HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Մանուկյանը կներկայացնի Ջավախքը Վրաստանի խորհրդարանում. ամփոփվում են Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Ախալքալաքի շրջանից ընտրված` գործող պատգամավոր Սամվել Մանուկյանը կշարունակի իր պատգամավորական գործունեությունը Վրաստանի խորհրդարանի գալիք նստաշրջանում: Այս մասին վկայում են Վրաստանի Ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների նախնական արդյունքները:

Վրաստանում հոկտեմբերի 31-ին խորհրդարանական ընտրություններ էին: Ջավախքում մեծամասնական ընտրակարգով 9 թեկնածու էր մրցակցում մանդատ ստանալու և Ախալքալաքի ու Նինոծմինդայի շրջանները Վրաստանի խորհրդարանում ներկայացնելու համար: Համաձայն ամփոփված նախնական արդյունքների` Սամվել Մանուկյանը ստացել է Ջավախքի ընտրողների ձայների մեծամասնությունը` 63% քվե (15 265 ձայն):

Սամվել Մանուկյանն առաջադրվել էր իշխանական` «Վրացական երազանք» կուսակցության կողմից: Նրա հիմնական մրցակիցը Նինոծմինդայի շրջանից ընտրված, գործող պատգամավոր Հենզել Մկոյանն էր, ում օգտին քվեարկել է ընտրողների շուրջ 18 % -ը (4317 քվե): Հիշեցնենք, վերջինիս իշխանությունն այլևս չէր սատարում, և Հենզել Մկոյանն առաջադրվել էր որպես անկախ պատգամավոր:

Առաջատարների եռյակը, հավաքած շուրջ 10 % ձայներով, եզրափակում է Արսեն Կարապետյանը, որը նախկինում զբաղեցրել է Նինոծմինդայի ոստիկանապետի պաշտոնը: Առաջադրվել էր «Բաքրաձե, Ուգուլավա, Բոկերիա –«Եվրոպական Վրաստան» – շարժում հանուն ազատության» կուսակցության կողմից: Վերջինս նաև կուսակցության համամասնական ցուցակի 29-րդ հորիզոնականում է: 

4,5 % քվե հավաքել է նաև նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանը, որն այս անգամ ներկայացնում էր «Միասնկանա ազգային շարժում, Միացյալ ընդդիմություն, Ուժը միասնության մեջ է» դաշինքը: Վերջինս նաև դաշինքի համամասնական ցուցակում 51-րդն է: 

Մնացյալ թեկնածուները հավաքել են 3 և պակաս տոկոս քվե: Նրանք են` Արտաշես Հակոբյանը, Դիանա Հարությունյանը, Էլզա Գրիգորյանը, Միխեիլ Շիոշվիլին և Ամիրան Չախալիձեն: 

Դաշինքների և կուսակցությունների համամասնական ցուցակներում հայազգի թեկնածուներ կան, սակայն առայժմ դժվար է ասել, թե նրանցից ով մանդատ կստանա` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հայազգի ներկայացուցիչները այդ ցուցակների առաջատար հորիզոնականներում չեն: 

Սամցխե-Ջավախքում ընտրողների մասնակցության համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել ` 60,8 %, որը կազմել է 87654 ընտրող: Ջավախքում (Նինոծմինդայում և Ախալքալաքում)` 55,7 % կամ 32241 ընտրող:

Առայժմ ամփոփված տվյալների համաձայն` Վրաստանի ողջ տարածքում համամասնական ընտրակարգով առաջատարը իշխող կուսակցությունն է`ավելի քան 48% ձայնով, երկրորդ տեղում Սահակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային շարժում»-ն է`ավելի քան 26 % ձայներով, մնացյալ կուսակցություններն առայժմ 3 և պակաս % ձայներ են հավաքել:

Նշենք, որ այս պահի դրությամբ 3847 ընտրատեղամասերից ամփոփվել է 3086-ից ստացված արդյունքները:

Գլխավոր լուսանկարում` Սամվել Մանուկյանը` աջից: Լուսանկարը` Ս. Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter