HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Հետք»-ի հայցն ընդդեմ Ֆիզիկայի ինստիտուտի բավարարվեց

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցն ընդդեմ Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի բավարարվել է: Ինստիտուտը պարտավոր է 550 հազար դրամի փոխարեն անվճար տրամադրել ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի որոշումները: Նման վճիռ է կայացրել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Աննա Փիլոսյանի նախագահությամբ:

«Հետք»-ը 2019 թվականին դիմել էր դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի Ֆիզիկայի ինստիտուտին, որ տրամադրեն ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի 2011-2019թթ.-ին ընդունված բոլոր որոշումների պատճենները։ Դատարան դիմելուց առաջ մենք գրավոր հարցումով դիմել էինք ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ներսես Երիցյանին, որպեսզի տրամադրի այդ որոշումները, սակայն վերջինս հայտնել էր, որ կտրամադրի այն դեպքում, երբ մենք վճարենք 550 հազար դրամ։ Ներսես Երիցյանն այդ գումարի պահանջը ներկայացրել էր անհրաժեշտ տեղեկությունը տրամադրելու համար ինստիտուտի աշխատակիցներին կատարած լրացուցիչ աշխատանքի դիմաց վճարելու համար։

Դատարանն արձանագրել է, որ հայցվող տեղեկատվության տրամադրման համար պահանջվող գումարը չի կարող ավել լինել, քան տեղեկություն տրամադրողի կատարած փաստական ծախսերը: Բացի այդ պատախանող կողմը որևէ հիմնավոր և ողջամիտ փաստարկ չի ներկայացրել դատարան, որպեսզի հիմնավորվի, թե ինչու պետք է 550 հազար դրամ վճարվի տեղեկություն ստանալու համար:

«Դատարանն արձանագրում է, որ որևէ ապացույց պահանջված տեղեկատվության հստակ ծավալի, պատասխանողի աշխատակազմում պահանջվող տեղեկատվությունը ֆիլտրելու և տրամադրման ենթակա տեսքի բերելու համար աշխատակցի բացակայության, կամ առկա աշխատակիցների աշխատանքային ծանրաբեռնվածության, որն անհնարին է դարձնում լրացուցիչ ծանրաբեռնումը, վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել: Որևէ ողջամիտ փաստարկով չի հիմնավորվել նաև վերադաս աշխատակցի ներգրավման անհրաժեշտությունը, ինչպես նաև չեն ներկայացվել վարձատրության չափը որոշելու չափանիշները, մասնավորապես պարզ չէ՝ ինչ չափանիշների գնահատմամբ է աշխատակիցների աշխատավարձը գնահատվել 250,000 և 300,000 ՀՀ դրամ (օրինակ՝ որակավորում, աշխատանքային օրվա տևողություն, ծանրաբեռնվածություն և այլն)»,- վճռի իրավական վերլուծության մասում նշել է դատավոր Աննա Փիլոսյանը:

Դատարանը վճռել է, որ «Հետք»-ի հայցը բավարարում է մասնակի՝ նկատի ունենալով, որ Ֆիզիկայի ինստիտուտի տրամադրվելիք ուրոշումներում գաղտնիք պարունակող հատվածները պետք է ծածկված տրամադրվեն: Ակնկալվող տեղեկություններում գաղտնիք պարունակող հատվածները փակելու մասին մենք մինչև դատական հայց ներկայացնելը հայտնել էինք Ֆիզիկայի ինստիտուտին մեր գրավոր հարցումներով։

«Հետք»-ի շահերը դատարանում  ներկայացնում էր Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գրիշա Բալասանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter