
Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ապօրինի տիրացել են հայ ռազմագերիների սոցիալական էջերին
Ատելության խոսքը Ադրբեջանում հայտնվում է փակ շղթայի մեջ, որովհետև սկսվում է քաղաքական գործիչներով և ավարտվում մշակութային, սպորտային գործիչներով, մտավորականներով: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ու մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում նման տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը:
«Ակնհայտ է, որ փակ շղթայի մեջ է մտնում ադրբեջանական հասարակությունը, և ատելության ցանկացած խոսք արժանանում է մեծ հրճվանքի: Մենք բացահայտել ենք սոցիալական խմբեր, որտեղ խրախճանք է կազմակեպվում, տարբեր քվեարկություններ են արվում` ատելութուն բորբոքելու լրացուցիչ նկատառումով»,-ասաց Թաթոյանը:
Հայաստանի ՄԻՊ գրասենյակի բացահայտումների համաձայն` Ադրբեջանի զինված ուժերից մուտք են գործում հայ ռազմագերիների սոցիալական էջեր:
«Ապօրինի տիրացել են գաղտնաբառերին, և այդ էջերը սկսել կառավարել: Մեկ էլ տեսնում ես` հայ զինծառայողների սոցիալական էջերում ինչ-որ պահից սկսած ակնհայտորեն գովերգվում է Ադրբեջանի զինված ուժերը, քննադատվում Հայաստանի զինված ուժերը, ներքին թշնամանքը հրահրող նյութեր են տարածվում: Մեր ուսումնասիրությունները վեր են հանել, որ այդ էջերը կառավարվում են Ադրբեջանից»,- ասաց օմբուդսմենը:
Թաթոյանի խոսքով` շատանում են այն տեսանյութերը, որոնք դաժանություններ, բռնություններ են պարունակում, և դրանք ուղարկվում են հայկական օգտատերերի: Ըստ ՄԻՊ-ի` այն ակնհայտ կազմակերպված բնույթ է կրում, ինչի օրինակն էր Հադրութի երկու քաղաքացիների դաժան սպանությունն ու տեսանյութերը, որոնք Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունից հետո հեռացվել են:
«Այս ամենը նպատակ ունի բարոյահոգեբանական ոլորտում թվացյալ առավելություններ ստանալ: Սրանք պատերազմական հանցագործություններ են, այդ թվում մեր ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը, որ ստիպում են ինչ-որ բառեր արտաբերել։ Այդ ամենը արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք է»,-ասաց Մարդու իրավունքները պաշտպանը:
Լուսանկարը՝ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել