HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Այս (-) տեղ /ը/

Այս տեղը, որ այստեղ է, մեղրի համ ունի։

Մի անգամ մատդ թաթախես, ընկնելու ես մեջն ու մինչեւ սիրտդ խառնելն ուտես։

Այստեղը երկար ձգվող երազի պես է, որ ժամանակ առ ժամանակ շեշտակի փոխում է պատկերը՝ բլուրներն իրենց եզրագծով որպես շիրմա ցցելով աչքիդ առաջ․․.

Ու, թե մի աչքդ փակես այստեղի արեւին (որ այնտեղի եւ այդտեղի արեւն էլ է), բլուրները դանդաղ առաջ կգան ու կմտնեն մեջդ։ Վտանգավոր է։

Այստեղը մատի ծայրին նստած թիթեռի պես է, որի համար ափսոսում ես, բայց պահն ավելի ես սիրում ու կարեւորում եւ մյուս ցուցամատովդ խաղում ես մանր ոտիկների հետ։

Այստեղն այդ թիթեռի եւ մատիդ նուրբ հարաբերության պես պատկեր-պատում է՝ առանց հոդակապի։

Այստեղը մրսելու ու տաք պատերը մեջքիդ քաշելու տեղ էպահեստ՝ անհավանական պատմությունների, որոնց մեծ մասը մենք տեսել ենք փոքր ժամանակ, իսկ մի ահռելի մասը ապրել մեծանալու ընթացքում։ Այստեղը անվերջ ձգվող ապրում է՝ թեկուզ մի պահի ականջներդ հոգնում են, ու տրամադրությունդ կարող է ընկնել։

Այստեղը մեկի պատմությունն է, ով արդեն սիրում էր, բայց չհասցրեց ասել, իսկ նա, ով չլսեց չհասցրածի ասելիքը, փոխեց տունը, զուգագուլպան, տրամադրությունը, դարակների դասավորությունը, սանրվածքը, կրծկալը, մոտեցումն ու ակնոցը։

Ծեր ու իրար սիրող մարդկանց լուսանկար է այստեղը լույս չկա նկարի վրա, ոչ էլ առանձնակի շրջանակ, բայց երեւում է հոգատարությունն ու արանքի կինոն։

Այստեղը թատրոն է, որի ճակատին լավ չմաքրած սովետական աստղ կա, իսկ ներսում լիքը աստղիկներ, բայց դա չի խանգարել, որ առանձին մեկ-երկու գիգանտ օրորվեն իրենց նավակների մեջ ու լցնեն ծովը, որ չունենք։

Եվ էդ նույն ծովի մեջ այստեղը լցրել է շատ բան, որ չթարգմանվող է։ Եվ, եթե անգամ թարգմանելի մի հատված կա, այդ մենք չենք, այդ դուք եք, որ այստեղին նմանեցնում եք այդ տեղը (թեկուզ սխալմամբ)։

Բայց այստեղը ասեղի պես խրված է մի տեղ, ու անհիշելի ժամանակներից պահում է նամակներ, բացիկներ, միտումնավոր սխալներ ու չմատնված գաղտնիքներ։

Այստեղը  պարկ-ամրոց է։

Այստեղը հազիվ մեկ-երկու, ճոխ դեպքերում հինգ-վեց նախադասությամբ պատմվող տեղ է, եթե բանը հասել է դրան, բայց այստեղի պատմությունները այնքան հին ու այնքան շատ են, որ մարդուն կարող են վախեցնել։ Եվ թերեւս մեկ-երկու (ճոխ դեպքերում հինգ-վեց նախադասությունը) այստեղը դարձնում են էկզոտիկ, մեկ-մեկ էլ ռիսկային, իսկ որ ավելի հաճախ է՝ անմեկնելի։

Այստեղը  տարաբնույթ մահազդերի խառնարան է։

Ոտաբոբիկ քայլողի, մանկությունը միջանցքի պատկերներով ամրագրողի եւ անվերջ հավատացողի տեղ է այստեղը։ Հետո-ին անդադար հղում տվող, բայց միեւնույն երազի կրկնությունից տանջվածի դեմք է այստեղը։

Մի անգամ ջուրը մտածի ու չոր դուրս եկածի առասպել տեղն է այստեղը։

Եվ մի անգամ քարանձավը մտածի ու այլեւս դուրս չեկածի առասպել տեղն է այստեղը։ 

Եվ շատ անունների, դժվար արտաբերվող անունների, տարօրինակ անունների տեղ է այստեղը։

Ուրիշ լսողություն է այստեղը։

Անբացատրելի դադարներով անընդհատ կյանք է այստեղը։

Սիրուն էլ է այստեղը։

Ու, եթե համառ լինես, երեկոյին հասնելու տեղ է այստեղը։

Արեգի լուսանկարն է։

Նազիկի լուսանկարն է։

Այլեւայլոց տեքստերն է այստեղը։

Դռան արանքում երկտողի համար միշտ տեղ բացած ու հին մի կտոր պահարանի խորքում խնամքով ծալածի տեղն է այստեղը։

Այստեղը  ցավի վավերագրման եւ այդ ցավի հետ մենակ մնալու ապաստարան-կայանն է, որից դուրս մյուս ապաստարան-կայաններն են եւ նուրբ թելը, որ մեկը մյուսին է կպցնում պատմություններ մարդկանց մասին, այստեղի մարդկանց մասին։

Այստեղը անընդհատ կորչող եւ միայն կորուստի հիշատակման պահին աղաղակող պաստառն է, որը պտտվում է օդում, կպչում պատուհանին ու գոլորշու հետ տեղորոշվում, տեղափոխվում։

Այստեղը գարուն է եւ նաեւ արանքի հորդառատ զգացումները, որոնք անբացատրելի են։

Այստեղը հարցադրում է «տեսնես լուսանկարի տղան ուր է հիմա․․․»։

Այստեղը մեղր է լեզվի վրա։

Այստեղը ոտնաթաթի խաղ է։

Այստեղը գրկելու ու միեւնույնը զգալու եւ չխոսելու տեղն է։

Այստեղը տղան է, որ երեկ զոհվեց,

Եւ այն մեկը, որ նախորդ օրը,

Եւ մյուսը, որից լուր չկա։

Այս է այս տեղը, որ այստեղ է։ 

—————

Գլխավոր լուսանկարը՝  «Բացիկներ Արցախից» տուփ-գրքի հավաքածուից է։
Վարդան, 14տ․, երիտասարդ ձիավոր, նախրորդ, 2017
Լուսանկարիչ՝ Նազիկ Արմենակյան (https://www.4plus.org/)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter