HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Իտալիայի հայ համայնքը քայլեր է ձեռնարկում Արցախի անկախության ճանաչման համար

Իտալիայի Կալաբրիա համայնքը միացել է եվրոպական խոշոր քաղաքներում վերջին օրերին իրականացվող բողոքի ակցիաներին: Իտալիայում ապրող հիմնականում հայ համայնքի ներկայացուցիչները Վենետիկ, Վերոնա, Հռոմ և այլ քաղաքներում տեղի իշխանություններից պահանջում են միջամտել եւ վերջ դնել թուրք-ադրբեջանական ագրեսիային, որն ուղղված է Արցախի դեմ:

Կալաբրիայի հայ համայնքի ղեկավար, «Իտալիայի հայ տաղանդների միության» ներկայացուցիչ Թեհմինե Արշակյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Իտալիայի հայ համայնքն, ի տարբերություն Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների համայնքների, փոքր է: Բացի այդ, համայնքներն իրարից հեռու են և դժվարությամբ են կարողանում մեկ տեղում համախմբվել: Այս օրերին փորձում են ստեղծել «եղբայրական կամուրջ» այլ համայնքների միջև, որպեսզի կարողանան ավելի ներկայանալի զանգվածային միջոցառումներ իրականացնել:

Սոցիալական ցանցերում ուղիղ եթերներով, նամակագրությունով կամ այլ եղանակներով փորձում են տեղեկություններ փոխանակել՝ ընդհանուր պահանջով հանդես գալու համար:

Ըստ Թեհմինե Արշակյանի՝ Ռեջիո Կալաբրիայում ապրում է 30 հայ: Հայ համայնքը ստեղծվել է 2015թ-ին: Չնայած փոքր թվին, կարողանում են համագործակցել տեղի քաղաքական ուժերի հետ: Արշակյանն ասում է, որ Կալաբրիայում հայերին լավ են ճանաչում, քանի որ վաղուց են այնտեղ բնակություն հաստատել: Այդ մասին կան բազմաթիվ ապացույցներ, հնավայրեր և այլն:

Նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, երբ Կալաբրիայի հայերը դիմել են ոստիկանություն, համայնքային իշխանություններին, մերժում չեն ստացել խաղաղ բողոքի ակցիա իրականացնելու հարցում: Ավելին, ակցիայի ողջ ընթացքում ոստիկանության ներկայացուցիչները եղել են տեղում, որպեսզի միջադեպեր չգրանցվեն:

Թեհիմե Արշակյանի խոսքով՝ հիմնականում աջակցում է երկու քաղաքական ուժ։ «Լեգա» կուսակցությունն իր առաջնորդ, նախկին փոխվարչապետ Մատեո Սալվինիի գլխավորությամբ հայ համայնքի աջակիցներից է: «Ֆորցա Իտալիա» կուսակցության պատգամավորները ևս աջակցում են հայ համայնքին:

«Այդ երկու կուսակցություններն, իմանալով Հայաստանի պատմությունը, հասկանում են, թե ում կարելի է աջակցել և ինչի համար: Մի քանի օր առաջ Հռոմի հրապարակներից մեկում այդ կուսակցությունների ներկայացուցիչները հայ համայնքի հետ խաղաղ ցույց էին անում: Նրանց միջոցով փորձում ենք մեզ հուզող հարցերը բարձրացնել և առաջ տանել»,-ասում է Թեհիմնե Արշակյանը՝ հավելելով, որ պահանջներից առաջինը պատերազմը դադարեցնելն է, որից հետո՝ բանակցություններն ու Արցախի Հանրապետության ճանաչումը:

Իտալիայի հայ համայնքին համախմբելու հարցում ակտիվ է «Իտալիայի հայ տաղանդների միությունը», որի նախագահ Վալենտինա Կարախանյանի նախաձեռնությամբ նամակ է ուղարկվել Հռոմի Ֆրանցիսկոս պապին: Վերջինս իր մտահոգությունն է արտահայտել պատերազմական իրավիճակի վերաբերյալ: Բացի այդ, միության նախաձեռնությամբ Արցախի հանրապետությունը ճանաչելու պահանջով գրություն է պատրաստվել և հայ համայնքի միջոցով փոխանցվել տեղի իշխանություններին: 

Թեհիմնե Արշակյանն ասում է, որ այդ նախաձեռնությունների արդյունքում էր նաև, որ Միլանի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի անկախությունը և դատապարտեց թուրք-ադրբեջանական ագրեսիան: Քաղաքային խորհուրդն իր միջնորդությամբ հանձնարարել է Միլանի քաղաքապետին՝ դիմել Իտալիայի ազգային իշխանություններին՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու խնդրանքով:

Թ. Արշակյանը նշում է, որ Իտալիայի հայ համայնքը պայքարելու է մինչև վերջ և դիրքերը չի զիջելու: 

«Մեր նպատակն է իտալացիներին, Իտալիայում ապրող մարդկանց տեղեկացնել, թե ինչ է կատարվում այս օրերին Արցախում, քանի որ ապատեղեկատվությունը շատ է: Շատերը չգիտեն, թե իրականում ինչ է կատարվում: Հանդիպել եմ իտալացիների, ովքեր Ադրբեջանի  տեսակետն են ներկայացնում, քանի որ նման ձևով են տեղեկատվություն ստացել: Մենք էլ փորձում ենք մեր տեսակետը ներկայացնել: Չենք պնդում, որ մենք ենք ճիշտ կամ նրանք: Մենք ներկայացնում ենք իրականությունը, թող իտալացիները հասկանան, թե իրականում ով է ճիշտ»,-հավելում է Թեհիմնե Արշակյանը:

Կալաբրիայի հայ համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ իրենց ակցիաներին փորձում են ներգրավել նաև օտերարկրացիների: Մասնավորապես, վերջին միջոցառումներից մեկի ժամանակ բողոքի ցույցին մասնակցել են տարբեր ազգությունների երիտասարդներ Վրաստանից, Մարոկկոյից, իտալացիներ Սիցիլիայից և այլ համայնքներից:

Լուսանկարները տրամադրել է Թեհիմնե Արշակյանը

Մեկնաբանություններ (1)

Giuseppe Sinopoli
Qualsiasi manifestazione in favore della pace e contro ogni conflitto bellico è un espressione di nobiltà d'animo e di apprezzamento verso la vita, un dono che il nostro Signore ci ha donato. Ritengo doveroso fare i complimenti a tutte le manifestazioni che si sono espresse in alcune città italiane da Venezia a Roma reggio calabria e a tante altre, per aver cercato di sensibilizzare sia l'opinione pubblica che la forza Politica del nostro paese affinchè possa intervenire con delle precise e chiare richieste internazionali per fermare questo attacco inaudito verso il popolo Armeno un antichissimo popolo dalle profonde origini CRISTIANE, esempio di correttezza, nobiltà umana e grande senso di fratellanza che sempre manifesta ed ha manifestato....Grazie di cuore alla Comunità Armena in Calabria rappresentato dalla sua Presidente Tehmine Arshakyan , dall'esimio Prof..re Sebastiano Stranges che da anni attraverso la sua immensa cultura spiega e illustra sapientemente la storia degli Armeni e riscoprendo anche tracce di questo popolo , nella nostra Calabria, infine un ringraziamento all'instancabile Carmyne Verducy che con estrema attenzione, forza, passione , professionalità fotografica , escursionistica e organizzatrice, riesce a risvegliare, sensibilizzare promuovere e coordinare ...eventi non fini a se stessi ma ricchi di storia , memoria e cultura nelle anime delle persone.. GRAZIE

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter