HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը զգուշացնում է՝ ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման գործառույթները

Ոստիկանությունը զգուշացնում է՝ ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման գործառույթները։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը։

Հաղորդագրության համաձայն՝ նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով:

«Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն քաղաքացիական պարտքի և հանրային ինքնահսկողության մասին և բացահայտ անտեսում են անվտանգության կանոնների պահպանումը, ինչի հետևանքով կտրուկ աճել է կորոնավիրուսով հիվանդացողների թիվը:

Սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլև ազգային անվտանգության հարց է, որովհետև լուրջ խնդիրներ է ստեղծում առանց այն էլ գերծանրաբեռնված բուժհաստատությունների համար: Նման իրավիճակն անհանդուրժելի է: Ոստիկանությունը հոկտեմբերի 23-ից այս ուղղությամբ անցել է ուժեղացված ծառայության ռեժիմի: Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները: Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով: Քաղաքացիներին կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ այսպիսի գործողությունների անհրաժեշտությանը և ոստիկանների հետ համագործակցությամբ նպաստել մեր հաղթանակին նաև այս ճակատում»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter