
Ամերիկահայերը ռազմաարդյունաբերական կորպորացիաներից պահանջում են խզել պայմանագրերը Թուրքիայի հետ
Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, վաղ առավոտվանից մի խումբ ամերիկահայ ակտիվիստներ Կալիֆորնիայում բողոքի ակցիա էին իրականացնում ամերիկյան «ViaSat» ընկերության շենքի մոտ՝ պահանջելով դադարեցնել արբանյակային կապի և սարքավորումների վաճառքը Թուրքիային։
Դեռևս 2006 թ.-ին «ViaSat»-ն ընտրվել էր որպես MIDS (Multifunctional Information Distribution System - բազմաֆունկցիոնալ տեղեկատվության բաշխման համակարգ) մարտավարական ցանցի տերմինալների մատակարար Թուրքիայի օդուժի համար։ Իսկ 2015 թ.-ին փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել թուրքական «Aydin Yazilim ve Elektronik San» (Ayesas) ընկերության հետ՝ ռազմական TDL (tactical data link) ապրանքների և ծառայություններ զարգացնելու համար։
Այժմ թուրքական բանակն օգտագործում է «ViaSat» ընկերության արտադրանքը և կապի տեխնոլոգիաները թուրքական «Bayraktar TB2» և «Anka-S» մարտական ԱԹՍ-ների համար։
Ակցիայի մասնակիցներն ընկերության ուշադրությունը հրավիրել են այն հանգամանքի վրա, որ իրենց արտադրանքն օգտագործվում է Արցախի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ։
Բանակցությունների արդյունքում ընկերությունը ակցիայի մասնակիցներին հայտարարել է, որ նպատակադրված է դադարեցնել մատակարարումները Թուրքիային և մոտակա ժամանակները դիմելու է ԱՄՆ պետական կառույցներին՝ պահանջելով քննել, թե ինչպես է Թուրքիան օգտագործում իրենց տեխնոլոգիաները։
Ըստ ակցիայի կազմակերպիչների՝ «ViaSat» ընկերության ներկայացուցիչը ցավակցել է բոլոր զոհվածների ընտանիքներին և դատապարտել զենքերի օգտագործումը խաղաղ բնակրչության դեմ, պնդել է, որ ընկերությունը տեղյակ չի եղել, որ իր արտադրանքն օգտագործվել է խաղաղ բնակչության դեմ և հիվանդանոցներ ռմբակոծելու համար։
«Ես շնորհակալ եմ այս խաղաղ ցույցի համար։ Հուսով եմ, որ ձեր ձայները կլսվեն, և այս ահաբեկչությունը, այս ցեղասպանությունը կանգ կառնի։ Աստված ձեզ օրհնի, իմ սիրտը և իմ աղոթքները ձեզ հետ են»,- ակցիայի կազմակերպիչներին ասել է ընկերության նախագահ Քեն Փիթերմանը։
«ViaSat»-ը մոտ օրերս հանդես է գալու պաշտոնական հայտարարությամբ։
Գրեթե միևնույն ժամանակ ԱՄՆ մեկ այլ նահանգում՝ Կոլորադոյի Լուիսվիլ քաղաքում ամերիկահայերը բողոքի ակցիա են իրականացրել «Lockheed Martin» ռազմաարդյունաբերական ընկերության առջև։
Պահանջը նույնն էր՝ չեղարկել պայմանագրերը Թուրքիայի հետ և դադարեցնել ռազմական տեխնոլոգիաների և արտադրանքի տրամադրումը Թուրքիային։
«Lockheed Martin» կորպորացիան «Turkish Aircraft Industries (TAI)» թուրքական ընկերության հետ համատեղ թուրքական օդուժի համար արտադրում է F-16 կործանիչները։ Ընկերությունը նաև արտադրում է թիրախի հայտնաբերման և նույնականացման համակարգեր F-16 կործանիչների համար, ինչպես նաև՝ «Hellfire II Missle» հրթիռները, որոնք օգտագործվում են «S-70B Seahawk» կոչվող ուղղաթիռների համար։
«Մենք հույս ունենք, որ ընկերությունը դրական հայտարարություն կանի և ցույց կտա, որ նրանք մեր կողքին են կանգնած և դեմ են խաղաղ բնակչության ռմբակոծմանը»,- ասել է մասնակիցներից Տիգրան Մուրադյանը։
Ակցիայի մասնակիցները «Lockheed Martin» շենքի դիմաց տեղադրել էին պարանների վրա կախված արյունոտ հագուստ՝ ցույց տալու համար Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ռազմական հանցագործություններն ու բռնությունը:
Ի տարբերություն «ViaSat» ընկերության, «Lockheed Martin»-ից որևէ ներկայացուցիչ չհանդիպեց բողոքի ակցիայի մասնակիցներին, ընկերությունը դեռ որևէ պաշտոնական հայտարարություն և դիրքորոշում չի հայտնել։
Նշենք նաև, որ ամերիկահայերի գործողությունների շնորհիվ երկու ամերիկյան ընկերություններ հրաժարվեցին Ադրբեջանից որպես հաճախորդ՝ «DLA Piper» իրավաբանական ընկերությունը եւ «The Livingston Group» լոբբիստական կորպորացիան։
Մեկնաբանել