HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ասորի համայնքապետ. «Հայրենիք կորցնելուց հետո, եթե ապրում ես, ուրեմն լրիվ մերկ ես, առանց թևերի ու մեջքի»

Արարատի մարզի ասորական Վերին Դվին համայնքի սկզբնամասում սև ժապավեն է կախված. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհվել է համայնքի բնակիչ, ժամկետային զինծառայող Թորգոմ Սայադյանը:

Վերին Դվինի համայնքապետ Լյուդմիլա Պետրովան «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ գյուղը ցնցված է, բայցեւ հպարտ են, որ տղան զոհվել է գիտակցաբար՝ իրեն նվիրելով հայրենիքի սահմաններն ամուր պահելու գործին: Երկու եղբայր ծառայել են միասին, և Թորգոմը մահացել է եղբոր ձեռքերի վրա:

Սայադյանների ընտանիքում մեծացել է 8 երեխա, որոնցից 5-ը՝ տղա: Երկար ժամանակ ապրել են Ռուսաստանի Դաշնությունում, սակայն տղաները ցանկացել են ծառայել Հայաստանում, ինչի համար էլ վերադարձել են:

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ցեղասպանագետ, ասորական համայնքի ներկայացուցիչ Անահիտ Խոսրոևան մեզ հետ զրույցում ասաց, որ ասորի տղաների թիվը սահմանին անցնում է 100-ից: Նրանց մեջ կան ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, ինչպես նաև՝ կամավորականներ:

Տիկին Խոսրոևան նշեց, որ պատերազմի առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչ այժմ զոհվել է 5 ասորի: Վիրավորում է ստացել 9 հոգի, որոնցից մեկն ապաքինվել է ու կրկին վերադարձել ռազմի դաշտ:

Վերին Դվին գյուղը հիմնադրվել է 1828թ.-ին: Մինչ այդ՝ 1805թ.-ին, ասորի 20 ընտանիք Թուրքիայի Մամդսան բնակավայրից տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Արտաշատի շրջանում: Նշվում է, որ Թուրքիայից ասորիների բուն տեղափոխման պատճառը եղել է թուրք ֆեոդալների ծայրաստիճան դաժան և անմարդկային վերաբերմունքը: Ասորիների երկրորդ ներգաղթը Հայաստան տեղի է ունեցել 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Թուրքմենչայի պայմանագրով: 

«Մենք էլ ենք հայրենիք կորցրել, գիտենք՝ դա ինչ բան է: Հայրենիք կորցնելուց հետո, եթե ապրում ես, ուրեմն լրիվ մերկ ես, առանց թևերի ու մեջքի: Ապրելով Հայաստանում արդեն 200 տարի՝ այս հողը համարել ենք մեր սուրբ երկիրը, պատրաստ ենք հայ ժողովրդի պես պայքարել ոխերիմ թշնամու դեմ մեր հայրենի սահմանները պաշտպանելու համար»,-ասում է Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան:

Համայնքապետը նշում է, որ ասորիները շատ լավ են ճանաչում թուրքին, քանի որ իրենք ևս 1915-1918թթ., 1933 թվականին և դրանից հետո ցեղասպանության են ենթարկվում նրանց կողմից:

«Լիահույս ենք, որ կհաղթենք չար, ոխերիմ թշնամուն: Բոլոր ազգերի մեջ լավն ու վատը կա, բայց թուրքերի չարությունը սահմաններ չի ճանաչում: Նրանց երեխանեը մեղավոր չեն, փոքրուց նրանց սերմանում են ատելություն և գազան են մեծացնում: Պետք է քայլեր ձեռնարկվեն, որ վերջ դրվի այդ ատելությանը, ինչը կործանարար հետևանքներ կարող է ունենալ»,-հավելում է Լ. Պետրովան:

Համայնքապետը որպես մայր դիմում է սահմանում կանգնած զինվորին, հորդորում է չվհատվել, արժանապատիվ պայքարել ու վերադառնալ իրենց մայրերի մոտ:

«Մենք հպարտ ենք մեր տղաներով: Բոլորին կարելի է համարել հերոսներ, որովհետև գիտակցում են, թե ում դեմ են կանգնած՝ և’ քանակով, և’ զենքի առումով: Եթե մենք ունենայինք այդքան զենք, զինամթերք, քանակով շատ լինեինք, մեզ ընդամենը 4-5 ժամ էր պետք լինելու նրանց ծնկի բերելու համար»,-հավելում է Լ. Պետրովան:

Համայնքապետը նշում է, որ պետք է զարկ տալ ծնելիությանը և ավելացնել բնակչության թիվը: Նույնիսկ իր ամուսնուն է դիմել, որպեսզի այլ կանանցից երեխաներ ունենա:

«Ամուսնուս ասում եմ՝ գնա 2-3 կին բեր, թող երեխա ունենան: Սա ի՞նչ է, ամեն մեկս 1-2 երեխա ենք ունենում, իսկ նրանք ավելանում ու ավելանում են: Անկեղծ եմ ասում,  ամուսնուս նման առաջարկ արել եմ»,-հավելում է ասորական համայնքի ղեկավարը:

«Հետք»-ն արդեն անդրադարձել է պատերազմական օրերին ասորիների աջակցությանը: Գրել էինք նաև Վերին Դվին համայնքի դպրոցահասակ երեխաների նախաձեռնության մասին: Մեկ տասնյակ երեխաներ համայնքապետարանի դիմաց մանդարին և արքայանարինջ էին վաճառում, որպեսզի գումարը փոխանցեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Լյուդմիլա Պետրովան ասաց, որ Վերին Դվին համայնքի ասորիները շատ համախմբված են և կարողանում են ուժերը կենտրոնացնել՝ բանակին օգնություն ուղարկելու, կամավորագրվելու հարցերում: Բացի այդ, կապի մեջ են արտերկրում բնակվող ասորիների հետ: Ինչպես սփյուռքի հայկական համայնքները, այնպես էլ ասորիները համախմբված են եկեղեցու շուրջ: Հենց եկեղեցու միջոցով են կատարում իրենց աջակցությունը:

Գլխավոր լուսանկարում՝ Վերին Դվինի համայնքապետ Լյուդմիլա Պետրովան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter