HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպական մի շարք երկրներ կրկին անցնում են լոքդաունների

Կորոնավիրուսի համավարակի պատճառով եվրոպական մի շարք երկրներ ստիպված խստացնում են սահմանափակումները՝ մտցնելով նոր լոքդաուններ։ Այսպես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հոկտեմբերի 31-ին հայտարարել է, որ նոյեմբերի 5-ից Անգլիայում կմտցվի նոր լոքդաուն։ Կարանտինային սահմանափակումները կգործեն մինչև դեկտեմբերի 2-ը։ 

Բրիտանական կառավարության ղեկավարը նշել է, որ բնակիչները կկարողանան լքել իրենց տները միայն ապրանքներ գնելու, աշխատանքի մեկնելու, բժշկին այցելելու, բացօթյա տարածքներում սպորտով զբաղվելու և կամավորական աշխատանք անելու համար։ Կփակվեն մանրածախ առևտրի բոլոր այն խանութները, որոնք չեն վաճառում առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ռեստորաններն ու բարերը կաշխատեն միայն առաքման ռեժիմով։ Դպրոցներն ու կրթական այլ հաստատությունները կշարունակեն գործել իրենց բնականոն աշխատանքով։

Մեծ Բրիտանիայում առաջին լոքդաունը ներդրվել է դեռ այս տարվա մարտին։ Հունիսից Անգլիայում, Ուելսում, Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում սկսել են աստիճանաբար թուլացվել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները։ Նոյեմբերի 1-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 011 660 դեպք, մահացել է 46 555 պացիենտ։

Ավստրիայում երկրորդ լոքդաունը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 3-ից և կձգվի մինչև նոյեմբեր ամսվա վերջ։ Այդ մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը։ Ավստրիայում կարանտինային սահմանափակումները ենթադրում են պարետային ժամ, որը կձգվի 20:00-06:00-ն։ Ռեստորանները և սրճարանները կկարողանան գործել միայն առաքման ռեժիմով։ Դպրոցների ավագ դասարանների աշակերտների և ուսանողների դասերը կկազմակերպվեն հեռավար։ Խանութներն ու մանկապարտեզները կշարունակեն բնականոն գործել։

Պորտուգալիայում էլ կմտցվի մասնակի լոքդաուն։ Այն կգործի նոյեմբերի 4-15-ը երկրի 121 համայնքներում, ներառյալ մայրաքաղաք Լիսաբոնում։ Կարանտինային սահմանափակումների ժամանակ քաղաքացիները կկարողանան դուրս գալ գնումների, մեկնել աշխատանքի և բժշկի։ Բացի այդ, կթույլատրվի կարճատև զբոսանքը և ռեստորաններ այցելելը, որոնք, սակայն, կկարողանան ընդունել առավել քիչ թվով հաճախորդների և կփակվեն ավելի շուտ։

Իշխանությունները գործատուներին կոչ են արել հնարավորության դեպքում աշխատանքը կազմակերպել հեռավար։ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան նշել է, որ նոր սահմանափակումներն անհրաժեշտ են առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունից խուսափելու համար։

Ֆրանսիայում էլ սահմանափակումները մտցվել են հոկտեմբերի 30-ից և կգործեն մինչև դեկտեմբերի 1-ը, իսկ Գերմանիայում ուժի մեջ կմտնի նոյեմբերի 2-ից և կգործի մինչև նոյեմբեր ամսվա վերջ։

Զուգահեռաբար, Գերմանիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որոնք կազմակերպվել են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ։ Այսպես, Դրեզդենում, «Querdenken» նախաձեռնության կազմակերպած բողոքի ցույցին, մասնակցել է մի քանի հազար մարդ։ Ցուցարարների մեծ մասը եղել են առանց դիմակների։ 

Կարլսրուեում տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցել է մոտ 900 մարդ։ Ոստիկանությունը մի քանի անգամ զգուշացրել է սոցիալական հեռավորության պահպանման մասին։ Բրաունշվեյգում տեղի ունեցած բողոքի ցույցին էլ մասնակցել է մոտ 750 մարդ, իսկ Դարմշտադտում՝ մոտ 300։ Դյուսելդորֆում էլ, ըստ ոստիկանության, ցուցարարների թիվը կազմել է մոտ 100։

Berliner Morgenpost պարբերականի տվյալներով՝ ցույցերին հիմնականում մասնակցել են աջ ծայրահեղականները, որոնք ժխտում են նոր կորոնավիրուսի գոյությունը։

Լուսանկարը՝ Thomas Kronsteiner/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter