HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանում և Հարավային Կորեայում համաճարակային իրավիճակը սրվում է, իսկ Իսրայելը նոյեմբերից կսկսի փորձարկել կորոնավիրուսի իր պատվաստանյութը

Չինաստանում կրկին գրանցվել է կորոնավիրուսի բռնկում, այս անգամ արդեն Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանում։ Հոկտեմբերի 24-ին Քաշգար շրջանում առանց ախտանիշների մեկ դեպքի հայտնաբերումից հետո չինական իշխանությունները որոշել են թեստավորել մի ամբողջ շրջանի բնակչության (մոտ 4 746 500 մարդ)։

Հոկտեմբերի 26-ի առավոտյան դրությամբ պատրաստ են եղել շուրջ երեք միլիոն թեստավորվածների պատասխանները, համաձայն որի կորոնավիրուսով հիվանդ է 138 մարդ։ Ընդհանուր առմամբ, Չինաստանում, կորոնավիրուսի համավարակից ի վեր, հայտնաբերվել է հիվանդության 85,8 հազար դեպք, մահացել է մոտ 4600 մարդ։

Հարավային Կորեայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կրկին գերազանցել է 100-ը, չնայած նրան, որ հանգստյան օրերին այդ երկրում իրականացվող թեստերի թիվը քիչ է։ Իշխանությունները նախատեսում են մեծացնել գրիպի պատվաստման ծավալները։ 

«Այս տարի Հարավային Կորեայում պետք է մեծացնել գրիպի պատվաստման մասշտաբները, որպեսզի կանխարգելենք գրիպի և կորոնավիրուսի զուգահեռ վարակումն ու տարածումը»,- Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի խոսքերը մեջբերում է «Yonhap» գործակալությունը։ 

Հարավային Կորեայի նախագահն ընդգծել է, որ պատվաստանյութն անվտանգ է և չունի ուղղակի կապ մահացության վերջին դեպքերի հետ։ Հոկտեմբերի 25-ին երկրում մահացել է 59 մարդ, որոնք վերջերս պատվաստվել էին գրիպի դեմ։ Մահացածներից շատերը եղել են 70-80 տարեկան։ Կորոնավիրուսի համավարակից ի վեր երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի շուրջ 25,9 հազար դեպք, մահացել՝ 457 մարդ։

Իսրայելի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտը նոյեմբերի 1-ից կսկսի կորոնավիրուսի սեփական արտադրության պատվաստանյութի փորձարկումները։ Այդ մասին գրում է «Times of Israel» պարբերականը։

Սկզբում պատվաստանյութը կփորձարկվի 80 հոգուց բաղկացած խմբի վրա։ Եթե պատվաստման արդյունքում նրանց մոտ ձևավորվեն հակամարմիններ, ապա դեկտեմբերին փորձարկումը կիրականացվի 960 կամավորների վրա։ Վերջին փուլում արդեն, որը տեղի կունենա 2021 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, կպատվաստվի մոտ 30 000 մարդ։ Միայն դրանից հետո, եթե պատվաստումը լինի արդյունավետ և անվտանգ, այն կթույլատրվի կիրառվել։

Փորձարկումը կիրականացվի Երուսաղեմի Հադասի հիվանդանոցում և Թել Ավիվի մոտ գտնվող Շեբա բժշկական կենտրոնում։ Փորձարկման մասնակիցների մի մասը կստանա պլացեբո։ Պատվաստումից հետո փորձարկման մասնակիցները շուրջ երեք շաբաթ կմնան բժիշկների հսկողության տակ։

Դեռ մայիսի կեսերին Իսրայելի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտը հայտնել էր կրծողների վրա պատվաստանյութի հաջող փորձարկման մասին։ Նշվում էր նաև, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ աշխատել է իսրայելական «MIGAL» ընկերությունը։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter