HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արցախը մեր Էլզաս-Լոթարինգիան է, մենք երբեք այն չենք թողնի»

 «Պարոն Ժան-Իվ լը Դրիան, Դուք ոչ մի անգամ չդատապարտեցիք Ղարաբաղի նկատմամբ դաժան ագրեսիան»

Ֆրանսիական կինոյի՝ հայկական ծագմամբ երեք գործիչներ՝ դերասան, դրամատուրգ եւ ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը եւ ռեժիսոր, պրոդյուսեր ու սցենարիստ Ռոբեր Գեդիկյանը բաց նամակ են հղել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանին Լեռնային Ղարաբաղում ստեղծված դրամատիկ իրավիճակի առնչությամբ։ Նամակը գրված է առաջին դեմքով, սակայն ստորագրել են երեքը։ Այն ներկայացնում ենք թարգմանաբար։

Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժերը ներկայացնող պատգամավորների եւ հայկական սփյուռքի՝ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջի հաջորդ օրը Դուք չափազանց լակոնիկ պատասխան տվեցիք։ Այդ մի քանի բառը՝ լեզվի ծայրով ասված, մեզ ի ցույց են դնում Ֆրանսիայի «չեզոքությունը» եւ «անհրաժեշտությունը»՝ այդպիսին մնալ Մինսկի խմբի իրավական շրջանակում։

Դուք որեւէ միտք չարտահայտեցիք, որը կվկայեր Ձեր մտահոգության մասին՝ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության ռմբակոծման կապակցությամբ։ Ոչ մի անգամ Դուք չդատապարտեցիք այդ զանգվածային, դաժան ագրեսիան։

Լքված Արցախը

Արցախն այդ շրջանի իրական անվանումն է, որը թաթարները, ներեցեք՝ ադրբեջանցիներն անվանում են Ղարաբաղ։ Ենթադրում ենք՝ Դուք դա գիտեք։ Դուք պատմության շրջանավարտ եք, չէ՞։ Ուրեմն, Դուք պետք է իմանաք, թե ինչ պայմաններում է հորինվել Ադրբեջանը 1918-ին եւ ինչու Լենինը, որը հավատում էր, թե Մուստաֆա Քեմալին բոլշեւիկյան ճամբար կմտցնի, թույլ տվեց Ստալինին անդամահատել Հայաստանը եւ Նախիջեւանն ու Արցախը տալ Ադրբեջանին։

Պարզ է, որ մենք՝ հայերս, հետաքրքիր չենք Ֆրանսիային, բացառությամբ պատերազմական ժամանակների, Մանուշյանն ու հազարավոր կամավորները, որոնք կռվել են արեւելյան լեգիոնում, Ձեզ դա կասեն։ Բայց քանի որ դա անցյալից է, անցնենք առաջ։ Սակայն, եթե այդ անցյալը վեր հառնի, մենք այստեղ կլինենք, չկասկածեք։

Դուք նեղացնում եք դիվանագիտական ​​դաշտը՝ հօգուտ տնտեսական և ֆինանսական պրագմատիզմի։

Այս պահի դրությամբ մենք կշիռ չունենք աշխարհի ձեր շուկայական տեսլականում, և Ձեր «չեզոքությունը» տրամաբանական է: Դուք Ձեր խոսքում հավելում եք, և հենց դա է ինձ գրավում. «Մեր երկարատև փոխհարաբերությունները Ադրբեջանի, նախկին ԽՍՀՄ հանրապետության հետ, որն օժտված է ածխաջրածինների զգալի պաշարներով, կարևոր հնարավորություններ է ներկայացնում միջազգային շատ ընկերությունների համար»:

Դուք նեղացնում եք դիվանագիտական ​​դաշտը՝ հօգուտ տնտեսական և ֆինանսական պրագմատիզմի։

Ես գիտեմ, առեւտրականի տեսանկյունից էթիկան ոչինչ չարժի, դա ոչ այլ ինչ է, քան հնացած, հին մի բան, որը դրվում է ժամանակի գզրոցում, որտեղ կուտակված են ընկած աշխարհի արժեքներն ու առաքինությունները: Մեկ այլ դարի մասունքներ, որոնք ժպտում են երիտասարդ աստվածներին: Դուք խոսում եք Ադրբեջանի, ավտոկրատ բռնապետության մասին՝ որպես ժողովրդավարական երկրի: «Մեր երկար հարաբերությու՞նը: «Ի՞նչ բնույթի փոխհարաբերություններ, պարոն նախարար, և ո՞ր ժամանակներից:

Դուք գիտեք, թե ինչպես է Ալիեւը ճնշում իր ժողովրդին, լեզգի եւ թալիշ փոքրամասնությունների զավաներին ուղարկում կռվելու թշնամու դեմ, որն իրենը չէ։ Դուք գիտեք, որ նրա ընտանիքը թալանում և յուրացնում է նավթային մանանան, որի պաշարները, կասեմ հպանցիկ, շատ երկար չեն տևի:

Դուք գիտեք ջարդերի մասին, որոնք բռնկվեցին Արցախի հանրաքվեի հաջորդ օրը՝ ի պատասխան ազատագրման իր ցանկության, երբ 1987-ին նա իր ինքնորոշման ու անկախացման պահանջ ներկայացրեց։ Պահանջ, որն ընդունվեց տեղական խորհրդարանի պատգամավորների կողմից (նկատի ունի ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը-Հետք), որովհետեւ համապատասխանում էր գորբաչովյան ԽՍՀՄ-ի օրենքին։ Բայց մինչ վավերացումը, Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը Ադրբեջանում խաղաղ ապրող հայերի դեմ լռեցրին ժողովրդավարական ձայնը եւ բացեցին պատերազմի դռները, որը տեւեց երեք տարի։

Դուք, անշուշտ, լավ եք վերացարկումից։ Ես շնորհավորում եմ Ձեզ։

Եվ քանի որ ժամանակակից պատմությունը ձեր տարերքն է, Դուք նաեւ գիտեք նույն տարածաշրջանում թաթարների, ներեցեք ադրբեջանցիների կողմից իրականացված հայերի ջարդերի մասին 1906, ապա 1918 եւ 1920 թվականներին։

Այո, պատմությունը երկար է, պարոն նախարար, եւ արյունոտ։ Մենք, հավանաբար միամտորեն, կարծում էինք, թե այն իր տխուր ավարտին է հասել 1915-ին։ Բայց ակնհայտորեն, «երկու ժողովուրդ, մեկ ատելություն» կարգախոսն ունեցող այս պարոնայք ցանկանում են ավարտել իրենց նախնիների գործը։

Էրդողանը խոստանում է, մեջբերում եմ. «Եթե շարունակեք ձեզ այսպես պահել պահել, վաղը ոչ մի եվրոպացի, ոչ մի արևմուտքցի աշխարհում ոչ մի տեղ չի կարողանա փողոցում ավտանգ կամ հանգիստ քայլել»: Ինչ վերաբերում է Ալիևին, ապա նա հայտարարում է. «Հայերին շների պես դուրս ենք վռնդելու և խեղդելու ենք իրենց արյան մեջ»: Կամ «Նրանք (ֆրանսիացիները) պարզապես պետք է Մարսելը տան արաբներին»: Ահա ատելության և հիմարության այն մակարդակը, որին բախվում են Երևանի և Ստեփանակերտի կառավարությունները:

Դուք, անշուշտ, լավ եք վերացարկումից։ Ես շնորհավորում եմ Ձեզ։

Արցախը մեր Էլզաս-Լոթարինգիան է, մենք երբեք այն չենք թողնի։ Հասկանու՞մ եք։ Մենք չունենք այլ ընտրություն, քան դիմադրել, դիմադրել նվաճողին, որը երազում է մեզ ոչնչացնելու մասին։ Այս պատերազմը, որը հարվածում է հայ ժողովրդին ամբողջ ուժով, լոկ տեղական բախում չէ: Թուրք և պակիստանցի ռազմական խորհրդականները, Սիրիայից, Լիբիայից և Աֆղանստանից եկած գլխատող ջիհադիստական ​​ջոկատները դա են վկայում: Ուշադիր լսեք, թե ինչ է ասում Էրդողանը, և Դուք կհասկանաք իմ տագնապները: Մարդը հավատարիմ է իր խոսքերին: Նրա վրեժխնդրության ամբիցիան, որը թաթախված է ատելությամբ և զայրույթով, թեւեր է առնում: Նրա թափն այս պահին չկոտրելու դեպքում շատ ուշ կլինի, ավաղ՝ ոչ միայն հայերի համար: Շուտով Հունաստանը կլինի, որը կհայտնվի արյունալի բախման մեջ, ապա կհետեւեն Բալկանները: Ձեր ֆինանսական մոլուցքը հաղթե՞լ է ձեր գիտակցությանը։ Չեք տեսնու՞մ, թե ինչ է կատարվում: Արցախի և Հայաստանի ժողովուրդը տարածաշրջանի դերակատարները չեն, նրանք տարածաշրջանն են և այդտեղ են ավելի քան երկու հազար տարի: Նրանք դարպասն են, անփոփոխ պահապանները:

Ձեզ մնում է իմանալ, թե ինչ են նրանք պաշտպանում, չէ՞ որ Դուք պատմության մասնագետ եք։

Լուսանկարում՝ (ձախից աջ) Ռոբեր Գեդիկյան, Սիմոն Աբգարյան, Սերժ Ավետիքյան

Թարգմանությունը՝ Լիանա Սայադյանի

Մեկնաբանություններ (2)

Garry
Gentlemen, I commend you for your concern and your will to speak out against the abhorrent Turkish-Azeri regimes. You must not stop at this - you must press the highest echellons of France and the EU leadership to counter and end this bullying of the people of Artsakh and Armenia.
joe
Well written. This is easy. DESTROY THE OIL PIPELINES. It will get everyone's attention..Its a must. Don't be afraid.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter