HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

2021-ի տնտեսական աճը կարող է լինել 4.6 %. ԱԺ-ում սկսվել են բյուջետային քննարկումները

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել են 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ նախագիծը կազմվել է մինչ ռազմական դրությունը հաստատելը և հավանական համարեց, որ որոշ ցուցանիշներ քննարկումների արդյունքում փոխվեն: Բյուջեի նախագծի հիմնական շեշտադրումները ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ում խոսքով` ակնհայտ է, որ 2021 թվականը լարված տարի է լինելու:

«Բայց մեր համատեղ աշխատանքի արդյունքում, համոզված եմ, կհաջողվի ունենալ բյուջե, որը հաշվի կառնի բոլոր հնարավոր ռիսկերը ու մարտահրավերները, ապահովել սոցիալ-տնտեսական կայունություն ու անվտանգություն: Թիվ մեկ խնդիրը, որ պարտավոր ենք լուծել, արդյունավետությունն է»,- ասաց փոխվարչապետը:

Գրիգորյանի խոսքով` այս տարի բյուջեի վրա իրենց հիմնական ազդեցությունն ունեցել են թե՛ կորոնավիրուսի համավարակը, թե՛ ռազմական դրության հետևանքները, որոնք էլ որոշակի անորոշություն են ձևավորել տնտեսական ցուցանիշներում:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ հիշեցրեց, որ ընթացիկ տարում բյուջեն երկու անգամ վերանայվել է` ընդգծելով, որ առանց վերանայման անհնար կլիներ բնականոն աշխատանքը շարունակել: Նախարարի խոսքով` բյուջեն ունի որոշակի տրամաբանություն, այն շարունակական գործընթաց է և անկախ ստեղծված հանգամանքներից՝ բյուջեի նախագիծ ունենալը պարտավորություն է, որը հնարավորություն է տալու լուծել երկրի առջև ծառացած խնդիրները: Երկրի գլխավոր ֆինանսիստի համոզմամբ` նույնիսկ ամենաանորոշ իրավիճակում լավ է ունենալ որևէ ծրագիր, քան թույլ տալ, որ գործողությունները ինքնաբերաբար տրամաբանության մեջ լինեն: Չնայած նախագիծը մշակվել է այն ժամանակ, երբ ռազմական գործողություններ չկային, սակայն անորոշության աստիճանը շարունակում է բարձր լինել: Ընթացիկ տարում սպասվում է 6․8 % տնտեսական անկում: Նախագծում որպես 2021-ի տնտեսական աճի կանխատեսում է դիտարկվել 4․8 % ցուցանիշը, սակայն նախարարն ընդգծեց` կան հաշվարկներ, որ այն կարող է լինել 4,6 %։

Միջին գնաճը 2021-ին կանխատեսվում է 2․3 %-ի մակարդակում, որը 1․1 %-ային կետով բարձր է 2020-ի սպասողականից:

Եկամուտները ծրագրվել են 1 տրիլիոն 569․1 մլրդ դրամ, ինչը 9․2 %-ով ավել է 2020-ի սպասողականից և 0․2 %-ով ավել է 2019 թ․փաստացի մակարդակից: Ծախսերը ծրագրվել են 1 տրիլիոն 843․1 մլրդ դրամ, այն 1․2 %-ով ավել է 2020թ․ սպասողականից և 13․1 %-ով ավել է 2019 թ․փաստացի մակարդակից, դեֆիցիտը ծրագրվել է 274 մլրդ դրամ, ինչը 40․3 %-ով պակաս է 2020թ․ սպասողականից, իսկ 2019-ի փաստացի մակարդակը գերազանցում է 4․3 անգամ։ 2021 թ. պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 23․3 %, որը 2020թ․սպասողականից բարձր է 0․3 %-ային կետով, իսկ 2019թ․ փաստացի մակարդակից ցածր է 0․5 %-ային կետով։ 2021 թ. պետական բյուջեի ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 27.4 %, որը 2020թ․սպասողականից ցածր է 1․7 %-ային կետով:

2021 թ․ պետական բյուջեի նախագծով, կանխատեսվում է 4 տրիլիոն 486 մլրդ դրամ պետական պարտք, որը 4․1 %-ով ավել է 2020թ․ սպասողականից և 27․7 %-ով ավել է, քան 2019թ․ փաստացին էր: Արտաքին պետական պարտքը կկազմի 3 տրիլիոն 247 մլրդ դրամ, որը 1 %-ով պակաս է 2020թ․ սպասողականից, սակայն 17 %-ով ավել է, քան 2019թ․ փաստացին էր:

ՀՀ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կանխատեսվում է 66․8 %-ի մակարդակում, որը 2․2 %-ային կետով պակաս է, քան սպասվում է 2020-ին և 13․5 %-ային կետով ավել է 2019թ․ փաստացիից: ՀՀ արտաքին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կանխատեսվում է 48․3 %, որը 5․1 %-ային կետով պակաս է, քան սպասվում է 2020-ին և 6․1 %-ային կետով ավել է 2019թ․ փաստացիից: Ընդգծենք սակայն, որ այս ցուցանիշները նախագծի քննարկումների հետևանքով կարող են փոփոխվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter