
Ձեթը թանկացել է 16.1%-ով, շաքարավազը` 20.2%-ով. գնաճը հոկտեմբերին
Այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 1.3%:
Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, ըստ խոշորացված ապրանքախմբերի՝ ամենամեծ չափով թանկացել են ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը՝ 9.7%-ով: Միևնույն ժամանակ, կան որոշ ապրանքներ, որոնց գծով գնանկում ունենք, ինչպես կոշիկի ու հագուստի՝ 2.8%-ով:
Ընդհանուր առմամբ, պարենային ապրանքները, որոնց մեջ ներառվում են ինչպես սննդամթերքը, այնպես էլ՝ ծխախոտը, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքը, այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, միջինում թանկացել են 1.5%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 0.6%-ով, իսկ ծառայությունների սակագները բարձրացել են 1.4%-ով:
Պատկերն այլ է, երբ այս խոշորացված ապրանքախմբերը դիտարկում ենք ըստ ներառվող ապրանքների: Քանի որ սպառողական ապրանքների գներն ունեն սեզոնայնություն, հետևաբար առավել նպատակահարմար է նշված ամսվա գները համեմատել ոչ թե նախորդ ամսվա, այլ՝ նախորդ տարվա նույն ամսվա հետ:
Սննդամթերքի գներ
2020 թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.6% գնաճ: Առավել տեսանելի գնաճ կա շաքարավազի և ձեթի՝ արևածաղկի բուսական յուղի ապրանքախմբերում: Իսկ որոշ ապրանքները էժանացել են:
Մասնավորապես.
- Շաքարը և շաքարավազը թանկացել են 20.2%-ով,
- Արևածաղկի բուսական յուղը՝ 16.1%-ով (յուղերի և ճարպերի ապրանքախմբում արձանագրվել է 5.1% գնաճ)
- Կաթնամթերքը, պանիրը և ձուն՝ 1%-ով,
- Ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը՝ 9.7%-ով,
- Միրգը՝ 11.3%-ով,
- Հացաբուլկեղենն ու ձավարեղենը՝ 3.6%-ով:
Միևնույն ժամանակ՝
- Բանջարեղենը միջինում էժանացել է 9.5%-ով,
- Մսամթերքը՝ 1.7%-ով:
Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ավելի վաղ անդրադարձել է շաքարավազի, ալյուրի, ձեթի և կարագի (կարագի և ալյուրի գնային փոփոխությունները ՎԿ-ն առանձին չի ներկայացրել) թանկացմանը: Կառույցը պնդում է, որ թանկացումը պայմանավորված է միջազգային գներով, այսինքն՝ երկրներում, որտեղից ներմուծվում են այդ ապրանքները, թանկացում է գրանցվել:
Ոչ պարենային ապրանքների գներ
Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ: Վիճկոմիտեն արձանագրել է, որ բենզինի գինը նվազել է 14.4% -ով, իսկ դիզելային վառելիքի գինը՝ 20.9%-ով:
Ծառայությունների սակագներ
Մատուցված ծառայությունների ոլորտում սակագները միջինում բարձրացել են 1.4%-ով:
Արտարժույթի շուկա
Հոկտեմբերին հայկական դրամը որոշակիորեն արժեզրկվել է: Մասնավորապես, ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 491.7 դրամ, որը 3.2%-ով բարձր է 2019թ. հոկտեմբերի համապատասխան ցուցանիշից (476.3 դրամ):
Այս տարվա առաջին 10 ամիսների կտրվածքով (հունվար-հոկտեմբերը 2019թ.
հունվար-հոկտեմբերի նկատմամբ) Հայաստանում գնաճը կազմել է 0.9%: Տարվա ընթացքում 12-ամսյա գնաճը չի գերազանցել 1.8%-ը: Մանրամասները կարող եք տեսնել ստորև ներկայացված գրաֆիկում:
Մեկնաբանել