HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սահմանադրական դատարանի դատավորներից մեկը կորոնավիրուսով է ախտորոշվել․Հրայր Թովմասյանի գործով նիստը հետաձգվեց

Սահմանադրական դատարանի դատավորներից, ինչպես նաև աշխատակազմի անդամներից մեկը կորոնավիրուսով է ախտորոշվել։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր նշանակված էր ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստ, որը հետաձգվեց Թովմասյանի բացակայության պատճառով։ Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով է ախտորոշվել նաև Թովմասյանի հարազատներից մեկը, իսկ ուրբաթ օրվանից վիրուսին բնորոշ ախտանշաններ են առկա նաև Հրայր Թովմասյանի մոտ, ով այսօր պետք է թեստ հանձնի։

Դատախազ Արսեն Մարգարյանը դիրքորոշում հայտնեց, որ ամբաստանյալի բացակայության պայմաններում նիստը ենթակա է հետաձգման, բայց միևնույն ժամանակ դիտարկեց, որ Թովմասյանի՝ կոնտակտավոր լինելու վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել դատարան։

Նիստի ընթացքում քննարկման առարկա դարձավ նաև Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանի բացակայության պատճառով նիստը հետաձգելու հարցը։ Նշենք, որ պաշտպան Մակինյանն արդեն մեկ ամսից ավելի է՝ մարտական հերթապահություն է իրականացնում և այդ հանգամանքով պայմանանավորված՝ չի կարող ներկա գտնվել դատական նիստերին։

Այսօրվա դատական նիստին Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանն առաջարկեց դատական հաջորդ նիստը հետաձգել ոչ թե մեկ շաբաթով, այլ ավելի երկար, ողջամիտ ժամկետով՝ հաշվի առնելով թե՛ պատերազմական իրավիճակը, թե՛ կորոնավիրուսի համավարակի լայն տարածման հանգամանքը։ Պաշտպանը նկատեց, որ եթե Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործով դատական նիստերի սկզբնական շրջանում՝ մարտ, ապրիլ ամիսներին, օրական կորոնավիրուսի 400-500 դեպք էր արձանագրվում, այսօր այդ թիվը հասնում է շուրջ 2000-2500-ի:

Դատարանը դիրքորոշում հայտնեց, որ Մակինյանի բացակայության պատճառով նիստը ենթակա չէ հետաձգման, քանի որ Հրայր Թովմասյանն այլ պաշտպան ունի։ Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի բացակայությանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանն այն հարգելի համարեց՝ միևնույն ժամանակ պահանջելով հաջորդ դատական նիստին ներկայացնել բացակայության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։ Դատարանը նաև դիրքորոշում հայտնեց, որ համավարակային կանոնների պահպանմամբ հնարավոր է դատական նիստեր իրականացնել և ասաց, որ իր վարույթում 40 գործ կա, որոնք բնականոն քննվում են։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 16-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter