
Էդմոն Մարուքյանը արտերկրի հայերին կոչ է անում ձեռնպահ մնալ թուրք-ադրբեջանական սադրանքներից
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հոկտեմբերի 29-ին հրավիրված խորհրդարանական ճեպազրույցներին կոչ արեց արտերկրում գտնվող հայերին թուրք-ադրբեջանական սադրանքներին չտրվել և հնարավորինս զգոն լինել: Պատգամավորը հիշեցրեց Ֆրանսիայում երեկ տեղի ունեցած ցավալի դեպքը, երբ հայը հարձակման էր ենթարկվել ցույցի ժամանակ, որից հետո ֆրանսիական մի քանի քաղաքներում թուրքերը դուրս են եկել ակցիաների` «ու՞ր եք, հայեր» վանկարկումներով:
«Չի կարելի կոնֆլիկտը տեղափոխել ճակատարմարտից բացի այլ տեղ, կոչ եմ անում մեր հայրենակիցներին ձեռնպահ մնալ բախումներից, պատերազմը ընթանում է ռազմաճակատում»,-ասաց նա:
Մարուքյանը նաև շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի խորհրդարանականներին այցի համար` ընդգծելով, որ վերջիններիս ցույց են տվել պատերազմի դեմքը: Պատգամավորը կարևորեց նման այցերը Հայաստան ու Արցախ` հույս հայտնելով, որ այլ երկրների խորհրդարանականներ ևս կայցելեն:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն այսօր սպասվող Ժնևյան բանակցություններից, որին ներկա են լինելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները` ԵԱՀԿ Մինսկի խմբի հրավերով, Մարուքյանն արձագանքեց.
«Ժնևի հանդիպումը հրադադարի հանդիպում չէ, այլ բանակցությունների փորձ, բայց պետք է ասեմ հետևյալը` խորհրդարանական ուժերը որևէ ձևով տեղյակ չեն, թե ինչ է քննարկվելու: Ոչ փակ, ոչ բաց խողովակներով մեզնից որևէ մեկը տեղեկացված չէ քննարկումներից: Քանի դեռ չկա հրադադար, բանակցություններն արդյունավետ չի կարող ստացվել»:
Մեկնաբանել