HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իր առաջարկություններով Իրանը ցույց է տալիս, որ տարածաշրջանում հնարավոր չէ որեւէ խնդիր լուծել՝ հաշվի չառնելով իր շահերը»

Հարցազրույց իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ

-Տիկին Իսկանդարյան, պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ մշակել է պլան, որով կարող է վերջ դնել տասնայմակներ շարունակվող Ղարաբաղյան հակամարտությանը։ Ձեր կարծիքով՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ հետաքրքրություններ է հետապնդում Իրանը՝ հաշվի առնելով, որ Ղարաբաղյան առաջին պատերազմում այդ երկիրը կրկին հանդես էր եկել միջնորդական առաքելությամբ, որը, սակայն, հաջողություն չէր ունեցել։

-Նախ նշեմ, որ Իրանի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջին միջնորդությունը բավական հաջող էր։ Դրա շնորհիվ եռօրյա զինադադար էր տեղի ունեցել, որի ժամանակ տեղի էր ունեցել աճյունների, վիրավորների, գերիների փոխանակում։ Այլ հարց է, որ հետագա բանակցային աշխատանքները տապալվեցին: Սակայն, այնուամենայնիվ, առաջին փորձը հաջողվել էր:

Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, թե ինչ է հետապնդում Իրանը: Պատերազմական գործողությունների առաջին օրերից Թեհրանը նշել է, թե ինչ-որ ծրագիր ունի, որը ցանկանում է բոլոր կողմերին ներկայացնել, քանի որ դա բխում է բոլորի շահերից, եւ հնարավոր է, որ այն խաղաղություն բերի տարածաշրջանին: Այնուհետ տեսանք, որ այս առաջարկով Իրանի փոխարտգործնախարարը ժամանեց Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, այնուհետ Թուրքիա: Տեսանք նաեւ, որ Հայաստանն ու Ադրբեջանը նշեցին, որ շատ բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերը, սակայն գտնում են, որ Մինսկի խմբի համանախագահներին է տրված այդ խնդրի լուծման կատարումը: Անդրադառնալով Հայաստանին՝ պետք է նշեմ, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շատ հստակ ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը։ Նա նշել է, որ մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահողների հետ, եւ ճիշտ կլինի չփոխել ձեւաչափը:

Իսկ հարցին, թե ի՞նչ է ուզում Իրանը, իրականում Իրանը տեսնում է, որ Թուրքիան ակտիվացրել է իր քաղաքականությունը Կովկասում եւ հատկապես ռազմական միջամտության ձեւաչափով: Որպես տարածաշրջանի մեկ այլ հզոր երկիր՝ Իրանը փորձում է տարածաշրջանից դուրս չմնալ։ Եվ այս տեսակի առաջարկություններով ցույց է տալիս, որ ինքը տարածաշրջանում է, եւ հնարավոր չէ որեւէ խնդիր լուծել՝ հաշվի չառնելով ԻԻՀ-ի շահերը:

-Իրանն, ըստ էության, Թուրքիայի պես ցանկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոխել, չնայած, ի տարբերություն Թուրքիայի, այդ խմբի անդամ էլ չէ։ Ռուսաստան-Թուրքիա-Իրան առանցք ձեւավորելու փորձով արդյոք Իրանը նպատակ ունի հետ չմնալ այս տարածաշրջանում Թուրքիայի նկրտումներից։

-Կարծում եմ՝ Իրանը ոչ այնքան ցանկանում է ԵԱՀԿ Մինսկի խումբը ձեւափոխել, այլ որքան տեսնելով Թուրքիայի ներգրավվածությունը տարածաշրջանային այս խնդրի մեջ՝ չի ցանկանում հետ մնալ եւ դիվանագիտական ճանապարհով փորձում է ապահովել իր դիրքերն այստեղ: Այսինքն՝ եթե ինչ-որ կերպ Թուրքիան, այնուամենայնիվ, կարողանա դառնալ բանակցող կողմերից մեկը, ԻԻՀ-ն եւս ցանկանում է իր տեղն ունենալ այս նոր ձեւաչափում։

Սակայն Հայաստանը շատ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը։ Համաձայն դրա՝ այս խնդրի հետ կապված քննարկումը միայն ու միայն պետք է լինի Մինսկի խմբի համանախագահողների միջոցով։ Որտեղ Թուրքիան կլինի, բացարձակապես չի բխելու մեր շահերից։ Մենք բացարձակապես չենք համաձայնելու, քանի որ տեսնում ենք Թուրքիայի բացարձակ միակողմանիությունը Ադրբեջանի հարցում:

-Քիչ առաջ Իրանի հոգեւոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Ղարաբաղի պատերազմը պետք է ավարտվի, ինչի համար գլխավոր պայմաններից մեկը համարել է Հայաստանի կողմից «գրավված տարածքների վերադարձը, իսկ Ադրբեջանի կողմից էլ այնտեղ ապրող հայերի անվտանգության երաշխավոր լինելը»:

-Հոգեւոր առաջնորդի ասածը նորություն չէ: 1990-ականներին շատ ավելի խիստ կոչեր են հնչել: Ի տարբերություն 1993-1994 թթ․՝ այսօրվա ելույթը, ըստ իս, մի փոքր ավելի մեղմ էր։ Այն ժամանակ խոսում էին նաեւ «իսլամական հողերի», «բռնաճնշված մուսուլմանների» մասին։ Այսօրվա ելույթում Խամենեին անդրադարձել է հայերի անվտանգության ապահովման կարեւորությանը եւ, որ կարեւոր է, նաեւ ահաբեկիչների գործունեության անթույլատրելիությանը։

-Թշնամին թիրախավորեց նաեւ հայ-իրանական սահմանի սահմանապահ ուղեկալը, ինչի հետեւանքով եղան վիրավորներ։ Սա, թերեւս, նշանակում է, որ Հայաստան-Իրան սահմանը նույնպես թիրախում է։ Ի՞նչ գործողություններ կարելի է ակնկալել Իրանից այս համատեքստում։

-Այո, թիրախավորումներ եղել են: Եղել են թե՛ Իրանի օդային սահմանի խախտման փորձեր, թե՛ ցամաքային սահմանին են փորձել մոտենալ ահաբեկչական խմբերը: Օդային սահմանը խախտելու պարագայում 3 ԱԹՍ է խոցվել Իրանի ՀՕՊ-ի կողմից: Իրանի նախագահը բազմիցս նշել է, որ կոչնչացնեն բոլոր ահաբեկչական խմբերին, որոնք կմոտենան ԻԻՀ-ի սահմաններին։ Դրանից բացի՝ տեսնում ենք, որ ԻԻՀ-ն բավական ուժեղացրել է հյուսիսային ամբողջ սահմանը՝ տեղադրելով ծանր տեխնիկա, երկու անգամ զորավարժություններ են իրականացրել, եւ այս պահին էլ օդային զորախաղեր են ընթանում օ դուժի մասնակցությամբ։

Սա միանշանակ մեսիջ է ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Թուրքիային, որ եթե համարձակվեն Իրանի եւ Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններ անել, իրենք միանշանակ արձագանքելու են: Եվ այս միտքը կարող եմ ամրագրել նաեւ ԻԻՀ-ի ղեկավարության խոսքերով։ Այդտեղ հստակ նշվել է, որ չեն հանդուրժելու տարածաշրջանում որեւէ տարածքային ամբողջականության փոփոխություն։ Խոսքը վերաբերում է հենց Իրան-Հայաստան սահմանին: Դա պատասխան է բոլոր այն խոսակցություններին, որ Ադրբեջանը նպատակ ունի ոտնձգություններ կատարել Մեղրու նկատմամբ: Այսինքն՝ սա կարմիր գիծ է, ինչի մասին Իրանում բազմիցս նշել են:

-Իրանի հյուսիսային շրջաններում մեծաթիվ էթնիկ ադրբեջանցիների գործոնը կարո՞ղ է զսպող կամ ճնշող դեր կատարել ԻԻՀ-ի ա յդ դիրքորոշման վրա:

-Անշուշտ, Իրանը չի կարող ուշադրություն չդարձնել հյուսիսում բնակվող թյուրքախոս իրանցիների պահանջներին։ Ըստ առկա տեղեկատվության՝ Իրանում բնակվում է 25-30 մլն թյուրքախոս իրանցի։ Ի թիվս մի շարք այլ գործոնների՝ այս մեկը եւս ստիպում է, որ Իրանը ավելի զուսպ եւ հավասարակշռված քաղաքականություն վարի Ղարաբաղյան խնդրի կապակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter