
Սերգեյ Լավրով. «Լեռնային Ղարաբաղում վարձկանների թիվը մոտենում է 2000-ի»
Ռուսաստանը կոչ է անում արտաքին դերակատարներին կիրառել իրենց հնարավորությունները՝ Մերձավոր Արևելքի երկրներից Լեռնային Ղարաբաղ վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվն արդեն մոտենում է 2000-ի։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեզ, իհարկե, անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավումը։ Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին դերակատարներին կիրառել իրենց հնարավորությունները՝ վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է երկու հազարին։ Այս թեման, մասնավորապես, բարձրացվել է Պուտինի կողմից Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հոկտեմբերի 27-ին, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ պարբերաբար տեղի ունեցած հեռախոսազրույցների ժամանակ։ Մենք տարբեր խողովակներով համառորեն շարունակում ենք առաջ տանել մեր դիրքորոշումը»,- «Коммерсант» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Լավրովը։
Ավելի վաղ, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ակտիվորեն տեղափոխվում են Մերձավոր Արևելքի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գրոհայիններ։ Ընդ որում, խոսքը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր արմատական զինյալների մասին էր։
«Ղարաբաղում թեժացող զինված դիմակայությունը մագնիսի պես ձգում է միջազգային տարբեր ահաբեկչական կառույցների զինյալներին։ Մեզ չի կարող չմտահոգել այն, որ Անդրկովկասը կարող է դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր զինադաշտ, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանին և Հայաստանին հարակից պետություններ, այդ թվում՝ Ռուսաստան»,- հայտարարել էր Նարիշկինը:
Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները, որոնք կկանխարգելեն Ռուսաստանում հնարավոր բոլոր բախումները հայերի և ադրբեջանցիների միջև։ Նա նշել է, որ Ռուսաստանի խնդիրը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական միջնորդ կողմ, օգնել Հայաստանին և Ադրբեջանին դուրս գալ հակամարտության թեժ փուլից և գտնել խաղաղ տարբերակ հակասությունների կարգավորման համար։
Լուսանկարը՝ Abdulhamid Hoşbaş/Anadolu Agency
Մեկնաբանել