում որեւէ խմբավորում, որը չի օգտագործում կրոնական դիսկուրս, սա բազային մակարդակն է, այն իրականում լծակ չէ: Սիրիական ապստամբության առավել արմատական խմբերը, ինչպիսիք են «Ահրար ալ Շամը» կամ նախկին «Ջաբթահ ալ Նուսրան», շատ հզորացան քաղաքացիական պատերազմի ընթացքում եւ մղեցին այլ խմբավորումների, ներառյալ՝ Թուրքիայի կողմից վարձու վարձկաններին, ընդունել նույն դիսկուրսը»:

Վերջին տվյլաներով՝ մարդկային զոհերը հոկտեմբերի 18-ին հայկական կողմից կազմել են ավելի քան 700 հոգի, իսկ ադրբեջանական կողմից՝ 60 խաղաղ բնակիչ: Հոկտեմբերի 8-ի դրությամբ տեղահանվել էր վիճահարույց տարածքի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության գրեթե կեսը կամ մոտ 75.000 խաղաղ բնակիչ:

Հեղինակ՝ Ֆաթմա Բեն Համադ

Թարգմանությունը՝ Լիանա Սայադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter