
Գագիկ Խաչատրյանի գրավի չափը 120 մլն դրամ է․ նիստը արտահերթ է եղել
ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը ազատ է արձակվել 120 մլն դրամ գրացի դիմաց։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում «Հետք»-ի աղբյուրները։
Նշենք, որ այսօր Խաչատրյանի պաշտպանական թիմը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Խաչատրյանն ազատ է արձակվել գրավի դիմաց, սակայն նշված չէր գրավի չափը։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում այս պահին դեռևս Խաչատրյանի գործը քննող դատավոր Արթուր Մկչտրյանի որոշումը չի հրապարակվել։ Համակարգում նշում չի եղել նաև այսօրվա դատական նիստի մասին։
Դատարանի աշխատակազմից մեր հետ զրույցում պարզաբանեցին, որ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը նշանակված է եղել նոյեմբեր ամսին, այս նիստն արտահերթ է եղել, և իրենք հնարավորություն չեն ունեցել դատական նիստը լրացնելու համակարգում։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն, ըստ մեղադրանքի, 2008 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 4-ը հանդիսանալով կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար, այնուհետև 2008թ. հունիսի 4-ից մինչև օգոստոսի 20-ը՝ նշված կոմիտեի նախագահը, իսկ 2008թ. օգոստոսի 20-ից մինչև 2014թ. ապրիլի 26-ը զբաղեցնելով կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014թ. ապրիլի 26-ից մինչև 2016թ. սեպտեմբերի 8-ը, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնն, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ապահովել է Հայաստանի պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 373 մլն դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34 մլն դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5 մլն եվրոյին համարժեք 2 մլրդ 624 մլն դրամ ներդրում կատարելու պարտավորությունից:
Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Մեկնաբանել