HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը դեմ է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ռազմական լուծմանը»

Ռուսաստանը չի աջակցում ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծմանը։ Այդ մասին Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պատմության մեջ Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածությունն ունի իր առանձնահատկությունները։ Մենք չենք պաշտպանում այդ խնդրի ռազմական լուծման հնարավորության և թույլատրելիության մասին դիրքորոշումը։ Ե'վ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդներին դիտարկելով որպես բարեկամական և եղբայրական ժողովուրդներ՝ մենք չենք կարող կիսել նման ձգտումները»,- նշել է Լավրովը։ 

Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը և Թուրքիան աշխատում են որոշ շրջաններում առկա հակամարտությունները լուծելու ուղղությամբ։ «Ընդ որում՝ գաղտնիք չէ, որ օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ մի շարք վիճելի տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման գործընթացում մեր մոտեցումները կարող են էականորեն տարբերվել»,- նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Մոսկվայում գնահատում Թուրքիայի ներգրավվածությունը մի շարք հակամարտություններում։

Լավրովը նաև շեշտել է, որ բացառապես քաղաքական կարգավորման օգտին են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդները։ Նա ընդգծել է, որ համանախագահների հենց այս եռյակն է համարվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդունված ձևաչափը։

Լավրովը Թուրքիային կոչ է արել ներդնել բոլոր ջանքերն ու ազդեցությունը հրադադարի ապահովման համար։ «Կոչ ենք անում արտաքին բոլոր դերակատարներին անել ամենը՝ թույլ չտալու ռազմական սցենարի հետագա զարգացումը, սառեցնելու կողմերի էմոցիաները և ակտիվացնելու խաղաղ գործընթացի վերսկսմանն ուղղված նախապայմանների ստեղծումը»,- հավելել է Լավրովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ լրագրողներին հայտարարել է, որ Կրեմլում ուշադրությամբ հետևում են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակին և կարծում են, որ չի կարող լինել որևէ այլ լուծում, քան խաղաղ կարգավորումը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում ամերիկյան կողմի միջնորդությամբ հրադադարի կայացումը կարող է իրականություն դառնալ, այն դեպքում, երբ Ռուսաստանի միջնորդության պարագայում կողմերը չպահպանեցին հրադադարը, Պեսկովը պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղը մրցակցության դաշտ չէ։

«Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը, որը սուր փուլում է, պետք է չդառնա և չի կարող դառնալ ինչ-որ մրցակցության դաշտ։ Իհարկե, Ռուսաստանը՝ որպես համանախագահ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը»,- հայտարարել է Պեսկովը։

Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter