HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Վերաքննիչ դատարանը բեկանել է Ֆիզիկայի ինստիտուտի դեմ վճիռը, գործն ուղարկել է նոր քննության

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի դեմ առաջին ատյանի դատարանի վճիռը և գործն ուղարկել է նոր քննության։ Առաջին ատյանի դատարանը 2020 թ.-ի մայիսին բավարարել էր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցն ընդդեմ ինստիտուտի։ Դատարանը պարտավորեցրել էր «Հետք»-ին անվճար տրամադրել Ֆիզիկայի ինստիտուտի հոգաբուրձուների խորհրդի 2009-2019 թ.-ի որոշումները։ Ինստիտուտը Վերաքննիչ դատարանում բողոքարկել էր առաջին ատյանի վճիռը։

2019 թ.-ին «Հետք»-ը գրավոր հարցմամբ դիմել էր Ֆիզիկայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ներսես Երիցյանին՝ խնդրելով տրամադրել խորհրդի 2009-2019 թ.-ի որոշումները։ Երիցյանը մերժել էր տեղեկատվության անվճար տրամադրումը՝ առաջարկելով վճարել 550 հազար դրամ, որպեսզի ինստիտուտի աշխատակիցները արտաժամյա աշխատանքով մշակեն հայցվող տեղեկությունները և փոխանցեն։ Այդ ամենից հետո «Հետք»-ը դիմել էր դատարան, և հայցը բավարարվել էր։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը դատավոր Հարություն Ենոքյանի նախագահությամբ հոկտեմբերի 23-ին վճռել է Ֆիզիկայի ինստիտուտի բողոքը բավարարել, բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության։

Դատարանը գտել է, որ իրավաչափ չէ առաջին ատյանի այն դիրքորոշումը, որ Ֆիզիկայի ինստիտուտը մանրամասն չի հիմնավորել, թե ինչի համար պետք է հայցվորը տեղեկություն ստանալու նպատակով վճարի 550 հազար դրամ։ Ըստ վերաքննիչ ատյանի, ֆիզիկայի ինստիտուտը, եթե հիմնավորեր, թե ինչու է այդքան գումար պահանջում, ապա պետք է 10 տարվա որոշումները ուսումնասիրեր, ֆիլտրեր տրամադրման ենթակաները։ Տվյալ պահանջը դատարանը համարել է պատասխանողի համար լրացուցիչ բեռի առաջացում և գտել է, որ դա չի կարող համարվել խելամիտ և իրավաչափ։

Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանը չի պարզել արդյոք առկա է եղել տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով տրամադրելու հնարավորություն, թե ոչ։

Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ անհրաժեշտ է իրականացնել գործի նոր քննություն՝ ներկայացված հայցի փաստական և իրավական հիմնավորումների շրջանակում։ Որի ժամանակ պետք է ապահովել ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության ճիշտ բաշխման արդյունքում ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն։

Դատարանը նաև նշել է, որ գործի նոր քննության ընթացքում անհրաժեշտ է պարզել նաև տեղեկատվության տրամադրման եղանակը, այդ թվում նաև՝ էլեկտրոնային փոստի, էլեկտրոնային կրիչի կամ էլեկտրոնային այլ տարբերակով տրամադրումը, դրա դիմաց կատարվող գանձման խելամիտ և հիմնավորված չափ սահմանելու հարցերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter