HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսպանիայում կորոնավիրուսի տարածումը դարձել է անվերահսկելի

Իսպանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքը սպառնալիքից վեր է ածվել իրականության, երկրի որոշ շրջաններում վիրուսի տարածումը հնարավոր չէ վերահսկել։ Այդ մասին հայտարարել է Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոր Իլյան։

Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է ձեռնարկել առավել արմատական գործողություններ։ Կառավարությունը տեղական իշխանությունների հետ սկսել է քննարկել գործողությունների հետագա քայլերը, որոնց մասին կհայտարարվի ուրբաթ՝ հոկտեմբերի 23-ին, երբ կլրանա Մադրիդի ինքնավար համայնքի տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը, որը գործում էր հոկտեմբերի 9-ից։

Նախարարը հավելել է, որ Մադրիդում հիվանդության տարածման տեմպերը կրճատվել են, սակայն այդ ցուցանիշները մնում են բարձր։ «El Mundo» պարբերականը, հղում անելով մշակվող նախագծի սևագիր տարբերակին, գրում է, որ առողջապահության նախարարությունը կարող է խորհուրդ տալ տեղական իշխանություններին բարձրացնել վտանգի մակարդակը և խստացնել առկա սահմանափակումները, օրինակ, սահմանել պարետային ժամ։ Գերատեսչությունը նաև ընդգծում է, որ քաղաքացիները պետք է խուսափեն զանգվածային միջոցառումներից։

Հոկտեմբերի 21-ին Իսպանիան դարձել է Եվրամիության առաջին երկիրը և վեցերորդը աշխարհում, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է մեկ միլիոնը։ Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվն Իսպանիայում հասել է 1 046 641-ի, մահացել է 34 336 պացիենտ։

Ռուսաստանում էլ, վերջին մեկ օրվա ընթացքում, գրանցվել է կորոնավիրուսի 15 971 նոր դեպք։ Այս ցուցանիշը 271-ով ավելին է, քան մեկ օր առաջ։ Այդ մասին հայտարարել է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Կորոնավիրուսի համավարակից ի վեր Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1 463 306 դեպք։ Մոսկվայում նոր դեպքերի թիվը 4413 է, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ 697։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի համավարակից ի վեր Ռուսաստանում վիրուսից մահացել է 25 242 մարդ, որից 290-ը միայն վերջին մեկ օրվա ընթացքում։ 

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 41 միլիոնը։ Այդ մասին էլ հայտնել է Ջոնս Հոփքինսի համալսարանը։ Կորոնավիրուսի ցուցանիշներով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն (8,37 միլիոն), Հնդկաստանը (7,706 միլիոն) և Բրազիլիան (5,298 միլիոն)։ Ռուսաստանը գտնվում է 4-րդ հորիզոնականում։

Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter