HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողովում ընդունել են ֆրանսիացի խորհրդարանականներին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը: 20 հոգուց կազմված պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը կլինի Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում, կունենա մի շարք հանդիպումներ: Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Պատվիրակության անդամները Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի «Առաջ, Հանրապետություն», «Ժողովրդավարական շարժում», «Հանրապետականներ», «Սոցիալիստներ, բնապահպաններ եւ հանրապետականներ», «Ժողովրդավարների եւ անկախականների միություն» եւ «Ժողովրդական շարժման միություն» գործող  եւ նախկին քաղաքական խմբակցությունների պատգամավորներ են:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանը մանրամասներ է ներկայացրել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ հայ բնակչության նկատմամբ տեղի ունեցող գործընթացները պայմանավորված են նրանց ինքնությամբ:

Լենա Նազարյանն ընդգծել է, որ Ադրբեջանը թիրախավորել է նաեւ խաղաղ բնակչությանը՝ կիրառելով  արգելված զինատեսակներ, ինչպես նաեւ հայ ռազմագերիների նկատմամբ դրսեւորել է վայրագություններ ու անմարդկային վերաբերմունք:

Պատվիրակության անդամ Գիյոմ Կասբարյանը, որն «Առաջ, Հանրապետություն» խմբակցությունից է, նշել է, որ այս աննախադեպ կազմով պատվիրակության այցը պայմանավորված է հայ-ֆրանսիական եզակի խոր կապերով եւ հայ ժողովրդին աջակցություն հայտնելու ցանկությամբ: Ֆրանսահայ պատգամավորը նշել է, որ ցանկանում են տեղում ծանոթանալ իրավիճակին՝ Ֆրանսիայում եւ Եվրոպայում հստակ ցույց տալու համար, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում եւ Արցախում։

Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչման խնդրին՝ Գիյոմ Կասբարյանը  հայտնել է, որ պատգամավորների մի մասն արդեն ստորագրել է Արցախի ճանաչման վերաբերյալ հայտարարության նախագիծը, սակայն, ըստ նրա՝ դրա քննարկումն օրերի հարց չէ՝ հաշվի առնելով  խորհրդարանի օրակարգի  ծանրաբեռնվածությունը: 

Ինչպես ասվում է տարածված հաղորդագրությունում, ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց խոսքում առաջնային են համարել հրադադարի անհրաժեշտությունը եւ հյուրերի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի կողմից՝ հայտարարված հումանիտար հրադադարների խախտման եւ ռազմական գործողությունների շարունակման  փաստի վրա: 

Հայ խորհրդարանականները Ֆրանսիայի գործընկերներին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի խորհրդարանի պատգամավորներ, կոչ են արել լինել առաջամարտիկ եւ կանխել ադրբեջանաթուրքական ագրեսիան, ինչպես նաեւ  ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ համարելով, որ այն այլընտրանք չունի:

Ֆրանսիայից ժամանած պատգամավորներն անընդունելի են համարել Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների կիրառումը Արցախի ժողովրդի նկատմամբ, ինչպես նաեւ հետաքրքրվել, թե արդյոք Արցախի անկախության միջազգային ճանաչումը  չի՞ հանգեցնի իրավիճակի առավել վատթարացման, ինչի առնչությամբ հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ Արցախի ճանաչումից եւ նրա կարգավիճակի հստակեցումից  հետո իրավիճակն էապես կբարեփոխվի եւ կերաշխավորվի Արցախի բնակիչների կյանքի իրավունքը:

Հայկական կողմը պարզաբանել է, որ Արցախի խնդիրը կյանքի իրավունքի հարց է, այլ ոչ տարածքի, եւ այսօր կենսական առաջնահերթություն է՝  գործուն քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու համար պատերազմն ու թշնամու վայրագությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter