
Գնիր գիրք, օգնիր զինվորին
Եղիշե Չարենցի տուն-թանգարանն արդեն երեք օր է՝ հանդես է գալիս գրքերի վաճառքի նախաձեռնությամբ: Թանգարանի հրատարակած բոլոր գրքերը վաճառվում են զեղչված արժեքով, ողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
«Հաշվի առնելով թանգարանի բնույթը՝ այն պատկանում է մեր հայ ժողովրդի մեծանուն բանաստեղծ Չարենցին, և քանի որ նա նույնպես եղել է հրատարակիչ, այսօր էլ այդ առաքելությունը շարունակում է թանգարանը, որոշեցինք թանգարանի հրատարակած գրքերի միջոցով, որոնք հիմա զեղչված են 50/70 %-ով, քան իրականում արժեն, այդ ամբողջը վաճառել և ստացված հասույթը փոխանցել հիմնադրամին»,-ասում է տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Մանուկյանը:
Չարենցի տուն-թանգարանն ունի տասներկու աշխատակից: Ասում են, որ աշխատանքի բաժանում չեն արել, բոլորը նույն ոգևորությամբ են աշխատում:
«Նախաձեռնությունը սկսել ենք երեքշաբթի օրվանից: Վաճառում ենք ինչպես թանգարանի հրատարակած, այնպես էլ այլ գրքեր: Այս պահին յուրաքանչյուրիս ներդրումը շատ կարևոր է»,- նշում է թանգարանի գիտաշխատող Սիրանուշ Փարսադանյանը:
Թանգարանն իրականացրել է նաև «Նամակ զինվորին» խորագրով նախաձեռնություն, որի նպատակը մեր զինծառայողներին շնորհակալություն հայտնելն էր: Նամակներն ավարտվում են չարենցյան ստեղծագործություններով: Թանգարանում հյուրընկալել են նաեւ արցախցի երեխաներին՝ ծանոթացնելով Չարենցի կյանքին և ստեղծագործությանը:
«Բացի Չարենցի թանգարանի հրատարակած գրքերից, մեր աշխատակիցներն իրենց գրած գրքերը ևս դրել են վաճառքի, համեմատաբար ավելի էժան տարբերակով։ Այդ վաճառքի հասույթն էլ կգումարվի թանգարանի հրատարակած գրքերին և կփոխանցվի բանակին»,- հավելում է Ժաննա Մանուկյանը:
Հիշեցնենք, որ թանգարանը գտնվում է Մաշտոցի 17 հասցեում: Վաղը նախաձեռնության վերջին օրն է, գիրք գնել ցանկացողները կարող են այցելել թանգարան ժամը 10:00-ից մինչեւ 17:00:
Սվետլանա Դավթյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրս
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել