HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղթանակի եւ տուն վերադառնալու սպասումով

Գիլչորա Դանիելյանը Արցախի Ասկերանի շրջանից է։ Նրանց գյուղը 250 բնակիչ ունի: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը հրետակոծել է նաև Գիլչորայենց գյուղը: «Հրետակոծությունից հետո նույն օրը մենք ընտանիքով գյուղից դուրս ենք եկել դատարկ, էնքան որ միայն մեր փաստաթղթերն ենք հասցրել վերցնել: Մեզ հատուկ մարդիկ տեղափոխեցին Հայաստան»,- պատմեց Գիլչորա Դանիելյանը, որը դստեր՝ Լիանայի և չորս թոռների հետ այժմ բնակվում է Մեծ Այրում գյուղում բնակվող իր որդու՝ Արթուրի տանը։ 

«Սպասում ենք խաղաղություն լինի, որ մեր տուն գնանք»,- հուզված ասում է Լիանան: Գիլչորայի ասելով՝ արդեն երկու շաբաթ է Մեծ Այրումում են և որևէ տեղեկություն չունեն իրենց տան մասին: Գիլչորան իր մաշկի վրա զգացել է արցախյան պատերազմի ողբերգությունը: Ամուսինը՝ ազատամարտիկ Ալեքսանդր Դանիելյանը, 1994թ.-ին զոհվել է Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մարտերում: Գիլչորան երեք զավակներին միայնակ, մեծ դժվարությամբ է մեծացրել: «Երբ ամուսինս զոհվեց, աղջիկս՝ Լիանան, 1,5 տարեկան դեռ չկար: Հիմա Լիանան 27 տարեկան է և 4 երեխաների մայր է: Նա չի հիշում իր հորը»,- պատմեց ազատամարտիկի այրին

Սեպտեմբերի 27-ից մայր ու դուստր անհանգստության նոր ապրումներ ունեն: Գիլչորայի 40-ամյա որդին՝ Արմեն Դանիելյանը, մասնակցում է արցախյան մարտերին, մյուս որդին՝ Արթուր Դանիելյանը, պահում է հայ-ադրբեջանական սահմանը: Գիլչորա Դանիելյանը երազում է խաղաղության մասին

Լիանայի որդիները՝ 8 տարեկան Վահագնը և 6 տարեկան Վահեն անընդհատ միջամտում են մեր զրույցին: Նրանք պատերազմից բնավ վախեցած չեն: Վահեն երազում է տուն վերադառնալ տանկի վրա նստած։ «Շուտով մենք կհաղթենք, ես տանկիստ եմ դառնալու, ես գիտեմ՝ ինչպես են տանկը կառավարում»,- ասում է Վահեն:

 

«Օզում ա հայրենիքը պաշտպանե, ես էլ ավտոմատով կպաշտպանեմ իմ հայրենիքը»,- ասում է Վահագնը: Փոքրիկ տղաները միայն զենքից ու պատերազմից են խոսում։ «Բա ի՞նչ անեն, ինչ տեսել են, նրանից են խոսում: Առավոտը շուտ թուրքերը որ սկսել են կրակել, երեխեքը այդ ժամին արթուն են եղել»,-ասում է Գիլչորան

Մեր այցելության պահին Գիլչորայի ընտանիքին աջակցություն էին բերել Ալավերդու «Համայնքերի համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի անդամները: ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի պարզաբանմամբ՝ մինչ աջակցությունների տրամադրումը տեղահանվածների կարիքների գնահատում են կատարում։ «Փախստականներին տարբեր տեսակի աջակցություն է ցուցաբերվում՝ սնունդ, հագուստ, դեղորայք և հիգենիկ պարագաներ»,- ասաց Օլեգ Դուլգարյանը

Եվգենյա Այվազյանը Ստեփանակերտից է եկել Մեծ Այրում: Տարեց Եվգենյան հրետակոծությունների ժամանակ հարսի և թոռան հետ պատսպարվել է մայրաքաղաքի ապաստարաններից մեկում: Աղջիկը՝ Կարինե Ավետիսյանը, 5 օր առաջ է մորը Ստեփանակերտից տեղափոխել Մեծ Այրում: «Արցախի այս մի պատերազմը տարբերվում է նախորդներից, «ստրաշնի» է: Հրետակոծված Ստեփանակերտին նայել չէի կարողանում»,- ասում է Կարինե Ավետիսյանը: Եվգենիայի ավագ որդին՝ Բենիկ Այվազյանը, 1993 թ.-ի սեպտեմբերին Ղուբալթուի կռիվների ժամանակ անհետ կորել է: Անցած 27 տարիներին Եվգենյան որդուց որևէ տեղեկություն չի ստացել: «Հիմա Բենիկիս տղան՝ Միշիկն է Արցախի պաշտպանական դիրքերում կռվում թուրքերի դեմ: Աստծուց մենակ խաղաղություն եմ խնդրում, պատերազմից հետո արցախցիները կաշխատեն, իրենց ձեռքերով կվերակառուցեն հրետակոծված Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը և ամեն ինչ կգա իր տեղը»,- ասում է Եվգենյա Այվազյանը

«Ստեփանակերտի խաղաղ կյանքն եմ երազում»,- մեզ հետ զրույցում ասում է Եվգենյա Այվազյանի թոռնուհին՝ անգլերենի ուսուցչուհի Արմինե Ավետիսյանը, որն իր երկու անչափահաս երեխաների հետ սեպտեմբերի 27-ին նույնպես ժամանակավոր հեռացել է Ստեփանակերտից

«Արցախից մեզ մոտ ժամանակավոր բնակության եկած ընտանիքներն անհամբեր սպասում են հաղթանակին, որպեսզի վերադառնան տուն: Մեր հայրենակիցները ճնշված չեն: Ուղղակի նրանց հետ կապված կան իրավական տարբեր խնդիրներ: Կան կանայք, ովքեր թոշակառու են և չեն կարողանում այս պահին ստանալ իրենց թոշակները: Կարգավորման կարիք ունի նաև երեխաների ծննդյան հետ կապված գումարները տեղում վճարելը: Մենք փորձում ենք հասկանալ, թե առաջիկայում ինչպես կարելի է փախստականների այս խնդիրները լուծել»,- ասում է Օլեգ Դուլգարյանը

«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն աջակցություն է տրամադրում Թումանյանի տարածաշրջանում գտնվող 30 արցախցի ընտանիքի։ «Մեր ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի ծախսերի տրամաբանությունը փոխել ենք հումանիտար աջակցության ծախսերի»,- հայտնում է Օլեգ Դուլգարյանը



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter