HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ցիկլոտրոնի գործարկումն ամենահեշտն էր. ապագան է անորոշ

Կառավարության հուլիսի 12-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը գործարկվել է: «Ես ուզում եմ մի նորության մասին էլ խոսենք: Երբ մեր պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Սինգապուրում, Հայաստանից շատ կարևոր նորություն ստացանք, որին մի պահ ես նույնիսկ դժվարանում էի հավատալ, որովհետև այդ հարցն այնքան քննարկվել էր, 10 և ավելի տարվա վաղեմություն ունի, որ ինձ թվում էր, թե սա անլուծելի հարց է: Խոսքն այն մասին է, որ հունիսի 12-ից սկսել է աշխատել Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը, և երկու շաբաթ առաջ ստացվել է 18 F բժշկական իզոտոպը, որն օգտագործվում է ախտորոշման համար»,- հայտարարեց վարչապետը Կառավարության նիստում:

10 տարի, 5.3 միլիոն եվրո վարկ և պետական ֆինանսավորում 

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ 2009 թ.-ին Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի ներգրավմամբ որոշեց ստեղծել իզոտոպների արտադրության կենտրոն: Դրան զուգահեռ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտը ՊՈԱԿ-ից վերակազմակերպվեց հիմնադրամի, իսկ Ներսես Երիցյանը դարձավ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Դրանից հետո որոշվեց Ֆիզիկայի ինստիտուտի տարածքից 1.35 հա հողամասը ետ վերցնել և ամրացնել Էկոնոմիկայի նախարարությանը, որից 3000 քառ. մետրը` ռադիոիզոտոպների արտադրություն կազմակերպելու, իսկ 10,500 քառ. մետրը` պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոն և ուռուցքաբանական կլինիկա հիմնելու նպատակով:

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ծրագիրը երեք փուլ պետք է ունենար. ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծման: Առաջին փուլի մեջ էր մտնում ցիկլոտրոնի գործարկումը: 

2013 թ.-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը ծանոթանում էր ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառուցման աշխատանքներին: 2013 թ.-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Բելգիա կատարած այցի ժամանակ Կառավարության և ամերիկյան «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ՓԲԸ-ի միջև պայմանագիր ստորագրվեց, որով «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի» կառավարումը պետք է հանձնվեր «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությանը: Մինչ օրս օֆշորային այդ ընկերության հետ կնքված պայմանագիրը չի գործարկվել:

««Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն և ապագայում ստեղծվելիք Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնն ամերիկյան «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերության փաստացի կառավարմանը հանձնելու և կողմերի առկա պարտավորությունների վերաբերյալ ընկերության տնօրեն պարոն Հայկ Բաքրջյանի հետ ՀՀ կառավարության տարբեր գերատեսչություններ վարել են երկարատև բանակցություններ: Էական հարցերի շուրջ տարաձայնությունների հետ կապված «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերության հետ ստեղծված իրավական խնդիրների կարգավորման հարցը հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարությանը»,- ասված է նախարարության գլխավոր քարտուղարի մեզ ուղղված պատասխանում: 

2015 թ.-ին շինարարությանը հետևում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 2016 թ.-ին էլ վարչապետ Կարեն Կարապետյանն բարձր էր գնահատում Բելգիայի կողմից ինչպես ֆինանսական, այնպես էլ մասնագիտական և տեխնիկական օժանդակությունը Հայաստանում ժամանակակից Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման գործում: Հայաստանում երեք վարչապետ փոխվեց, սակայն Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի երեք փուլից բաղկացած ծրագիրը դեռ ամբողջությամբ կյանքի չի կոչվել:

«Հետք»-ը ցիկլոտրոնի գործարկման, դրա վրա ծախսված միջոցների և այլ հարցերի վերաբերյալ գրավոր հարցումներ էր ուղարկել Կառավարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Պետական գույքի կառավարման կոմիտե և «Ֆիզիկայի ինստիտուտ» հիմնադրամ:

Եվ այսպես. ՀՀ պետական բյուջեից «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրվել է ընդհանուր առմամբ 2.5 միլիարդ դրամ, իսկ բելգիական «Քեյ Բի Սի Էն ՎԻ» բանկից՝ 5.3 միլիոն եվրո: Վարկային գումարն ուղղվել է բելգիական «Այըն ԲԻՄ Էփլիքեյշն» ընկերությանը՝ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: Կառավարության տրամադրած միջոցներով շենք է կառուցվել, շենքի ներքին, արտաքին հարդարանքն է արվել, ինչպես նաև հոգացել են կենտրոնի պահպանման ծախսերը:

Պետական գույքի կառավարման կոմիտեի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ բելգիական վարկի գումարով 2013-2015 թվականներին ներմուծվել են ցիկլոտրոնի սարքավորումները: Այսինքն 2015 թ.-ին արդեն սարքերը ներմուծված են եղել, իսկ 2012 թ.-ին մեկնարկած շինարարությունն ավարտական փուլ է մտել 2015 թ.-ին: Փաստացի կենտրոնը կանգուն է եղել առնվազն 4 տարի:

Այդ ընթացքում ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն իրականացրել է Էկոնոմիկայի նախարարությանը, հետագայում Առողջապահության նախարարությունը և վերջում այն փոխանցվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին, որպեսզի մասնավորեցվի: ՀՀ հաշվեքննիչ պալատն էլ 2018 թ.-ին ծրագրել էր ստուգումներ իրականացնել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի շինարարական աշխատանքների վերաբերյալ, սակայն հաշվեքննությունը կասեցվել էր: Պալատի նախագահ Լևոն Յոլյանը հայտարարել էր, որ պետական կառույցները շինարարական պայմանագրերը իրենց չեն տրամադրել: Մինչդեռ Պետական գույքի կառավարման կոմիտեն «Հետք»-ին առաջարկել է պայմանագրերին ծանոթանալ ՓԲԸ-ում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ այս տարվա մարտ ամսին քննարկվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի պետական բաժնեմասերի արդյունավետ կառավարման հարցը: Այդ հարցով նաև աշխատանքային խումբ է ստեղծվել: Փոխվարչապետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեզ հայտնել է, որ աշխատանքային խումբն ընդամենը 1 քննարկում է ունեցել: Որոշվել է, որ ՓԲԸ-ի ցիկլոտրոնը կթողարկի Ֆիզիկայի ինստիտուտը: Ինստիտուտի տնօրեն Անի Ապրահամյանն աշխատանքային խմբին հայտնել է, որ ցիկլոտրոնի գործարկումը բարեհաջող է անցել, և հունիսի 12-ին հաջողվել է ստանալ ցիկլոտրոնի առաջին փունջը:

«Հուլիսի 3-ին հաջողվել է ստանալ 18 F (ֆլյուոր): Սա աշխարհի կարևոր բժշկական իզոտոպներից է, և այն թույլ է տալիս պոզիտրոնային էմիսսիոն տոմոգրաֆիա (PET) կիրառմամբ ախտորոշել քաղցկեղ: PET-ն ավելի արդյունավետ է քաղցկեղի հայտնաբերման տեսանկյունից, քան համակարգչային տոմոգրաֆիան (MRI): 18 F-ի քանակությունը մեկ օրում 2 ժամվա գործարկման արդյունքում կազմել է 8 Curie (կյուրի): Այն բավարար է միջինը 80 կգ քաշով ավելի քան 600 հիվանդների դիագնոստիկա անելու համար»,- ասված է փոխվարչապետի մամուլի քարտուղարի պատասխանում:

Անի Ապրահամյանի և Ներսես Երիցյանի մղումները

Ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ներկայում ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ռուբեն Մկրտչյանը կարծում է, որ տեխնիկական տեսանկյունից որևէ բան չէր խանգարում, որ ցիկլոտրոնը գործարկվել 3-4 տարի առաջ: «Դա տեղի է ունենում մի զանգով: Դիմում են բելգիական ընկերությանը, և նրանք գալիս ու թողարկում են, ոչ մի հարց չկա, ցանկության հարց է։ Դա մտնում էր իրենց պարտականությունների մեջ, որի վճարը պարունակվում էր վարկում, և պետք չէր ինստիտուտի միջոցները ծախսել»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մկրտչյանը: Հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա թողարկվեց, նա պատասխանեց. «Դա միայն և միայն վերագրում եմ Ներսես Երիցյանի և Անի Ապրահամյանի սեփական շահերին, որոնք գիտության, բժշկության, ինստիտուտի, ընդհանրապես ոչ մի կարևոր բանի հետ կապ չունեն: Ներսես Երիցյանը ուզում է, որ իր մեղքերն ինչ-որ ձևով քավի, վախենում է, որ կարող է պատասխանատվության ենթարկվի, իսկ Անի Ապրահամյանը եկել է այստեղ ուղղակի փառք ստանալու: Այդ թողարկումը տեղի ունեցավ Ֆիզիկայի ինստիտուտի փողերով, ինչո՞ւ պետք է ինստիտուտն իր հետ իրավաբանական կապ չունեցող կառույցի համար փող ծախսի: Պետությունը չէր ուզում դա անել, քանի որ առողջապահության նախարարները գիտեին, որ դա էֆեկտիվ չէ»:

Ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրենը բացատրում է, որ ցիկլոտրոնի գործարկումը գործի ամենահեշտ մասն էր: Ըստ նրա՝ մինչև ցիկլոտրոնի թողարկումը պետք էր վերապատրաստվեին տոմոգրաֆները, բժիշկներն ու բուժքույրերը: «Ցիկլոտրոնի գործարկումից հետո նա կարող է մեծ քանակի չափաբաժին արագ արտադրել, որոնք կորչելու են, քանի որ դրանց կյանքը կարճ է: Համաձայն ձեր ստացած փաստաթղթերի, ցիկլոտրոնը կարճ ժամանակում (երկու ժամում)  600 հիվանդի համար դոզա պատրաստեց: Քանի որ 18F-ն ունի 2 ժամ կիսատրոհման ժամանակ, ապա իզոտոպների կենտրոնի միակ սարքավորումով չէին կարող դա օգտագործել: Մոտ 20 դոզա եթե օգտագործեն, լավ է, այս PET-տոմոգրաֆով: Որպեսզի էֆեկտիվ լինի աշխատանքը, պետք է զգալի քանակի հիվանդանոցներում ունենալ PET-տոմոգրաֆներ, հիվանդներ լինեն, որոնք կանցնեն հետազոտությունը: Տեսականորեն կարելի է անել, բայց արդյո՞ք կա վճարունակ պահանջարկ: Դժվար է պատկերացնել, որ 1 օրում 600 հիվանդ յուրաքնաչյուրը վճարի 1000 դոլար և անցնի այդ հետազոտությունը: Այսինքն, սկզբնական հաշվարկները շատ թերի էին: Իր արտադրողականությունը շատ ավելի մեծ է, քան կարող ենք մենք օգտագործել»,- նկատում է ինստիտուտի նախկին տնօրենը:

Հարցին, թե Կառավարությունում տեղյակ չե՞ն, որ հիմնավոր հաշվարկ չկա ցիկլոտրոնի հետագա գործունեության վերաբերյալ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հարցը մեկ անգամ քննարկվել է նախորդ տարի, երբ վարչապետը հանձնարարականներ տվեց խնդիրը պարզաբանելու համար, բայց որևէ տեղեկություն չեղավ: Հիմա ինչ ենք տեսնում.  Առողջապահության նախարարությունն իրեն հեռու է պահում այդ խնդիրներից, նախարարի պատասխանից երևաց, որ ինքը տեսավ, որ դա տնտեսապես և ըստ էության էֆեկտիվ ծրագիր չէ և իրեն առանձնացրեց այդ ծրագրից: Փաշինյանն ինձ թվում է՝ նախօրոք չէր խոսել առողջապահության նախարարի հետ, թե չէ դժվար այդպես ուրախ-ուրախ հայտներ դա: Իմ մոտ հարցեր կան Ավինյանին, որովհետև ինքն աշխատանքային խմբի ղեկավարն էր, պետք է խոսեր Թորոսյանի հետ և հասկանար, որ պետք չի էյֆորիայի մեջ մտնել: Իմ տպավորությամբ՝ իրենք հասկանում են, որ մեղքը նախորդ կառավարություններին է, բայց ստիպված են հիմա իրենք գտնել խնդրի լուծումը»: Ռուբեն Մկրտչյանը, դիմելով Կառավարության անդամներին, խնդրում է, որ ցիկլոտրոնի հետագա կառավարումը չփոխանցեն Ֆիզիկայի ինստիտուտին, որպեսզի ինստիտուտի՝ առանց այն էլ սուղ միջոցները չուղղվեն այդ ցիկլոտրոնի վրա:

Մենք գրավոր հարցմամբ Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Անի Ապրահամյանին խնդրել ենք տեղեկություններ տրամադրել, թե ինստիտուտի ֆինանսական միջոցներից որքան գումար է հատկացվել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: «Ֆիզիկայի ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ներսես Երիցյանից էլ խնդրել էինք տրամադրել խորհրդի որոշումները, սակայն նա տեղեկություն տրամադրելու համար 550 հազար դրամ գումար էր պահանջել: «Հետք»-ն արդեն դիմել է դատարան, որպեսզի դատարանը պարտավորեցնի Երիցյանին հայցվող տեղեկատվությունը տրամադրել:

Առողջապահության նախարարը ոգևորված չէ

Մինչ Կառավարության հայտնի նիստի քննարկումը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առիթ ունեցել է իր կարծիքն ասել ցիկլոտրոնի վերաբերյալ: «Հայաստանի առողջապահական համակարգի հզորացմանը` համագործակցելով Սփյուռքի հետ» միջոցառման ժամանակ Արսեն Թորոսյանը հուլիս 3-ին խոսել է իր մոտեցումների մասին: «Մի հատ պարզ հաշվարկ կարելի է անել, օրինակ, մի հատ PET (պոզիտորոնային Էմիսսիոն տոմոգրադիա) CT-ի (համակարգչային տոմոգրաֆիա),  ինչը պետք է, իհարկե, որովհետև մարդիկ դա ստանում են Թիֆլիսում, Հայաստանից գնում են Թբիլիսի՝ ստանալու, մի հատ PET CT-ի սկանի վրա ծախսած փողով, որը շատ կաևոր է ինդիվիդուալ պացիենտի բուժման պլանը կազմելու և այլնի համար, քանի կյանք կարելի է փրկել՝ ի սկզբանե կանխարգելելով հիվանդությունները: Եթե այդ թվերը 1 հազարի դիմաց է կամ մեկը հարյուրի, ինձ թվում է՝ ընտրությունը շատ պարզ է»,- հայտարարել է Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ եթե այսօր այդ տոմոգրաֆներն արտադրելու որոշումը կայացնելու հարցը առաջ քաշվեր, ապա այնպիսի որոշում չէր կայացվի, ինչպիսին 10 տարի առաջ է կայացվել (տեսանյութում Թորոսյանի խոսքը՝ 05:20-րդ րոպեից):

Bookimed.com կայքում ներկայացված են միջազգային լավագույն բժշկական հաստատությունների կողմից առաջարկվող հետազոտությունների գները՝ այդ թվում պոզիտրոնային էմիսսիոն տոմոգրաֆիայի: Օրինակ՝ Հնդկաստանում այդ ախտորոշումը կարելի է ստանալ 480 ԱՄՆ դոլարով, Անկարայում՝ 620 դոլարով, Ստամբուլում՝ 700 դոլարով և այդպես շարունակ: Թբիլիսիի «Aversi Clinic»-ում հետազոտությունն արժե 1300 ԱՄՆ դոլար: Մոսկվայի կլինիկաներում հետազոտության գինը 59 900 ռուբլու (420 հազար դրամ) սահմաններում է: Այսինքն՝ այդ հետազոտություններն այդքան էլ մատչելի չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter