HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Անտոնինա Մահարի. «Ես ամեն դեպքում կոփված եմ փոթորիկներում»

Չնայած սոցիալական շատ ծանր վիճակին՝ գրողի կինը որեւէ մեկից օգնություն չի խնդրում եւ չի հավատում, որ իրեն կօգնեն

«Ինձ վիրավորում է, երբ մարդիկ ասում են. «Մենք նրան հարգում ենք, որովհետեւ նա Մահարու կինն է»: Ինձ պետք չէ ոչ մեկի անունը, եթե ես ինքս ոչ մի բանի արժանի չեմ, եթե չկա այնպիսի բան, որի համար ինձ կարելի է հարգել: Ինձ դա վիրավորում է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Գուրգեն Մահարու կինը՝ Անտոնինա Մահարին:

Ազգությամբ լիտվուհի տիկին Անտոնինան Գուրգեն Մահարու մասին «Իմ ոդիսականը», «Հուշեր», «Հուշեր եւ պատմվածքներ», «Հին ամրոցի գաղտնիքը» գրքերի հեղինակն է, Գրողների միության անդամ:

Նա հիմա էլ է ստեղծագործում: Անտոնինան միայնակ է ապրում Երեւանում: Նա ստանում է 10 հազար դրամ թոշակ, նույնքան նպաստ, քանի որ ընդգրկված է ամենաաղքատների ցուցակում, եւս 5 հազար դրամ՝ Գրողների միությունից (այդքան է ԳՄ-ն վճարում իր բոլոր անդամներին):

Ամբողջ ձմռանը տիկին Անտոնինան չի տաքացրել իր տունը եւ տանը ձմեռային շորերով է շրջում: «Ննջասենյակում տաքացուցիչ կա: Երբ գնում եմ ննջարան, մի քիչ միացնում եմ: Հոսանքը շատ թանկ արժե: Վճարել է պետք, Աստված իմ: Երբ ձմռանն այնտեղ միացնում եմ, 10 հազար եմ վճարում հոսանքի համար, իսկ ամռանը՝ փոքր-ինչ պակաս»,- ասաց նա:

Չնայած 25 հազար դրամ ամսական եկամտին՝ նա սկզբունքորեն որեւէ մեկին չի դիմել օգնության խնդրանքով: «Ես երբեք չեմ դիմել, երբեք չեմ խնդրել: Ինչ կա՝ կա: Ախր եթե դիմես էլ, ո՞վ ինձ կտա: Այստեղ ու՞մ դիմեմ, կա՞ մի մարդ, որին կարելի է դիմել: Եվ տեղացիներից ո՞վ ինձ կօգնի»,- ասաց Անտոնինա Մահարին:

Նա նշեց, որ Մահարին Հայաստանում բարեկամներ ունի, որոնց հետ ինքը մտերիմ է, սակայն նրանք եւս աղքատ են ու չեն կարող օգնել գրողի կնոջը:

«Վարդան Աճեմյանը հրաշալի մարդ էր, թատրոնի ռեժիսոր, մեծ անհատականություն: Նա մոտ բարեկամ էր Գուրգենին հայրական կողմից, անգամ նման էր Գուրգենին: Գուրգենից հետո նա մեր տան ընկերն էր, գալիս էր այստեղ, երբեմն ինձ օգնում էր: Ես նրա մասին գրում եմ: Այժմ նա չկա»,- ասաց Անտոնինա Մահարին:

«Իմ ոդիսականը» գրքի կազմը

Գուրգեն Մահարու մահից հետո Անտոնինան տան մի սենյակը թանգարանի է վերածել: Այստեղ ներկայացված են գրողի ու նրա հարազատների, ընկերների շատ լուսանկարներ, գրողի մասին հոդվածներ թերթերից, գրքեր: «Ես ուզում էի, որ նա կենդանի լիներ: Եվ ով գալիս էր, ասում էր՝ կարծես Գուրգենն այստեղ է, հիմա ներս կմտնի: Ընկերները շատ էին հիանում»,- ասաց Անտոնինան:

Նրա խոսքերով՝ թանգարան այցելել են շատ հայտնի մարդիկ եւ Հայաստանից, եւ արտասահմանից: Իսկ Հայաստանի պաշտոնյաներից, այդ թվում նաեւ Մշակույթի նախարարությունից որեւէ մեկը չի այցելել Մահարու տուն-թանգարան:

Նախկինում՝ մինչ ճգնաժամը, սփյուռքահայերը հաճախ էին այցելում տուն-թանգարան եւ օգնում գրողի կնոջը: «Արտասահմանից շատերն են գալիս, ովքեր սիրում են Գուրգեն Մահարուն: Երբեմն որեւէ մեկը 100 դոլար է թողնում: Ինձ համար դա շատ մեծ բան է: Միայն արտասահմանցիները, իսկ տեղացիները՝ ոչ մի կերպ»,- ասաց տիկին Մահարին՝ հավելելով, որ երբեմն իրեն վճարում են նաեւ իր գրքերի համար:

Նա նշեց, որ Գուրգեն Մահարին ինքն է խնդրել, որ կինը գրի իր կենսագրությունը. «Անտոնինա, դու միակ մարդն ես աշխարհում, ով գիտի ողջ ճշմարտությունն իմ մասին: Գրիր, ես ուզում եմ, որ բոլորն իմանան»,- ասել է գրողը:

Նրա կինը նշեց, որ 1972 թ. գրված, խորհրդային իշխանության օրոք գաղտնի պահված «Իմ ոդիսականը» գիրքը տպագրվել է միայն 2003 թ. ԳՄ նախագահի աջակցությամբ, թարգմանվել է անգլերեն: Գրողի մասին Անտոնինա Մահարու բոլոր գրքերը ռուսերեն են գրված: Այժմ անգլերեն է թարգմանվում «Հուշեր» գիրքը:

Գուրգեն Մահարու տուն-թանգարանը

«Ես ամեն ինչ կորցրել էի՝ հայրենիքս, ծնողներիս, ամեն ինչ: Ես նրա մեջ եւ հայր էի փնտրում, եւ եղբայր, եւ լավ ընկեր: Այդ մարդու մեջ ամեն ինչ ուզում էի գտնել եւ գտա: Իսկ եթե միայն ամուսին լինի, դա շատ ձանձրալի եւ անհետաքրքիր կլինի: Պետք է ընկեր, մարդ լինի, հասկանա քեզ: Նա ինձ շատ բանաստեղծություններ, գրքեր է նվիրել եւ գրել ոչ թե «կնոջը», այլ «կյանքի վաստակավոր ընկերուհի Անտոնինային»»,- ասաց տիկին Մահարին:

Իրավաբանության ֆակուլտետի ուսանողուհի Անտոնինա Պովիլայտիտեն եւ Գուրգեն Աճեմյանը հանդիպել են Սիբիրում:

«Ես շատ երիտասարդ էի, երբ ձերբակալվեցի: Հետո բանտ: 10 տարին անցավ: Արդեն 29 տարեկան էի: Ինձ ձերբակալեցին նրա համար, որ անդամակցում էի «Անկախ Լիտվայի համար» ընդհատակյա ուսանողական կազմակերպությանը: Եվ ի՞նչ վատ բան կա դրանում, ուսանողներն անդամ էին, եւ մենք ուզում էինք անկախ Լիտվա, որովհետեւ Խորհրդային Միությունը մեզ ահաբեկում էր, նրանք ցանկանում էին վերացնել Մերձբալթիկան: Այնտեղ մի շատ փառահեղ հայ կար՝ նկարիչ Աշոտ Սանամյան: Նա «Անկախ Հայաստանի համար» ընդհատակյա կազմակերպությունից էր: Նա նույնպես նստել էր անգամ 20 տարի: Ես գրում եմ նրա մասին»,- ասաց Անտոնինա Մահարին:

Իսկ Գուրգեն Մահարին ձերբակալվել է մեղադրանքով, թե իբր «ահաբեկչական կազմակերպության անդամ է եւ ուզում է սպանել Բերիային»: Կնոջ խոսքերով՝ նա հրացան անգամ չէր կարողանում ձեռքում պահել:

«Երբ ծանոթացանք, նա խոզեր էր արածեցնում: Հետո նա շատ ծանր հիվանդացավ: Բժիշկներն ասացին. «Արդեն հույս չկա»: Նա պառկած էր արդեն անհույս հիվանդների հիվանդասենյակում: Եվ նա երկտող գրեց, որ ես գամ: Ես գնացի եւ ամենը, ինչ կարող էի, արեցի: Հիվանդանոցում ես խնամում էի նրան: Նա միշտ ասում էր. «Գոնե մի տարի քեզ հետ ապրեմ, գոնե մի տարի»: Ես էլ էի այդպես մտածում, բայց, այնուամենայնիվ, 16 տարի ապրեցինք: Նա ծեր չէր, երբ մահացավ»,- ասաց Անտոնինա Մահարին:

Գուրգեն և Անտոնինա Մահարիները որդու՝ Գուրգենի հետ

Անտոնինան Սիբիրում անցկացրել է 10, իսկ Գուրգեն Մահարին՝ 17 տարի: Նրանք միասին են ազատվել աքսորից, ամուսնացել Սիբիրում ու եկել Հայաստան:

Անտոնինա Մահարու խոսքերով՝ թեեւ ինքն ու գրողը իրար հետ միշտ խոսել են ոչ իրենց մայրենի լեզուներով, այլ ռուսերեն, բայց շատ լավ են հասկացել իրար: Տիկին Անտոնինան տիրապետում է նաեւ անգլերենի ու լեհերենի, իսկ հայերենը չափազանց բարդ լեզու է համարում:

«Ինձ հետ պահեցին հայերեն սովորելուց, ասացին. «Նույնիսկ բարձրագույն կրթություն ունեցող հայերը չեն կարող մաքուր խոսել ու ճիշտ գրել հայերեն»: Ես էլ մտածեցի՝ ուրեմն ինձ հաստատ չի հաջողվի հայերեն սովորել, ու կորցրի հույսս»,- ասաց նա:

Անտոնինա եւ Գուրգեն Մահարիները հաճախ էին ամռանն ու գարնանը Լիտվա գնում: Տիկին Անտոնինան դա իրենց կյանքի ամենաերջանիկ ժամանակն է համարում:

«Լիտվան նրան սիրում էր, գնահատում էր: Երբ նա գալիս էր, թերթերը գրում էին, որ «մեզ մոտ է եկել հայ հայտնի գրող Գուրգեն Մահարին: Նրա կինը լիտվացի է»: Ամեն ինչ հեքիաթային էր: Շատ հետաքրքիր էր: Մոսկովյան հյուրանոցներում էինք ապրում, ընկերներն էին հյուր գալիս, Վիլյամ Սարոյանն էր գալիս»,- ասաց տիկին Մահարին՝ հավելելով, որ իրենց տանը հաճախ էին հայտնի գրողներ հավաքվում:

Նա համարում է, որ չնայած տարբեր հիվանդություններին՝ Գուրգեն Մահարու մահվան պատճառը «Այրվող այգեստաններ» վեպն է եղել: Տիկին Անտոնինայի խոսքերով՝ Մահարին չափազանց ծանր է տարել վեպին ուղղված քննադատությունը:

«Ավելի վատ բան չկա, երբ գրողի ստեղծագործությունները, նրա գրքերը հողին են հավասարեցնում. դա կարծես քո երեխան լինի: Ես միակն էի նրա կողքին եւ քաջալերում էի նրան: Վերացնում էին «Այրվող այգեստանները», անգամ այրում էին: Այ, այստեղ ունեմ գիրքը, որը վառել են: Իսկ հիմա այնքան շատ սպեկուլյանտներ, բիզնեսմեններ են հայտնվել, որոնք որոշել են, որ այդ գրքի վրա կարելի է բիզնես անել՝ գրական բիզնես: Կան գրականության գործիչներ, եւ կան գրականության բիզնեսմեններ: Նրանք տպագրում են եւ փող ստանում»,- ասաց Անտոնինա Մահարին:

1990-ականների սկզբին՝ սոցիալական ծայրահեղ ծանր պայմանների պատճառով, նա ստիպված է եղել վաճառել իրենց տան գրքերը: Նրան վճարել են իր ունեցած անգլիական գրքերի համար, իսկ «Այրվող այգեստանների» ու «Ծաղկած փշալարերի» համար գրողի կինը ոչինչ չի ստացել:

«Շատ տարօրինակ է. երբ ես տարա «Այրվող այգեստանները», մտածում էի՝ այդ գրքի համար մեծ փողեր կստանամ: Այդ մարդը, ով ընդունում էր գրքերը, շուռ տվեց, նայեց (նրանք գրականություն լավ գիտեն), ասաց. «Եվ ի՞նչ, ժամանակին մարդը գրել է այդ գիրքը, բայց այսօր այն ոչ ոքի պետք չէ»:

Հետո ես սիբիրյան վիպակը՝ «Ծաղկած փշալարերը», որը մրցանակ ստացավ մահից հետո, տարա խանութ: Այնտեղ աղջիկն ասում է. «Մենք ունենք այդ գիրքը. այնտեղ՝ մյուս գրքերի հետ դրված է»: Եվ նույնպես չընդունեցին: Գուրգենի գրքերի համար ոչ մի կոպեկ չստացա»,- ասաց Անտոնինա Մահարին:

Նա Գուրգեն Մահարու ստեղծագործություններից ամենից շատ սիրում է «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդության սեմին» եռերգությունը: «Այնտեղ ամեն ինչ կգտնես: Այնտեղ ամեն ինչ Ցեղասպանության մասին է: Այդ գրքում ես ողջ հայկական ողբերգությունը տեսել եմ: Իսկ վերջին գրքում՝ «Այրվող այգեստաններում», Ցեղասպանություն չեմ տեսնում, այնտեղ քաղաքական ինտրիգներ են»,- ասաց նա:

Գուրգեն Մահարու հարազատներից ոմանք զոհվել են Ցեղասպանության ժամանակ: Ապագա գրողը կորցրել է մորը, մանկատուն ընկել, իսկ հետո մորը գտել Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում աշխատելիս: Ծնունդով վանեցի Գուրգեն Մահարին հաճախ է կնոջը պատմել Արեւմտյան Հայաստանի ու Վանի մասին:

««Վայ, վայ, վայ, Անտոնինա, դու չգիտես՝ ինչպիսի ծաղիկներ, ինչպիսի մրգեր կան այնտեղ: Եթե ես Վան գնամ, ծառի տակ պառկեմ, միանգամից կառողջանամ» (նա շատ հիվանդ էր): Վան, Վան, Վան, ինչպե՜ս էր նա կարոտում: Հարազատ քաղաքը, ծննդավայրը ամենաթանկն է աշխարհում: Նրա համար դա ամենաթանկն էր: Նա այնպե՜ս էր երազում այնտեղ լինել: Պատմում էր, պատմում էր»,- ասաց Անտոնինան:

Երեք տարի առաջ մահացավ տիկին Անտոնինայի եւ Գուրգեն Մահարու որդին: Իսկ նրանց աղջիկը՝ Նազիկը, մահացել է կես տարեկանում՝ Սիբիրից Երեւան գալուց հետո: Տիկին Անտոնինան նշեց, որ առաջ հաճախ էր զբոսնում տղայի հետ, որի անունը նույնպես Գուրգեն էր: Անտոնինան հիմա էլ է հաճախ դուրս գալիս՝ եւ խանութներ է գնում, եւ զբոսնում է, երբեմն հեռուստացույց է դիտում, թերթ կարդում:

«Ես ամեն դեպքում կոփված եմ, կոփված փոթորիկներում: Շնորհակալություն ընկեր Ստալինին: Որպես զինվոր, որը կենդանի է դուրս գալիս ռազմաճակատից, ես նույնպես կենդանի եմ մնացել»,- ասաց Անտոնինա Մահարին:

Հ.Գ. Անտոնինա Մահարին կտրականապես հրաժարվեց լուսանկարվելուց, ասաց, որ կարեւորն իր անցյալն է, ոչ թե ներկան: Այս պատճառով հոդվածի հետ ներկայացված է գրողի կնոջ հին նկարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter