HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ռուստամ Բադասյանը չի բացառում, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն` վարձկաններին ֆինանսավորելու համար

Սիրիացի վարձկանների ցուցմունքներից բացի կան երեք պետությունների ղեկավարների կամ արտգործնախարարների հայտարարություններ` հակամարտության գոտում սիրիացի վարձկանների ներգրավվածությունը փաստող, ինչը տարբեր հետևանքներ կարող է առաջացնել, ընդհուպ մինչև վարձկաններին ֆինանսավորող պետության նկատմամբ պատժամիջոցների կիրառում: Այսպիսի կարծիք հայտնեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակը սիրիացի երկու վարձկանի գերեվարման մասին է հայտնել:

«Բազմաթիվ կոնվենցիաներով նախատեսվում են որոշակի ընթացակարգեր․ այն պետությունները, որոնք ներգրավված կլինեն ահաբեկչության ֆինանսավորման հարցում, բնականաբար ունեն պարտականություններ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի շրջանակներում ֆինանսական թափանցիկության, նման երևույթների բացահայտման, հետաքննության, հաշիվների սառեցման: Եթե հանկարծ պարզվի, չնայած կարծում եմ արդեն պարզվել է, ունենալով նման պարտականություններ պայքարելու ահաբեկչության ֆիանսավորման դեմ, մի բան էլ ինքն է զինել վարձկաններին ու տեղափոխել հակամարտության գոտի, բազմաթիվ լուրջ հետևանքներ կարող է առաջացնել»,- ասաց նախարարը:

Բադասյանի խոսքով` Կառավարությունում բոլոր իրավական հնարավոր պրոցեսները բավական մանրամասն քննարկվում են:

Հարցին` կալանավորված անձինք ցանկության դեպքում կարող են մեկնել առաջնագիծ, Ռուստամ Բադասյանն արձագանքեց` կալանքի ռեժիմի փոփոխության պարագայում նրանք կարող են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, սակայն հիշեցրեց, որ կալանքի փոփոխության միջնորդություն ներկայացնելը գլխավոր դատախազության տիրույթում է: Իսկ թե ինչպիսին է արդարադատության նախարարության վերաբերմունքն այս հարցի վերաբերյալ, նախարարն ասաց.

«Մենք կողմ ենք ցանկացած անձի ազնիվ մղմանը, եթե արդյունավետ կլինի հայրենիքի պաշտպանության հարցում»:

Դիտարկմանը, թե արդյոք ռազմական դրությունը չի կարող պատճառ դառնալ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ օրենսդրությունն արագ գործի` միջոցներ ուղղելով բանակին, Ռուստամ Բադասյանը հիշեցրեց, որ ստորաբաժանումը ձևավորվել է գլխավոր դատախազությունում, և որոշակի աշխատանքներ է տանում, սակայն այդ ամենը հապշտապ աշխատանք չէ: Բադասյանի վստահեցմամբ` ինքը հանրության հետ խոսելիս միշտ անկեղծ է եղել և նախագծի քննարկմանն ասել է` երբ է պետք ակնկալել պրոցեսի մեկնարկ: Ըստ նախարարի`առաջին հայցը կարող է լինել 2021 թվականին:

«Դա ինքնանպատակ չէ։ Մենք որքան էլ ցանկանանք արագացնել պրոցեսը, որոշակի իրավական ընթացակարգեր կան, դատարանին հիմնավոր ապացույցներ պետք է ներկայացվեն»,- եզրափակեց նախարարը:

Հիշեցնենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն ուժի մեջ է մտել այս տարի` խորհրդարանի կողմից ապրիլի 16-ին երկրորդ ընթերցմամբ ընդունելուց հետո:

Օրենքը հնարավորություն է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը օրինական եկամտի աղբյուրներով չի հիմնավորվում: Նման գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը պատասխանող կողմը կարող է հերքել՝ գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցների ներկայացմամբ: Նշենք նաև, որ այս նախագիծը քրեաիրավական միջոց չէ, այլ` քաղաքացիական հայց ներկայացնելու ինստիտուտ: Գույքի արժեքի նվազագույն շեմը 50 միլիոն դրամ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter