Եվրոպայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը դարձել է խիստ տագնապալի
ԵՄ անդամ 23 երկրներում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում, կորոնավիրուսով պայմանավորված, իրավիճակը դարձել է խիստ տագնապալի։ Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության եվրոպական կենտրոնի տնօրեն Անդրեա Ամոնը։
«Covid-19 հիվադնության շարունակվող աճը լուրջ սպառնալիք է հանրային առողջապահությանը, ընդ որում` երկրների մեծ մասում համաճարակային իրավիճակը չափազանց մտահոգիչ է»,- նշել է Ամոնը։ Այսպես, տագնապալի իրավիճակ ունեցող երկրների շարքում հայտնվել են ԵՄ անդամ բոլոր պետությունները, բացի Կիպրոսից, Էստոնիայից, Ֆինլանդիայից և Հունաստանից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոկտեմբերի 22-ին գրանցել է մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի ցուցանիշների ռեկորդային աճ՝ 423 819 դեպք։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր հոկտեմբերի 17-ին, երբ կորոնավիրուս էր հայտնաբերվել գրեթե 413 000 մարդու մոտ։ ԱՀԿ տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից աշխարհում մահացել է 6 424 մարդ։
Օրվա կտրվածքով ցուցանիշների ռեկորդային աճի մասին հայտարարել են Իսպանիայի և Ֆրանսիայի իշխանությունները։ Ֆրանսիայի առողջապահական ծառայության տվյալներով՝ 24 ժամվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել 41 622 մարդու մոտ, իսկ Իսպանիայում՝ 20 986։ Պաշտոնական տվյալներով Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 1 միլիոնին։ Ընդ որում` Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Ֆրանսիան արդեն իսկ անցել է 1 միլիոնի շեմը։
Իսպանիան այդ շեմն անցել էր հոկտեմբերի 21-ին։ Հոկտեմբերի 22-ի դրությամբ այնտեղ, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսի 1 026 281 դեպք։ Ֆրանսիան և Իսպանիան դարձել են Արևմտյան Եվրոպայի առաջին երկրները, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան մեկ միլիոն դեպք։ Յուրաքանչյուր երկրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 34 000 պացիենտ։
Հոկտեմբերի 22-ին կորոնավիրուսի ռեկորդային ցուցանիշների մասին հայտարարել են նաև Նիդերլանդների, Լեհաստանի և Խորվաթիայի իշխանությունները։
Լուսանկարը՝ Michel Euler/Associated Press
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել