
«Հետքի» լրագրողի գործով ապացույցը չկցվեց գործին
Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ «Հետքի» լրագրող Ադրինե Թորոսյանի գործով երեկ`մարտի 23-ին, կայացած հերթական դատական նիստին հայցվորը հերթական «ավարտական ճառը» ներկայացրեց դատարանին: Պատասխանողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն առարկեց այդ փաստաթղթի դեմ`ասելով. «Սա քրեակա՞ն վարույթ է, որ ավարտական ճառեր են ներկայացվում»:
Դատավոր Վարդուհի Հովնանյանը բացատրեց, որ հայցվորն իր դիրքորոշումն է այդպես վերնագրել: Տիգրան Եգորյանը, սակայն, նկատեց, որ հայցվորի գրավոր դիրքորոշումը` «ավարտական ճառ» վերնագրով, արդեն ընդունվել է դատավորի կողմից: Վերջինս գյուղապետի հերթական «ավարտական ճառը» նրան վերադարձրեց: Վանո Եղիազարյանը պնդեց, որ դա ըստ էության պատասխան է: Փաստաբան Եգորյանը դարձյալ առարկեց`ասելով, որ օրենքը հնարավորություն է տալիս հայցադիմումին պատասխան ներկայացնել, սակայն չկա այնպիսի ընթացակարգ, որ պատասխանին պատասխան ներկայացվի, ներկայացված պատասխանին`նոր պատասխան և այսպես շարունակ:
Հայցվոր Վանո Եղիազարյանը դատական ամբիոնից հայտարարեց, որ պատասխանող Ա. Թորոսյանը, լինելով իր նախկին ուսանողը, կանխամտածված անվանարկել է իրեն: Ըստ գյուղապետի` պատճառն այն է, որ պատասխանողն իբր ցանկացել է դասախոս աշխատել Վանաձորի մանկավարժական ինստիտուտում, դա նրան չի հաջողվել, և այժմ նա վրեժխնդիր է լինում իր նախկին դասախոսներից:
Ապա Վանո Եղիազարյանը հանդես եկավ ծավալուն ելույթով, որպեսզի, իր խոսքով, «հուշեր արթնացնի» նախկին ուսանողի մեջ: «Նա կարող է հիշել իր ուսանողության տարիները, երբ որ ես իր դասախոսն եմ եղել, ինքը 5 է նշանակվել իմ կողմից, ոչ թե ստացել է, այլ նշանակվել…»:
«Թողեք բարոյական դաս տամ, թողեք»,-շարունակեց գյուղապետը`ուշադրություն չդարձնելով իր ելույթի դեմ պատասխանողի և նրա ներկայացուցիչների առարկություններին: Փաստաբան Տիգրան Եգորյանը նկատեց. «Այսինքն`պնդում եք, որ գնահատական եք նշանակել ուսանողին ոչ ինտելեկտուալ և մտավոր կարողությունների համար»: (Հետաքրքիր է` ինչ կասի բուհի ղեկավարությունը դասախոսի այսօրինակ ինքնախոստովանության կապակցությամբ, որ ուսանողին գնահատական է նշանակվում ոչ իր գիտելիքի համար): Դատավորն ընդհատեց փաստաբանի դիտարկումը`խոսքը դարձյալ փոխանցելով գյուղապետին:
Այդ ընթացքում խախտում արձանագրվեց դատական կարգադրիչի կողմից: Փաստաբան Եգորյանը բացարկ հայտնեց կարգադրիչի անօրինական գործողության դեմ, որ առանց դատավորի համապատասխան որոշման նիստին ներկա քաղաքացի Գևորգ Մելքոնյանին դուրս հրավիրեց դահլիճից: Դատավորը մինչև վերջ ժխտում էր, որ քաղաքացին կարգադրիչի կողմից է հեռացվել դահլիճից: «Որևէ ձևով ասաց, որ դուրս հանեց, լսեցիք, որ դուրս հանեց,-ասում էր դատավորը,-Կարգադրիչը որևէ բառ չասաց, որևէ մեկը դուրս չի հանվել: Թող դուրս չգնար»: Փաստաբաններն ու ներկաները վկայեցին, որ կարգադրիչը ձեռքի շարժումով է քաղաքացուն հրավիրել դուրս: Փաստաբանները պահանջեցին, որ դատավորը ներս հրավիրի կարգադրիչի ապօրինի գործողության արդյունքում դրսում հայտնված քաղաքացուն, ինչին ի պատասխան դատավորը նշեց, որ ինքը ոչ մեկին դուրս չի հրավիրել ու ոչ մեկին էլ ներս չի հրավիրի: Ի պատասխան դրա' Լուսինե Հակոբյանը հայտարարեց, որ ինքը ներս կհրավիրի քաղաքացուն և նիստերի դալիճից դուրս գալով նրան վերադարձրեց դահլիճ:
Գյուղապետը բողոքում էր, որ լրագրողը մամուլով շարունակաբար անվանարկել ու հետապնդել է իրեն. «Սկսում է հետապնդումներ իմ անձի հանդեպ, թե ես որ ժամին որտեղ եմ եղել: Նույնիսկ դիմում է գրում մարզպետին, ԿԳ նախարությանը, թե ես իրավունք ունեմ գյուղապետ լինել և միաժամանակ ներկայացուցիչ լինել; Դիմում է նույն ռեկտորին`պարզելու, թե երբ եմ ընտրվել դոցենտ; Սկսում է մի այլանդակ հետաքննություն իմ անձի, գործունեության հանդեպ… Եթե նա արդար լրագրող է, ինչու է կանգնել զրպարտիչների կողքին, ինչու է նրանց շահերը պաշտպանում լրատվության միջոցով: Դատարանին տեղեկացնում եմ, որ մասնակցել է այլ դատական նիստերի ևս, որտեղ փորձել է քողարկել իմ դիրքորոշումը: Նրա հրապարակումները կողմնակալ են: Ավելին, նա լկտիաբար դատական նիստերից մեկի ժամանակ, հակառակ իմ կամքի, լուսանկարել է ինձ…»:
Փաստաբաններն առարկեցին նաև այս ձևակերպումների դեմ. «Եվ մենք պետք է շարունակենք լսե՞լ այս վիրավորանքները»,- դատավորին հարցրեց Լուսինե Հակոբյանը, ինչից հետո միայն դատավորը «հորդորեց» գյուղապետին զերծ մնալ որակումներից:
Տիգրան Եգորյանը, հայցվոր Եղիազարյանի ելույթը գնահատելով «վստահված խոսքի և ձայնի իրավունքի չարաշահում», դատավոր Հովնանյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ ամբիոնը հայցվորի կողմից օգտագործվում է անձնական նպատակներով`դատական նիստին ոչ հարիր նյութերի հրապարակման համար:
Գյուղապետի «ավարտական ճառի» ընթերցումից հետո պատասխանողի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը Վանո Եղիազարյանին հիշեցրեց, որ նա շարքային քաղաքացի չէ, այլ հասարակական գործիչ և հանրային հետաքրքություն ներկայացնող անձ: Ապա ծանոթացրեց նրան այն կազմակերպությանը, որ պատասխանողն է ներկայացնում` «Հետաքննող լրագրողներ»: Բացատրեց գյուղապետին, որ լրագրողները, առավել ևս`հետաքննող, ունեն լրագրողական հետաքննություն անցկացնելու իրավունք: Եվ այդ ընթացքում տեղեկատվություն ստանալու նպատակով կարող են հարցումներ ու դիմումներ հասցեագրել ցանկացած պետական և մասնավոր կազմակերպության: «Ոչ միայն իրավունք ունեն, այլև պարտականություն»,-ավելացրեց Տիգրան Եգորյանը: Վերջինս գյուղապետի`դատարանում հնչած ճառի հետ կապված նկատեց, որ նա նույն`ուսանող-դասախոս հարաբերությունից ելնելով էր լրագրողի նկատմամբ 1 միլիոն դրամի պահանջն իջեցրել 1 լումայի`առաջնորդվելով իբր բարոյական սկզբունքներով: «Անհասկանալի է, թե ինչպես այդ տարիների հիշողության ողջ բեռը նախնական դատական նիստի ժամանակ Ձեզ վրա անդրադարձավ այնպես, որ պահաջը իջեցնեք 1 լումայի, իսկ այժմ «բարոյական դաս» կարդաք»,-գյուղապետին դիմեց Եգորյանը:
Ներկայացուցիչները ցանկանում էին ճշտել` կոնկրետ ինչպես է հայցվորն ընկալում զրպարտությունը և ինչպես է իրեն զրպարտված համարում լրագրողի հոդվածով: Ինչպես է «արածել» բառը վիրավորել գյուղապետին և, վերջինիս խոսքով, բացասական էմոցիա առաջացրել իր անձի և անվան շուրջը: Սակայն դատավորը նրանց թույլ չտվեց իրենց հարցերն ուղղել հայցվորին: Ասաց, որ իր կողմից հայցվորն արդեն կանչվել է հարցաքննության, և «հարցեր տալու փուլն» անցել է, իսկ ներկայացուցիչներն այդ ընթացքում հարց չեն ուղղել հայցվորին:
Այս կապակցությամբ ներկայացուցիչները դիրքորոշում հայտնեցին, որ կողմերին հարցաքննության կանչելով`դատավոր Հովնանյանը չի հայտարարել, որ սկսվում է ապացույցների հետազոտման փուլը, որի ընթացքում պետք է անդրադառնան դատարանի որոշմամբ կողմերի միջև բաշխված պարտականություններին, այն է` պատասխանողը պետք է հիմնավորի իր հրապարակման նպատակը, իսկ հայցվորը պարզաբանի, թե այդ հրապարակմամբ ինչպես է արատավորվել իր պատիվն ու արժանապատվությունը: Բայց դատավորը չի հայտարարել այդ մասին, իրենք էլ հնարավորություն չեն ունեցել իրենց հարցերն ուղղելու հայցվորին:
Այդ փուլում էր, երբ Վանո Եղիազարյանը համարեց, որ ժամանակն է լքել նիստերի դահլիճը, բայց քաղաքավարությունից դրդված պատճառաբանեց, որ այլ գործեր ունի և նույնիսկ թույլտվություն հայցեց դատավորից: Դատավորը մեծահոգաբար թույլ տվեց` ասելով` դա ձեր իրավունքն է:
Դատավոր Հովնանյանը հրաժարվեց գործին կցել փաստաբանների`դատարանին որպես ապացույց ներկայացրած` հրապարակման նպատակը հիմնավորող գրավոր բացատրությունը, ինչպես նաև գյուղապետ Վանո Եղիազարյանի կողմից պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով իր համագյուղացիների դեմ հարուցված 10 դատական գործերի ցանկը`բոլորը գումարային պահանջով: Վերջին ապացույցը փաստաբանները ներկայացրելմ էին հետևյալ հիմնավորմամբ. ընթերցողը պատասխանողի հրապարակումից 2 եզրահանգման կարող է գալ. կամ գյուղապետն օգտվել է օրենքով ընձեռնված պաշտպանության միջոցից (վիրավորանքի դեպքում օրենքը 1 միլիոն դրամի փոխհատուցման հնարավորություն է տալիս), կամ ագահություն է անում, որ համագյուղացիներից և լրագրողից մեծ չափի փոխհատուցում է պահանջում: Նշված 10 գործերի ցանկը ներկայացնելով`փաստաբանները նպատակ ունեն հիմնավորելու, որ եթե նույնիսկ ընթերցողը երկրորդ կարծիքին հանգի, ապա դա ընդհանրապես անհիմն չէ: Դատավորը փաստաբանների գրավոր բացատրությունը չընդունեց`պատճառաբանություն բերելով մրցակցության սկզբունքը, քանի որ ներկայացուցիչների միջնորդության հիման վրա մերժել է ընդունել հայցվորի «ավարտական ճառը»:
Մյուս ապացույցը` գյուղապետի փոխհատուցումների ցանկը, դատավորը չընդունեց` պատճառաբանելով, որ այն չի ներկայացվել նախնական դատական նիստի ընթացքում: Վկայակոչեց օրենքը, ըստ որի`դատաքննությունն սկսելուց հետո գործին մասնակցող անձը կարող է լրացուցիչ ապացույցներ ներկայացնել, եթե հիմնավորի, որ դրանք նախնական քննության ընթացքում չի ներկայացրել իրենից անկախ պատճառներով: Ներկայացվեց նաև փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, որը դատավորը զարմանալիորեն ընդունեց` ընդամենը հետաքրքրվելով, թե ինչու են նոր ներկայացնում:Փաստաբանները բացատրեցին, որ թղթերի բամազանության մեջ չնկատելով` չեն փոխանցել դատավորին:
Ներկայացուցիչները փորձեցին ապացույցները կցել գործին` վկայակոչելով այլ հանգամանքներ: Պնդեցին, որ ըստ նախապես որոշված`ապացույցների բաշխման բեռի`պատասխանողը կրում է իր հրապարակման նպատակը հիմնավորելու, ինչպես նաև հայցվորի որակած վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնելու պարտավորություն: Ուստի` որպես այդպիսի փաստական հիմք է ներկայացվում գյուղապետի դատական գործերի վերաբերյալ ցանկը: Դատավորը դարձյալ չընդունեց ապացույցները:
Փաստաբանները վկայակոչեցին այլ օրենք: Նկատեցին, որ դատաքննությունն ավարտին է մոտենում, իսկ Քաղ. դատ. օր.-ով`գործի այդ փուլում դատավորը հնարավորություն է տալիս կողմերին ներկայացնելու այլ նյութեր: Եվ որպես լրացուցիչ նյութեր`նշված ապացույցները փաստաբաններ Հակոբյանն ու Եգորյանը ներկայացրին դատավորին: Վերջինս շարունակեց պնդել, որ դրանց վերաբերյալ արդեն որոշում կայացրել է: Դատավոր Հովնանյանի այդ որոշումը փաստաբանները գնահատեցին որպես Քաղ. դատ. օր.-ով ամրագրված`մրցակցության սկզբունքի խախտում:
Հաջորդ դատական նիստը հետաձգվեց, հետաձգվեց, որպեսզի հայցվորը հնարավորություն ունենա ծանոթանալու ներկայացված փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագրին: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 14-ին` ժամը 11.30-ին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել