
Զոհրաբ Մնացականյան. «Ես չգիտեմ ինչ էին մտածում Բաքվում, երբ ներքաշում էին զինյալներին այս պատերազմի մեջ»
Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Արտաքին գերատեսչության բյուջեն այսօր՝ նոյեմբերի 5-ին ներկայացրեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը հիշեցրեց, որ Ֆրանսիան «Գորշ գայլեր» կազմակերպությունն ահաբեկչական է ճանաչել` արգելելով վերջինիս գործունեությունն իր տարածքում: Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանը չի պատրաստվում նման կազմակերպություններն ահաբեկչական ճանաչել: Նախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց` հարցն արդիական է այն առումով, որ այսօր Արցախն ու Հայաստանը պայքարում են փաստացի երեք թշնամու դեմ` Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչ զինյալների:
«Ահաբեկիչ զինյալների հայտնվելն այս տարածաշրջանում առավել քան մարտահրավեր է ավելի լայն կոնտեքստում: Ես չգիտեմ՝ ինչ էին մտածում Բաքվում, երբ ներքաշում էին զինյալներին այս պատերազմի մեջ, որովհետև այն վտանգ է և' տարածաշրջանի համար և' տարածաշրջանից դուրս, և' նոր իրողություններ է ի հայտ բերում»,-ասաց Մնացականյանը:
Նախարարի խոսքով` սեպտեմբերի 27-ից ստեղծված իրավիճակն անմիջապես վերաբերում է մեր տարածաշրջանին: Հայաստանի կարևոր գործառույթներից է ավելի թիրախային աշխատանք կազմակերպել այս իրողության դեմ պայքարելու համար:
«Հենց հիմա կառուցված է երկխոսության համակարգ, որ կարողանանք թիրախային ձևով հետապնդել նպատակը, ամենամոտ ժամանակներս ավելի կոնկրետ կկարողանամ խոսել այդ մասին»,-ասաց Մնացականյանը:
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը, դիմելով նախարարին, ասաց, որ իր կարծիքով՝ դիվանագիտության վրա խնայելը նշանակում է հետագայում ավելի շատ ծախսել զենքի վրա: Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք մինչ այժմ դիվանագիտության վրա միջոցներ են խնայվել, և միգուցե ավելի շատ ներդրում ունենալու պարագայում այսօր ավելի շատ դաշնակից ունենայինք:
«Չէի թերագնահատի Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքերը միջազգային հարաբերություններում, և չէի էլ գերագնահատի, որովհետև յուրաքանչյուրը պարզ հասկանում է` ինչպես է ձևավորված աշխարհակարգը: Ինչ վերաբերում է ռեսուրսներին, անկեղծ ասած, մեր քննարկումները եղել են շատ հստակ` ուղղակի գումարը բավարար չէ, ասել, որ մեզ անհրաժեշտ է ավելի շատ գումար, բավարար չէ, եթե համակարգը համապատասխան բարեփոխումների չի ենթարկվում»,-արձագանքեց նախարար Մնացականյանը:
Զոհրաբ Մնացականյանը, սակայն, համաձայնեց` նախկինում Հայաստանի արտաքին գերատեսչության բյուջետային ֆինանսավորումը եղել է շատ խնայողական և Հայաստանի հետ համադրելի երկրների համեմատությամբ` ընդգծված խնայողական: Սակայն գործող կառավարության և հատկապես վարչապետի հստակ դիրքորոշումն է ոչ թե ուղղակի խոսել ֆինանսներից, այլ խոսել ֆինանսներից, որոնք նպատակային են, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորման շրջանակում ինստիտուցիոնալ կարողություններն ամրապնդելու տրամաբանության մեջ են:
«Օրինակ՝ 2019-ին չենք ասել գումարները քիչ են, մենք գիտակցել ենք, որ անհրաժեշտ է ունենալ ընդարձակ քննարկումներ, թե ինչն ինչի համար է, քանի որ գումարները նպատակային են, որ մշակենք իրապես մնայուն ազգային համակարգ, որը կծառայի երկար տարիներ»,-ասաց նախարարը: Արտաքին գերատեսչության ղեկավարը որպես ազգային հայեցակարգի օրինակ մատնանշեց հաջորդ տարվա բյուջեում հատկացվող գումարի ավելացումը դիվանագիտական դպրոցի ծախսերի համար: Նախարարի խոսքով, եթե նախկինում դպրոցի ծախսերն իրականացվել են նաև դոնոր կազմակերպությունների, հատկապես ԵՄ-ի շնորհիվ, այժմ որոշվել է ծախսերն ամբողջությամբ իրականացնել միայն բյուջետային միջոցների հաշվին:
Զոհրաբ Մնակացանյանը չհամաձայնեց պատգամավորի այն դիտարկման հետ, թե բարեկամների պակաս ունենք աշխարհում: Մնացականյանն ընդգծեց` բարեկամների պակաս չունենք, համագործակցում ենք տարբեր հարթակներում և տարբեր ուղղություններով:
«Մենք լրջագույն մարտահրավերներ ունենք մեր առջև, այն ոչ միայն Հայաստանի համար է մարտահրավեր, պարզ լեզվով խոսենք` դա վերաբերում է այն ագրեսիվ քաղաքականությանը, որը վարում է Թուրքիան: Մենք տեսնում էինք այդ ագրեսիվ քաղաքականության սփռումը ամբողջ հարևանությամբ և վտանգը, որ դա տեղափոխվելու է Հարավային Կովկաս: Այդ մարտահրավերը մեզ վերաբերում է անմիջապես և ամենախիստ ձևով, այն մարդկային կյանքեր է խլում, անվտանգության մարտահրավեր է, բայց այն միայն մեզ չի վերաբերում, և այն, ինչ տեղի է ունենում մարտի դաշտում, աշխարհագրական մարտահրավեր է»,-ասաց նախարարը:
Մնացականյանի խոսքով` Հայաստանը շարունակում և շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ` տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար:
Մեկնաբանել