
Սպիտակ ֆոսֆոր. վտանգներն ու ազդեցությունը
Սպիտակ ֆոսֆորը չափազանց թունավոր է և ունի տհաճ, սխտորանման հոտ։
Դրա փոքր չափաբաժինն օդի հետ շփման արդյունքում նախ ձևավորում է սպիտակ ծուխ, այնուհետև բոցավառվում է։ Այդ առանձնահատկությունների շնորհիվ երբեմն այն անվանում են նաև «Սատանի տարր»։
Հոկտեմբերի 30-ի գիշերը ադրբեջանական ուժերը Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, կիրառել են Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ:
Սպիտակ ֆոսֆորն աշխարհում պարբերաբար օգտագործվում է տարբեր ռազմական գործողությունների ժամանակ։ Այն կիրառվում է ցերեկվա ժամերին՝ ծխածածկույթ առաջացնելու, իսկ գիշերը՝ հստակ տարածք լուսավորելու համար, բայց անօրինական է դրա օգտագործումը խաղաղ բնակչության դեմ։ Արգելված է հրկիզվող զենքերի ռազմաօդային ճանապարհով օգտագործումը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա՝ համաձայն Ժնևի Կոնվենցիայի հրկիզվող զենքերի կիրառության արգելքների կամ սահմանափակումների մասին երրորդ արձանագրության։ Սակայն արձանագրությունը չի ստորագրել ո’չ Հայաստանը, ո’չ Ադրբեջանը (ստորագրած երկրների ցանկը՝ այստեղ)։
Ճարպերի մեջ հեշտ լուծվելու հատկությամբ՝ սպիտակ ֆոսֆորը մարդու մարմնի հետ շփվելիս կարող է մարմինն այրել մինչև ոսկոր: Սպիտակ ֆոսֆորի մասնիկները կարող են վերքեր առաջացնել նույնիսկ բուժումից հետո, ինչպես նաև մտնել արյան շրջանառության մեջ՝ դառնալով բազմաթիվ օրգանների անբավարարության պատճառ։ Փակ վերքերը կարող են նորից գրգռվել վիրակապերը հանելուց հետո, երբ մնացորդները կրկին ենթարկվեն թթվածնի ազդեցությանը: Նույնիսկ համեմատաբար աննշան այրվածքները հաճախ մահացու են լինում:
Սովորաբար, սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքերը պայթեցվում են գետնին մոտ, որպեսզի հնարավորինս նվազեցվի դրանց հետագա վտանգավոր ազդեցությունը։ Շուշիի տարածքում կիրառված արկերը բավական վերևում են պայթել՝ տարածելով թունավոր նյութը հնարավորինս լայն տրամագծով։
Սպիտակ ֆոսֆորը ֆոսֆոր տարրի երեք ալոտրոպ ձևերից մեկն է, այսինքն՝ տարրը գոյություն ունի մի քանի պարզ նյութերի ձևով։ Տարբերակում են սպիտակ, կարմիր (ամորֆ) և սև (գրաֆիտանման) ֆոսֆորները։
Իր անկայունության պատճառով սպիտակ ֆոսֆորը պահվում է ջրի տակ, որի մեջ դժվար լուծելի է։
Համաձայն Ամերիկայի քիմիական հասարակության տվյալների (ACS)՝ աշխարհում տարեկան արտադրվում է մոտ 900,000 տոննա սպիտակ ֆոսֆոր։ Դրա մեծ մասն օքսիդացվելով՝ դառնում է ֆոսֆատ և լայնորեն կիրառվում պարարտանյութերի, թունաքիմիկատների, պլաստիֆիկատորների ու անասնակերի սննդային հավելումների, ինչպես նաև մետալուրգիական և կրծողների դեմ թույների արտադրության մեջ։ Մինչ 20-րդ դարը սպիտակ ֆոսֆորը լայնորեն կիրառվում էր լուցկու արտադրության մեջ, որն այնուհետև փոխարինվեց ավելի ապահով տարբերակով՝ ֆոսֆորի սեսքվիսուլֆիդով (P4S3)։
Միջազգային փորձ
Սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառումը անտառային տարածքներում գրանցված չէ։ Հայտնի է միայն 2016 թվականին Գերմանիայի Ուիտստոք քաղաքի դեպքը, երբ 1993 թվականից չգործող զենքերի գործարանից արտահոսել էր նյութն ու անտառային զանգվածային հրդեհների պատճառ դարձել՝ խլելով մոտ 56 հա տարածք։
2000-2016 թթ. սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքների կիրառությունն արձանագրվել է նվազագույնը յոթ ռազմական բախումների կետերում՝ Աֆղանստան, Գազայի հատված (Պաղեստին), Իրաք, Լիբանան, Սոմալի, Ուկրաինա և Եմեն։
«Անկախ նրանից, թե ինչպես է օգտագործվում սպիտակ ֆոսֆորը, այն բնակելի տարածքներում սարսափելի և երկարատև վնասների պատճառ է դառնում»,- ասել է Human Right Watch-ում սպառազինության բաժնի ղեկավար Ստիվ Գուսը Ալ-Ռակկա (Սիրիա) և Մոսուլ (Իրաք) քաղաքներում ԱՄՆ-ի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքեր կիրառելու մասին։
Քրիստիան Գինոսյան
Հետք Մեդիա Գործարան
Մեկնաբանել