HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ա․ Հովհաննիսյան․ «Հարավի տարբեր հատվածներում հակառակորդի զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել»

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հակառակորդը արցախյան սահմանի ողջ երկայնքով շարունակել է հարձակողական բնույթի գործողությունները։ Ակտիվ են եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները։ Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերում։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հարավի տարբեր հատվածներում հակառակորդի զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք։ Բոլոր առաջխաղացման փորձերը կասեցվել են, որոշ տեղերում Պաշտպանության բանակը հակառակորդին հետ է շպրտել՝ պատճառելով նրան զգալի կորուստներ, այդ թվում նաև՝ զրահատեխնիկայի»,- տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչը։

Արծրուն Հովհաննիսյանը խոսքով՝ այսօր որոշ հատվածներում ակտիվորեն կիրառվել է նաև օդային հարձակման միջոցներ, մասնավորապես՝ դասական մարտավարական օդուժ։ Պաշտպանության բանակի կողմից խոցվել է ևս մեկ թուրքական արտադրության «Բայրակթար» տեսակի ԱԹՍ։

Անդրադառնալով Իրանի հետ սահմանի իրավիճակին՝ վերջինս հայտնեց, որ սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր, և ադրբեջանական կողմի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող։

«Եթե ինչ-որ նեղ տեղամասերում էլ իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկողություն»,- ասաց ԱՀովհաննիսյանը։

ՌԴ նախագահի այն հայտարարության մասին, թե երկու կողմերի զոհերի թիվը մոտենում է 5000-ին՝ ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ դրանք ընդհանրացված թվեր են, և ադրբեջանական կողմի զոհերի թիվը հայկական կողմի զոհերի թվից մի քանի անգամ ավելի շատ է։

Ինչպես տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչը` Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբերը ներթափանցում են մերձռազմաճատային գոտու տարբեր բնակավայրեր, և կարողանում են խուճապ տարածել, հաճախ ընդամենը նկարվելու համար, երբեմն  բնակավայրերում տներ են այրում, ստեղծում են ինչ-որ անկանոն իրավիճակ։ Վերջինս խնդրեց նման իրավիճակներում լինել զգոն և կազմակերպված, չտրվել խուճապի։ 

«Այդ խմբավորումները, որպես կանոն, շատ փոքր են լինում և մեկ գրագետ հակահարվածից հետո փախչում են և երկար ժամանակ չեն վերադառնում տվյալ բնակավայր։ Դրա ամենավառ վկայությունները Հադրութ և Ֆիզուլի քաղաքներն են»,- եզրափակեց ՊՆ ներկայացուցիչը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter