HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիայում նոյեմբերի 2-ից կմտցվեն նոր սահմանափակումներ

Գերմանիայի իշխանությունները մտցնում են նոր սահմանափակումներ, որոնք պայմանավորված են վերջին շրջանում կորոնավիրուսի կտրուկ տարածման դեմ պայքարով։ Համապատասխան որոշումը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 28-ին կայացվել է Անգելա Մերկելի և 16 դաշնայի հողերի վարչապետերի կողմից։ Նոր սահմանափակումները կսկսեն գործել նոյեմբերի 2-ից մինչև նոյեմբերի վերջ։

Բեռլինում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Մերկելը հայտարարել է, որ նոր սահմանափակումների անհրաժեշտությունը հիմնավորված է նրանով, որ վերջին տասն օրերին գերմանական կլինիկաների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում կրկնակի աճել է պացիենտների թիվը, իսկ վերջին ինն օրերին կրկնապատկվել է թոքերի արհեստական շնչառությանը միացված պացիենտների թիվը։ Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ մոտ ապագայում գերմանական առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար, անհրաժեշտ է գործել առանց հապաղումների։ Նրա խոսքերով՝ համավարակի դեմ պայքարի գլխավոր գործիքներից մեկը կորոնավիրուսով վարակվածների հետ կոնտակտավոր անձանց հետևելն է։ Սակայն ներկայումս առողջապահական մարմինները ի վիճակի չեն հետևել այդպիսի կոնտակտավորների 75 տոկոսին։

Կառավարության որոշմամբ կսահմանափակվի քաղաքացիների միջև շփումները։ Հանրային վայրերում կթույլատրվի միևնույն ժամանակ հավաքվել երկու տնային տնտեսություններից մինչև 10 մարդու։ Օրինախախտները կտուգանվեն։ Իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել առաջիկա ամիսներին հրաժարվել մասնավոր ուղևորություններից և հարազատներին այցելելուց։ Գերմանիայի հյուրանոցները կկարողանան ընդունել այն այցելուներին, որոնք ժամանել են հարգելի պատճառներով և ոչ զբոսաշրջային նպատակով։

Սահմանափակումների արդյունքում կփակվեն զվարճանքի բոլոր հաստատությունները։ Խոսքը գնում է թատրոնների, կինոթատրոնների, համերգասրահների, ցուցադրությունների սրահների, խաղատների, ֆիթնես ակումբների, լողավազանների և նմանատիպ այլ հաստատությունների գործունեության մասին։ Սահմանափակումները չեն տարածվի բացօթյա վայրերում սպորտով զբաղվելու վրա։ Բացի այդ, կփակվեն նաև սպասարկման ոլորտի ձեռնարկությունները, ինչպես օրինակ կոսմետիկ և մերսման սրահները։ Նոյեմբերին կփակվեն նաև ռեստորանները և սրճարանները, բացառությամբ նրանց, որոնք ունեն առաքման ծառայություն։

Կշարունակեն գործել վարսավիրանոցները։ Խանութներում կսահմանափակվի մարդկանց առկայությունը։ Այսպես, յուրաքանչյուր հաճախորդի համար սահմանվել է 10 քառակուսի մետր տարածք։ Դպրոցներն ու մանկապարտեզները կշարունակեն գործել սովորական ռեժիմով։

Անգելա Մերկելը և դաշնային հողերի կառավարությունների ղեկավարները նախատեսում են խորհրդակցությունների նպատակով հանդիպել երկու շաբաթ անց, որպեսզի հասկանան, թե արդյոք ձեռնարկված միջոցառումները համապատասխանում են սահմանված նպատակներին։

Համաձայն Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալների՝ Գերմանիայում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 14 964 նոր դեպք, ինչը կրկնակի շատ է, քան մեկ շաբաթ առաջ։ Կորոնավիրուսի համավարակից ի վեր սա Գերմանիայում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Ներկայումս երկրում կորոնավիրուսով հիվանդ է մոտ 122 000 մարդ։ Ընդհանուր առմամբ Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 464 239 մարդ, մահացել է ավելի քան 10 000-ը։

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter