HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Ոսկե ծիրանը» պատերազմի ընթացքում՝ «Նվիրում Արցախին». մեկնարկը՝ «Մենք ենք»

«Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի այլ ձեւաչափով․ նոյեմբերի 1-ից մեկնարկեց «Նվիրում Արցախին» ծրագիրը, որով փառատոնը միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին։

Ծրագրի շրջանակներում կցուցադրվի 6 ֆիլմ, որոնք անմիջապես վերաբերում են Արցախին եւ/կամ թեմատիկ առումով ներկայացնում են պատերազմը՝ իր հետեւանքային տրամաբանությամբ։ 

17 տարվա գործունեության ընթացքում 2020-ի ամառն առաջինն էր, որ «Ոսկե ծիրան»-ը քաղաքային կինոտրամադրության չվերածվեց․ փառատոնի բուն մասը կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց մինչ նոյեմբեր։ Հուլիսի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում առցանց ձեւաչափով իրականացվեցին փառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro հարթակի ծրագրերն ու նախագծերը, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրվեցին Հրանտ Մաթեւոսյանի, Աղասի Այվազյանի աստղերը։

Նոյեմբերին նախատեսված բուն ծրագրային աշխատանքների տրամաբանությունը փոխեց պատերազմը կինոփառատոնը «Նվիրում Արցախին» ծրագրի մեկնարկով հայտարարեց թեմատիկ ֆիլմերի ցուցադրության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքին միանալու իր նախաձեռնության մասին։ 

«We stand / Մենք ենք»

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, Կինոյի տանը փառատոնի «Նվիրում Արցախին» ծրագիրը մեկնարկեց «We stand/Մենք ենք» ազդագրերի բարեգործական ցուցադրության բացումով, որի շրջանակներում ցուցադրվում եւ վաճառվում էին Հայաստանում, Արցախում եւ արտերկրում բնակվող հայազգի 27 արվեստագետների աշխատանքներ։ Ցուցահանդեսի համադրողները Նվարդ Երկանյանը եւ Նայիրի Խաչատուրեանն են։ Վաճառքից գոյացած ողջ հասույթը (ինչպես եւ ցուցադրվող ֆիլմերի դեպքում) կուղղվի հիմնադրամին։ Ցուցադրությունը բաց կլինի մինչ նոյեմբերի 7-ը (11:00-20:00):

«Նվիրում Արցախին» ծրագրի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերը

«Նվիրում Արցախին» ծրագրի մեկնարկը տրվեց Կաննի միջազգային կինոփառատոնում ընդգրկված ֆրանսաբնակ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ Արցախին նվիրված «Երբ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով։

Այսօրվանից մինչ նոյեմբերի 7-ը կկայանա Գարեգին Պապոյանի «Բարի թռիչք», Սիլվա Խնկանոսյանի «Վախենալու ոչինչ չկա» (ընդգրկված Ռոտերդամի եւ Լայպցիգի միջազգային կինոփառատոնների ծրագրերում) ֆիլմերի պրեմիերաները։

Այս նույն ընթացքում տեղի կունենա նաեւ Լիտվայում բնակվող հայազգի ռեժիսոր Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու» եւ Հակոբ Մելքոնյանի՝ «Բլոկադա» պատերազմի թեման արծածող ֆիլմերի պրեմիերաները։

Հավելենք, որ Մարատ Սարգսյանն այս օրերին գտնվում է Արցախում եւ հյուսիսից իր տեսաուղերձն էր հղել փառատոնի հանդիսատեսին՝ նշելով, որ ներկա չի գտնվի ցուցադրությանը եւ կարեւորել վավերագրությունը, որն իրականացնում է այս օրերին Արցախի առաջնագծում։

Ծրագրում ընդգրկված է նաեւ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, որը վերջերս հանվեց Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրից, ինչի առիթով «Ոսկե ծիրան»-ը գրություն էր ուղարկել իր գործընկեր միջազգային կինոփառատոններին՝ իրազեկելով եւ կոչ անելով դատապարտել մոսկովյան փառատոնի այս քայլը։

Նոյեմբերի 7-ի ցուցադրությունների ցանկում Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը», Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճի», Օվսաննա Շեկոյանի «Թվիստ», Նաիրա Սարգսյանի «Հիմնավոր մաքրութուն», Կարինե Թորոսյանի «Այստեղ եւ այնտեղ», Վահան Խաչատրյանի «Հեղափոխության մասին» ֆիլմերն են։

Վերոնշյալ պրեմիերաները եւ ցանկում առկա մյուս ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան բացառապես տոմսերով (առանց հրավիրատոմսերի), գոյացած ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին (տոմսերի արժեքը՝ 1000 դրամ․ նախնական վաճառքն իրականացվում է առցանց՝ Իդրամ վճարային համակարգի հավելվածի միջոցով):

Հանգանականությունների ընթացքի շարունակականության նպատակով մինչ նոյեմբերի 30-ը «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» նախագծերի, Կանադայի, Գերմանիայի, Շվեյցարիայի եւ այլ երկրների հետ համագործակցաբար ցուցադրվող նորագույն ֆիլմերի ցուցադրություններից գոյացած ողջ հասույթը նույնպես կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter